Մեր քաղաքական թիմը պետք է հեղափոխությունը հասցնի իր վերջնական նպատակին

Մեր քաղաքական թիմը պետք է հեղափոխությունը հասցնի իր վերջնական նպատակին
_Հարցազրույց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ._



**- Արարատի նախկին մարզպետները, որոնք հիմնականում 2-ական տարի են ղեկավարել մարզը, յուրաքանչյուրը, գալով մարզպետարան, հեռացնում էր նախորդի կադրերին եւ բերում իր մարդկանց: Դուք ո՞ւմ հետ եք աշխատելու, կբերե՞ք Ձեր նոր թիմը, թե՞ կաշխատեք հների հետ:**



Անշուշտ, ես բերելու եմ իմ նոր թիմը: Պատճառն այն չէ, որ ներկա աշխատակիցները լավը չեն: Ես որեւէ բան չունեմ նրանց դեմ, նրանք բոլորն էլ լավ մարդիկ են: Բայց պետք է հասկանալ, որ քաղաքական թիմը պետք է հեղափոխությունը հասցնի իր վերջնական նպատակին: Ուստի լինելու են փոփոխություններ թե՛ հայեցողական պաշտոններում, թե՛ աշխատակազմում, որպեսզի ես վստահ լինեմ իմ ենթակաների, իմ աշխատողների աշխատանքի վրա եւ հանգիստ զբաղվեմ իմ աշխատանքով, վստահ լինեմ, որ յուրաքանչյուրն իր վրա դրված հանձնարարությունը լիարժեք է կատարում: Լինելով մարզպետ՝ ես տարբերություն չեմ դնելու համայնքների կամ շրջանների միջեւ, թե ես Արարատից եմ, միայն այդ շրջանի խնդիրները լուծեմ: Պետք է իրականացնենք ծրագրեր, որոնք նպաստեն մարզի համաչափ զարգացմանը: Կարեւորելու ենք հեռավոր եւ սահմանամերձ համայնքների խնդիրների լուծումը, որպեսզի մարդիկ չլքեն այդ գյուղերը:



**- Ասում եք՝ պետք է Ձեր քաղաքական թիմը լինի: Հիմա տպավորություն է, թե ներկայիս կառավարությունում պաշտոնները բաժանվում են «կիլոմետրաժով»՝ ովքեր քայլարշավին մասնակցել են եւ ինչ ակտիվությամբ են մասնակցել:**



Չէ, ամենեւին այդպես չէ: Ինձ հետ աշխատանքը չպետք է պայմանավորված լինի «ՔՊ» անդամ կամ քայլարշավի մասնակից լինելով: Ես կաշխատեմ այն մարդկանց հետ, ովքեր իրենց մտավոր ունակություններով, իրենց գաղափարներով ու սկզբունքներով կարող են օգտակար լինել մարզպետարանի աշխատանքներին: Ընդհակառակը, մենք մեր շուրջը պատրաստ ենք համախմբել այն մարդկանց, ովքեր, թեկուզ ինչ-ինչ հանգամանքներում, եղել են այս կամ այն ճամբարում եւ, երկրում եղած իրավիճակից ելնելով, գործել են այլ տրամաբանության շրջանակներում․ նրանք էլ մեր քաղաքացիներն են, մեր ընկերներն են: Ճիշտ է, մեր շարքերում, մեր կողքին չեք տեսնի այնպիսի մարդկանց, ովքեր կրիմինալ անցյալ են ունեցել, հանցաշխարհի հեղինակություններ են: Մեր շարքերում մաքուր, կրթված եւ շնորհալի մարդիկ կարող են լինել:



**- Մի տեսանյութում Դուք ավտոարշավով Արարատից գալիս էիք Երեւան, ոստիկանները շրջափակել էին Ձեր ավտոմեքենան: Եվ Ձեր դեմ էին դուրս եկել նաեւ Արարատի մարզի շատ գյուղապետեր, նրանցից մեկն անգամ Ձեզ մեղադրում էր կաշառված լինելու մեջ՝ ասելով, թե Ձեր գյուղին տրակտոր են տվել, դրա համար էլ գնում եք հանրահավաքի: Այդ մարդկանց հետ ինչպե՞ս եք շարունակելու աշխատել: Մարզպետ նշանակվելուց հետո նրանց հանդիպե՞լ եք:**



