Մանվել՝ որդի Սեկտորի և Էֆենդիի, կամ արդյոք այս ավարի մեջ գտնվե՞լ է Հոկտեմբերի 27-ի տեսաժապավենը

Մանվել՝ որդի Սեկտորի և Էֆենդիի, կամ արդյոք այս ավարի մեջ գտնվե՞լ է Հոկտեմբերի 27-ի տեսաժապավենը
Մանվելի մասին ես առաջին անգամ գրել եմ 1999թ. հոկտեմբերի 27 –ից հետո, ԵԿՄ համագումարից առաջ, որտեղ սպասվում էր Մանվելի՝ ԵԿՄ նախագահ կարգվելը: Գրել էի, որ դա աղետ կլինի ԵԿՄ-ի համար, տարիների ընթացքում կհեղինակազրկի ԵԿՄ-ն, կկորտրի իրական ազատամարտիկների ոգին, որ հազար անգամ առավել ճիշտ կլիներ թույլ մարդու համբավ ունեցող Ալբերտ Բազեյանի նախագահ ընտրվելը, քան արդեն այն ժամանակ արյունարբու թալանչիի համբավ վաստակած Մանվելի: Շատերն էին, կարծեմ, համոզված, որ Վոինը պատահաբար չի ընտրել հենց Մանվելին՝ ուսադիրների աստղերը ավելացնելով, ՊՆ փոխնախարարի աթոռին նստեցնելով՝ նա կոտրեց հասունացած և անխուսափելի թվացող դիմադրության ոգին, թիկունքից հարվածեց թե դեռ վարչապետ, թե պաշտոնաթողությունից հետո Արամ Սարգսյանին: Ինչևէ:



Հետո մի անգամ էլ, հերթական խայառակ պահվածքից հետո, առիթ եղավ Մանվելին անդրադառնալու, իսկ հիմա էլ, հուսամ, վերջին անգամն է: Նախ ասեմ, որ ամենևին զարմացած չեմ ու ցնցված չեմ ԱԱԾ ներկայացրած տեսանյութից: Ամենևին զարմացած ու ցնցված չեմ, որ լենդ-լորդի վերածված Մանվելի առանձնատներում, ամառանոցներում և գարաժներում հայտնաբերվել են զենք-զինամթերք, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին ուղարկված մթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ և մեր հերոս զինվորներին հղված դպրոցական երեխաների՝ այդպես էլ տեղ չհասած նամակները: Ավտոմեքենաների պարկն էլ ինձ վրա տպավորություն չգործեց: Ոչ էլ, այդքանից հետո, խտացրած կաթի և մսի պահածոի հարյուրավոր արկղերը: Պատկերացրեք, որ զուգարանի թղթի և բինտերի վրա էլ չզամացա. ծանր մանկության արձագանքներն են: Անձնական օգտագործման կենդանաբանական այգին էլ անակնկալ չէր՝ կարծեմ, էդ իմաստով բնավ բացառություն չէ. շատերի դղյակներին կից մեծ ու փոքր ՙգազանանոցներ՚ կան: Մանվելակերպների համար առնվազն մի արջ, մի երկու սիրամարգ ունենալը պարտադիր է ինքնահարգանքը բարձր պահելու համար: Իսկապես, ես էդ ամենի վրա չեմ զարմացել, այլ տարիներով Մանվելի սեղանին տեղ գտած, Մանվելի կենացը հոտընկայս խմող, Մանվելին աշխարհի ծերը հասցնող քծնողների հրաժարիմքների: Կարող է՝ պատերազմի տարիներին իր զինվորների նկատմամբ Մանվելի անասնական դաժանության, զոհեր տալուց չխորշելու, կռվին զուգահեռ ալան-քալանով զբաղված լինելու, հետագայում էլ Էջմիածնում աջ ու ձախ թույլ տված նրա ՙռեկետի՚ մասին լուրերը համարել են չափազանցություն, ասեկոսե ու բամբասանք, բայց նրան մոտ կանգնած մարդիկ պարզապես չէին կարող չիմանալ ճշմարտությունը: Այ, նրանց չքմեղանալը և հրաժարիմնքների շքահանդեսը նողկալի է: Մանվելի մասին հերոսական ասքեր հյուսողները իրականում կասկած չունեին, որ խոսքը սովորական անասունի մասին է, բայց քանի Մանվելը ձիու վրա էր, և տղան էլ՝ քաղաքապետ, շատ հարմար ու ձեռնտու էր ձևացնել, թե անկեղծորեն Մանվելին համարում են Ալեքսանդր Մակեդոնացու ուղիղ ժառանգորդը:



