Ընդդեմ կաթողիկոսի

Ընդդեմ կաթողիկոսի
Արդարեւ, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին բարդագույն ժամանակներ բաժին ընկան: Էջմիածնում գուժկանը, կարելի է ասել՝ առաջին պաշտոնական հայտարարությունը հետեւյալն էր․ «Ճիշտ հիմա տեղեկացա, որ պառլամենտում սպանված է մեր հանրապետության վարչապետը, չեմ գիտեր, թե լուրը որքան ճիշտ է եւ ստուգված: Նաեւ ծանր վիրավորված է Ազգային ժողովի նախագահ պարոն Դեմիրճյանը»: Ահա, այս գետնակետից սկսվեց Վեհափառի գահակալությունը. տասնինը տարի՝ պետության ու ժողովրդի համար անկման, արատի, ժողովրդի հարստահարման, դեպի ավտորիտարությունը միտված խիստ ծանր մի շրջափուլ, որն ավարտվեց միայն ժողովրդի իրականացրած թավշյա հեղափոխության արդյունքում:



Գարեգին Բ-ն, այո, Ամենայն հայոց կաթողիկոս էր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության կաթողիկոսը, բայց ո՛չ երբեք ժողովրդի, ո՛չ երբեք համայն հայության: Նրա անկախականությունը, շիտակամտությունն ու ըմբոստությունն ամենավճռական պահերին այդպես էլ երեւան չեկան, որեւէ կերպ չնշմարվեցին: Ոչ մի օր կաթողիկոսը բացեիբաց իշխանության «բերանին չեկավ», ուռճացած պաշտոնյաների ձեռքը չբռնեց, չնախատեց ու զսպության հորդոր չարեց նրանց: Եվ իրոք՝ ի՞նչն էր ետ պահում, ինչի՞ց էր քաշվում ցմահ ընտրված եկեղեցու առաջնորդը, երբ ճակատագիրը հրաշալի հնարավորություն էր ընձեռել՝ լինել ժողովրդի մասնիկը, վայելել այդ ժողովրդի անվերապահ սերը: Թերեւս շատ բան կասեն՝ «պետության շահն էր», «պետություն եւ եկեղեցի ամուր գաղափարաբանության կայուն պահպանումն էր»․ մի տեսակ խարխուլ, անստույգ ու հորինովի մտառություններ են թվում:



Կաթողիկոսն ամեն ինչ էլ տեսնում էր, ամեն ինչ գիտեր, եղելություններն ակներեւ էին՝ երկրում մեկ միլիոն աղքատ մարդ է ապրում, երեք հարյուր հազարը՝ ծայրահեղ աղքատության մեջ, արտագաղթի, արտաքին պարտքի չափերն ահագնանում են, ամենուր, ամեն ոլորտում արդարության խիստ պակաս կա, ամենուր ատելություն է, կասկած, բանադրանք: Պատասխանը լռությունն էր, պատասխանը եկեղեցական, պետական զանազան տոներին ու միջոցառումներին սոսկ հպանցիկ, սոսկ պաշտոնական երեւումներն ու մասնակցումներն էին:



Սրանք դպրոցական հիշեցումների ու ամրագրումների էին նման, որոնք ձայնում էին՝ Հայաստանն Ամենայն հայոց կաթողիկոս ունի, եկեղեցու հայր, գահակալ, որը, ըստ կանոնակարգի, պարտադիր կերպով հայտնվում է դեկտեմբերի 31-ին եւ ամանորյա ուղերձներ հղում: Այլ տեղերում ինչո՞վ էր աչքի ընկնում ու իր մասին հիշատակում Գարեգին Բ-ն․ Համայն Վրաստանի Իլյա Բ պատրիարքի հետ խոսելու ընթացքում շինծու ճարպկություն խաղացնելով՝ իբր թե գործերն առաջ տանելու «վարպետությամբ», որն ավելի շատ «գողական աշխարհին» բնորոշ վարմունք էր՝ դրսեւորված հենց այդ աշխարհին բնորոշ խորշելի լեզվով: Ի սկզբանե Գարեգին Բ-ն մակաճել էր իշխանությունից, այլ ո՛չ ինքն իրենից, ո՛չ եկեղեցուց։ Նրան չհաջողվեց կտրել վաղուց իրեն սպառած այդ պորտալարը, որին հաճությամբ շարունակ սպասարկում էր:



**Արամ ՊԱՉՅԱՆ**