Ոչ, չեմ հանդիպել, անգամ այն օրը, որ նախարար Պապիկյանն ինձ ներկայացնում էր մարզի համայնքների ղեկավարներին, նրանք չէին եկել: Ես նրանց դեմքերն էի ուզում տեսնել, բայց չտեսա, գուցե ամաչել էին իրենց քայլերից, դրա համար չէին եկել: Ես ուզում եմ նրանց փոխանցել, որ, անկախ ամեն ինչից, ես բոլորին համարում եմ իմ գործընկերները, իմ արարատցիները: Ես որեւէ անձնական տրամադրվածություն չունեմ որեւէ մեկի հանդեպ: Ես համոզված եմ՝ նրանք այդ օրը կատարել են վերեւից իջեցված հրաման: Այստեղ տուժեցի ոչ թե ես կամ այն տաքսին, որը վնասել էին, այլ տուժեց իրենց վարկանիշը՝ բնակիչների ու հասարակության մոտ: Դեռեւս համայնքի ղեկավար եղած ժամանակ էլ ես փորձել եմ բոլորի հետ լավ գործընկերային հարաբերություն ունենալ՝ անկախ մեր քաղաքական տարբեր հայացքներից: Անգամ իմ ընտրությունից հետո՝ Նոր կյանքի հիմնադրման 70-ամյակի միջոցառմանը հավիրել էի բոլորին: Բայց նրանցից ոչ մեկը չեկավ: Բայց ես էլի միշտ փորձել եմ նորմալ մարդկային հարաբերություն հաստատել բոլորի հետ: Եվ դա լինելու է թե՛ երիտասարդ, թե՛ ավագ համայնքապետերի հետ: Ավագներից կարելի է նաեւ սովորել, գողանալ գիտելիքներ:



**- Ավագներից սովորելուց խոսեցիք: Նիկոլ Փաշինյանից սովորած ամենակարեւոր դասը ո՞րն է:**



Նիկոլ Փաշինյանից շատ բան ենք սովորել: Փաշինյանը բարդ քաղաքական ճանապարհ է անցել, անցել է շատ բաների միջով, եղել է քաղբանտարկյալ, շփվել է տարբեր տիպի մարդկանց հետ ու կարողանում է մարդուն ճանաչել: Կարծում եմ՝ ամենակարեւոր բանը, որ սովորել ենք, մարդուն ճանաչելն է: Միանգամից ոչ ոքի չենք վստահում: «ՔՊ»-ի վարչությունը 13 հոգուց է բաղկացած: Նա սկզբում բոլորիս հետ առանձին-առանձին հանդիպեց, զրուցեց «ՔՊ»-ի փոքրիկ գրասենյակում, որտեղ էլ ստեղծվեց այն կորիզը, որը կանգնած էր հեղափոխական հարթակում: Մենք բազմիցս համոզվել ենք, որ ճիշտ ու վստահելի մարդիկ ենք հավաքված: Բազմիցս եղել են գաղտնի պայմանավորվածություններ, որոնք մնացել են որպես գաղտնիք: Անգամ երբ երկու հոգի են մի բան պայմանավորվում, նրանց միջից դուրս է գալիս ինֆորմացիան, իսկ 13 հոգու մեջ գաղտնիք պահելը եզակի երեւույթ է: Փաշինյանն իր կողքին համախմբել է վստահելի մարդկանց: Այն մարդիկ, ովքեր այսօր կառավարության կազմում են՝ Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Էդվարդը Աղաջանյան եւ էլի մարդիկ, նրանց հետ միասին որոշեցինք իրավիճակ փոխել մեր գյուղում՝ Նոր կյանքում, նրանք մասնակցել են իմ քարոզարշավին, բուկլետներ բաժանել: Եվ դա մեզ հաջողվեց, մենք փոքրիկ հեղափոխություն արինք մի փոքր գյուղում: Դա եղավ հեղափոխական Հայաստանի փոքր մակետը:



**- Հիմա շատ-շատերն են ցանկանում դառնալ «ՔՊ» անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:**



Մեզ համար սկզբունքային հարց է, թե ով է մեր կուսակցական ընկերը: Այո, այսօր շատերն են ցանկանում դառնալ «ՔՊ» անդամ, շատերն ուզում են իրենց համար այստեղ նոր տանիք գտնել՝ նախկին մեթոդներով: Բայց մենք խստապահանջ ենք լինելու: Այնպես չի լինելու, ինչպես եղավ մի գիշերվա մեջ. 7 հազար հոգի գազավիկներ դարձան ՀՀԿ-ական: Եթե այդպես լինի, մեր կուսակցության շարքերը շատ արագ կհամալրվեն հազարավոր մարդկանցով: Բայց մենք չենք գնալու նման քայլի, մենք ֆիլտրելու ենք, կոպիտ ասած՝ մաղելու ենք: Մարդը պետք է անցած լինի մաքուր ճանապարհ, ընտրակաշառքների ու կեղծիքների մեջ թաթախված չլինի: Թե չէ հետո ստիպված ենք լինելու նման մարդկանց հեռացնել կուսակցությունից: Մեզ թվաքանակ պետք չէ, այլ պետք են մաքուր ու վստահելի մարդիկ, որպեսզի մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարողանանք լուծել:



**- Ձեզ վիճակվել է ղեկավարելու ամենադժվար մարզը. այստեղ արմատավորված են քաղաքական ու տնտեսական կլաններ՝ Գրիգորյանների կլանը, Աբրահամյանների, Մասիսում էր նոր կլան ձեւավորվում՝ ի դեմս քաղաքապետի: Դրանք մշտական պայքարի մեջ են իրար հետ եւ տիրապետում են տնտեսական մեծ լծակների: Ինչպե՞ս եք պայքարելու նրանց դեմ, ինչպե՞ս եք աշխատելու նրանց հետ:**



Նախ ասեմ, որ ամեն մարզ իր բարդությունն ունի, եւ մեր մարզը դրանց թվում է: Շատերն են ասում, որ այստեղ կրիմինալ է, կլաններ են: Ես այդպես չեմ մտածում: Այստեղ բոլորն ինձ համար Արարատի մարզի բնակիչներ են՝ իրենց դրական եւ բացասական գծերով հանդերձ, պարզապես ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ մարդկանց շահեր սպասարկելով՝ շեղվել են ճիշտ ուղուց: Իսկ ճիշտ ուղի վերադարձնելու միակ եղանակը օրենքի գերակայությունը հաստատելը եւ օրենքի ուժով նրանց ճիշտ ուղու վրա բերելն է: Արարատում այսուհետ հաստատվելու է մի կլան, որին արդեն ենթարկվելու են Ձեր նշած բոլոր կլանները։ Դա օրենքի կլանն է: Ես անձամբ այդ կլանների հետ բախվելու որեւէ խնդիր չունեմ, նրանց կամ նրանց ընտանիքների հետ հաշիվ մաքելու խնդիր չունեմ, այլ այդ մարդիկ ու իրենց կլաններն են բախվելու օրենքի կլանի հետ: Ես ո՛չ խորշում եմ, ո՛չ էլ վախենում, պարզապես դա իմ խնդիրը չէ: Յուրաքանչյուրս պետք է մեր գործով զբաղվենք: Իսկ ես, որպես մարզպետ, իմ պարտականություններն ու աշխատանքներն ունեմ, որոնք պարտավոր եմ կատարել: Ես մարզում նոր կառավարության ներկայացուցիչն եմ եւ պարտավոր եմ դուրս բերել մեր մարզը հուսահատության փոսից, պետք է արդարացնենք մարդկանց հույսերը: Իսկ օրենքը կանի իր գործը:



**- Ըստ Ձեզ՝ հեղափոխությունն ավարտվե՞լ է, թե՞ շարունակվում է:**



Հեղափոխությունն օդում է, ամենուր է, եւ ես չեմ ցանկանա, որ հեղափոխության մթնոլորտը մարի: Այն առայժմ պետք է ակտուալ լինի, որպեսզի եթե մենք՝ նոր կառավարությունը, փորձի շեղվել իր որդեգրած ուղուց, այն ուղուց, որը վստահել է ժողովուրդը, ժողովուրդն ունենա իր պահեստային գործիքը, որով կարող է մեզ կարգի հրավիրել: Չեմ կարծում, թե դրա կարիքը կլինի, բայց ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի հեղափոխության, մինչեւ օրենքի սահմաններում ամեն ինչ կկարգավորվի, հունի մեջ կընկնի, եւ ամեն մարդ արդեն հանգիստ կզբաղվի իր բուն գործով, իր մասնագիտական գործունեությամբ:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**