Բայց Աստված իրենց հետ. ես դրանց մասին չէի ուզում գրել, այլ, օրինակ, աչքի պոչով Վիկիպեդիայի էջում նկատվածի մասին:



«Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Ոսկե արծիվ», «Սպարապետ Վազգեն Սարգսյան»՝ ահա այսպիսի պարգևներ ունեցող Սեկտորի և Էֆենդիի որդի Մանվել Գրիգորյանը ( գ. Արշալույս, Արմավիրի մարզ, Հայաստան) Վիկիպեդիայում ներկայացված է իբրև ՙհայ ռազմական, քաղաքական գործիչ՚։ 2000-ից՝  գեներալ-լեյտենանտ, 2000-2008 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1999 թ.-ից՝ ԵԿ Մ վարչության նախագահ : «Արցախի հերոս» (2000 թ.)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012 թ.-ից)։ Թեև ՙկրթություն՚ հատվածում ծանրումեծ գրված է, որ ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացները (1996 թ.), որ թունդ տարիներին համ գրեթե մենակ Արցախն է ազատագրել, համ էլ ընդունվել է Ստեփանակերտի համալսարան, ապա ավարտել արդեն Երևանի պետական համալսարանը (1998 թ.), բայց բոլորը գիտեն, որ  Մանվել Սեկտորովիչը 4-ամյա կրթություն ունի:



Իսկ Սեկտորովիչի մասին հոդվածի այս հատվածը ուղղակի ամոթ է, այն դեպքում, երբ անգամ իրենց ՙզորավար Մանվելի՚ գաղափարակից-զինակից-հոգեկից-սեղանակից-բաժակակից համարողները հաշված ժամերի ընթացքում հրաժարվեցին իրենց հոգևոր գուրույից , Վիկիպեդիան մնացել է հայտնի կենդանու ականջում քնած: Խնդրեմ. ՙՄանվել Գրիգորյանի հեղինակությունն ու կազմակերպական ջիղը ահռելի նշանակություն ունեցան 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին; Մանվել Գրիգորյանի կոչով հազարավոր երկրապահ կամավորականներ հաշված ժամերի ընթացքում հայտնվեցին առաջնագծում, համալրեցին ջոկերի, դասակների, վաշտերի կազմն ու հնարավորություն տվեցին փակել հենակետերում բոլոր բացերը: Թերևս այդ պատճառով ադրբեջանական կողմի առաջխաղացման հետագա պլանները ձախողվեցին՚:



Վերջում, իհարկե, ավելացրել են ձերբակալության մասին տեղեկությունը: Բայց գոնե ապրիլյան քառօրյայի մասին հատվածը անհրաժեշտ էր վերախմբագրել:



Այնուամենայնիվ, ես որքան նողկանք զգացի Մանվելի նոր կերպարի բացահայտման առթիվ իրենց դրսևորողների անմեղսունակ պահվածքից, նույնքան էլ զարմացած ու ցնցված էի մեկ ուրիշ փաստից: Նախ՝ որ Մանվելը դեռ չէր հասել տեղը-տեղին, լայնաձակ բունկեր ունեալու գաղափարին: Եվ հաջորդը՝ նկատեցիք, չէ՞, որ Մանվելը ստրուկներ և ստրկուհիներ, գերիներ և գերուհիներ չի պահել: Ինչպիսի՛ բարություն: Չէ՞ որ կարող էր: Չկասկածեք՝ կամավորներ էլ կլինեին:



