Նոր նախագահն իրեն համարում է ամերիկյան ճարտարապետ

Նոր նախագահն իրեն համարում է ամերիկյան ճարտարապետ
Նախօրեին Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ազատվեց աշխատանքից։ Իսկ երեկ՝ կառավարության արտահերթ նիստում, որոշում ընդունվեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակել **Ավետիք Էլոյանին**։ Ավետիք Էլոյանը 2002 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, այնտեղ աշխատել տարբեր ճարտարապետական ընկերություններում, 2007 թվականին «ՄակԴոնալդ Արքիթեքթ» ընկերությունում կամուրջներ է նախագծել, բնակելի շենքեր եւ առանձնատներ։ Էլոյանը 2015 թվականին Օրեգոն նահանգում բացված Պորտլենդի կամրջի գլխավոր ճարտարապետն է։



Նա 2016-ին հարցազրույց է տվել «Մեդիամաքսին», որտեղ մասնավորապես ասել է․ «Իմ ու մի ամբողջ տաղանդավոր սերնդի աշխատանքային գործունեության սկիզբը համընկավ շինարարության առումով, երեւի թե, Հայաստանի վերջին 100 տարվա ամենավատ ժամանակաշրջանի հետ։ Ինձ համարում եմ ամերիկյան ճարտարապետ, չնայած մասնագիտական ակունքներով ու սրտով շատ խորն եմ կապված Հայաստանին։ Սակայն մասնագիտական առումով ես հասունացա ԱՄՆ-ում։ Մի կողմից դա երբեմն խանգարում է, բայց առավելություններն ավելի շատ են, քանի որ կարողանում եմ այլ կերպ նայել ոլորտի խնդիրներին։ Չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա Հայաստանի եւ ԱՄՆ-ի (կամ որեւէ այլ երկրի) ճարտարապետի աշխատանքի միջեւ»։



Մենք փորձեցինք պարզել՝ ճանաչո՞ւմ են նրան հայաստանյան ճարտարապետները եւ ի՞նչ կարծիքի են։ «Շատ առաքինի տղա է»,- Էլոյանի մասին այսպես արտահայտվեց ճարտարապետ **Հրաչ Պողոսյանը**։ «Շատ ուրախ եմ նշանակման համար, որովհետեւ պարոն Էլոյանի հորն էլ էի ճանաչում՝ հանգուցյալ, եւ պապին՝ Ժան Էլոյանին, եւ Ավիկ Էլոյանին նույնպես շատ լավ եմ ճանաչում, նա ինձ մոտ աշխատել է։ Կարծում եմ՝ նա բավական հասուն է արդեն, որ այս խնդիրները կարողանա լուծել, նա այդքան երիտասարդ չէ, արդեն հասուն ճարտարապետ է»։ Պողոսյանի խոսքով՝ քաղաքաշինության ոլորտում առաջնային խնդիրները բնակեցման եւ երկրի համաչափ զարգացման հարցերն են․ «Խնդիրները մի քանիսն են, եթե խոսքը վերաբերում է Հայաստանին՝ իր ամբողջականությամբ, ամենակարեւոր բանը հիմա բնակեցման խնդիրն է եւ երկրի համաչափ զարգացումը։ Դրա համար պետք է վերանայել նաեւ նախագիծը, որն արված է արդեն, բնակեցման նախագիծ կա այդպիսի։ Ասելիքները շատ են, բայց ես իր հետ կհանդիպեմ, իրեն կասեմ»։