Մանվելի այս խայտառակ մերկացումը, սակայն, ոչ մի դեպքում չպետք է դառնա պատրվակ՝ Երկրապահի վրա քար գցելու, Երկրապահի փակման մասին խոսակցություններ հրապարակ նետելու համար: Մի շատ պարզ պատճառով. Մանվել Գրիգորյանը ոչ թե հերոս էր, որ հետո վարկաբեկեց իրեն և դարձավ հակահերոս, այլ ի սկզբանե ունեցել է հանցագործ բնույթ, և նրա ներդրումը Արցախյան ազատամարտում դեռ պետք է վերագնահատվի: Այսինքն՝ իրականում նրան պետք չէ նույնացնել ԵԿՄ –ի հետ, ԵԿՄ –ն նա չի ստեղծել, այլ Վազգեն Սարգսյանը՝ ժամանակի հրամայանակով: Պետք է ԵԿՄ –ին թույլ տալ, որ վերադառա իր մաքուր սկզբին և այն գաղափարներին, որ Վազգեն Սարգսյանն էր դրել դրա հիմքում: ԵԿՄ-ն պետք է ոչ թե լուծարվի, ինչպես երազում են դրա հետևանքները գիտակցող կամ չգիտակցող ոմանք, այլ պետք է համագումար հրավիրի և փորձի նոր էջից շարունակվել: Շատ վետերանների համար այն միակ վայրն է, ուր կարող են ըմբռնում գտնել և գոնե հանդիպել մարտական ընկերներին: Այլևս չխոսելով մնացածի մասին: Մշտապես պատերազմի վերսկսման վտանգի եջ ապրող մեր երկիրը մի հակահերոսի պատճառով ազատամարտիկների հետ չպետք է անարդար վարվի: Որքան էլ դժվար ու տհաճ է, բայց պետք է խոստովանել, որ Մանվելը Վազգեն Սարգսյանի սխալներից է: Վազգենի պատկերացմամբ՝ Մանվելը ժողովրդի ծոցից դուրս եկած հերոս էր, պարզ ու հասարակ մեկը: Ասենք, այն ժամանակ Մանվելը հենց այդպես էլ իրեն պահում էր, այդ Վազգենից հետո էր, որ իր ամբողջ ՙհմայքով՚ դրսևորվելու ազատություն ստացավ:



ԵԿՄ –ն չպետք է փակվի՝ իմ համեստ կարծիքով: Եվ ԵԿՄ գրասենյակի տարածքում անպայման պետք է մի հուշաքար դնել՝ վերնագրի տեքստով՝ ՄԱՆՎԵԼ՝ ՈՐԴԻ ՍԵԿՏՈՐԻ ԵՎ ԷՖԵՆԴԻԻ



(1956, հուլիսի 14 - 2018 , հունիսի 16 ) 



որպեսզի այս պատմությունը երբևէ չկրկնվի:



Այս պատմության մեջ խտացրած կաթի, մսի պահածոյի, ավտոմեքենաների և զենքի լայն տեսականուց, փողից և մինչև անգամ երեխաների հուզիչ նամակների հետ այդքան ստորաբար վարելու փաստից առավել մի կարևոր բան կա, որ չի կարող չհետաքրքրել քիչ թե շատ տեղյակ մարդկանց. արդյոք այդ ամենի հետ միասին գտնվել է նաև 1999 թ. հոկտեմբերի 27-ի տեսաժապավենը, որն էլ իրականում Մանվելի այս խայտառակ հարստանալու, հղփանալու, ԱԺ-ում հայտնվելու և ընդհանրապես նրա կյանքի հզոր երաշխիքն էր: Անձամբ ինձ ամենաշատը հետաքրքրում է այդ տեսանյութը: Գտել են, թե ոչ: Ենթադրում եմ, որ պետք է գտած լինեին: Եվ ուրեմն՝ վերջապես եկել է հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու երկար սպասված ժամանակը:



**Կարինե Աշուղյան**