Քանի՞ հարցով է եղել, որ նախարարներից որևէ մեկը հակառակ կարծիք է արտահայտել կամ քվեարկել է դեմ

Քանի՞ հարցով է եղել, որ նախարարներից որևէ մեկը հակառակ կարծիք է արտահայտել կամ քվեարկել է դեմ
Երբ Սերժ Սարգսյանը դառնում էր վարչապետ, օրենքում փոփոխություն կատարեցին՝ կառավարության նիստերը դռնփակ դարձնելով։ Սա ընկալվեց որպես հատուկ Սերժ Սարգսյանի համար եւ նրա ցուցումով արված քայլ։ Մամուլի հարցում մի կողմից առերեւույթ դեմոկրատի, մյուս կողմից թաքնված բռնապետի դիրքերից հանդես եկող Սերժ Սարգսյանը, ով նախընտրում էր շփվել միայն իր սիրելի լրատվամիջոցների հետ՝ իր իսկ թելադրած կանոններով, դռնփակ նիստերի շնորհիվ կարողանալու էր զերծ մնալ լրագրողների քննադատությունից։ Մամուլի ազատության ու կառավարության թափանցիկ աշխատանքի տեսանկյունից սա միանշանակ հետքայլ էր, որը ոչ մի կերպ չէր ցանկանում ընդունել այդ որոշումն առաջ տանող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա հազար ու մի բացատրություններով եւ համաշխարհային փորձի վկայակոչումներով պաշտպանում էր այս որոշումը՝ արժանանալով մամուլի քննադատություններին։



Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ այս որոշումը չեղարկելը, եւ կառավարության նիստերը դարձյալ անցնում են դռնբաց ռեժիմով։ Նախկին արդարադատության նախարար **Դավիթ Հարությունյանը**, սակայն, այսօր էլ շարունակում է պնդել իր տեսակետը՝ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ։ «Ես նորից շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ դռնփակ նիստերը կլինեին բացարձակապես այլ ոճով եւ այլ բովանդակությամբ, ինչն ինձ թվում է, որ ավելի օգտակար կլինեին։ Եվ ուրախ եմ, որ վերջերս դրա մասին խոսեց նաեւ Դավիթ Շահնազարյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։



**- Բայց բավականին ազատ եւ անկաշկանդ են անցնում կառավարության քննարկումները, նույնիսկ՝ չափից ավելի, անգամ քննարկվում են հարցեր, որոնք կարող էին չքննարկվել, քանզի տեխնիկական են, կոմիտեներում լուծման ենթակա են։ Դուք որեւէ խնդիր տեսնո՞ւմ եք։**



Այո, տեսնում եմ։ Ես կարծում եմ, որ երբ գիտես, որ դու խոսում ես, ու հանրությունը դիտում է, դու խոսում ես այլ թեմաներից, երբ գիտես, որ հանրությունը չի դիտում, այլ դա աշխատանքային մթնոլորտ է, լրիվ այլ թեմաներից ես խոսում։ Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին։



**- Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը սա արեց ի վնաս կառավարությա՞ն։ Ինչպե՞ս կորակեք այդ քայլը։**



Ես էդպես չեմ որակի՝ ի վնաս կառավարության, թե ինչ։ Մենք ունենք տարբեր կարծիքներ, թե ինչպես պետք է անցնեն նիստերը։ Իմ կարծիքը սկզբունքորեն այն կարծիքն է, որը նաեւ գերակայում է գործադիր իշխանության գրեթե բոլոր երկրներում։ Ի դեպ, քանի՞ հարցով է եղել, որ նախարարներից որեւէ մեկը հակառակ կարծիք է արտահայտել կամ քվեարկել է դեմ։



**- Դեմ քվեարկություն կարծես թե չի եղել, բայց բանավեճ հիշում եմ։**



Բանավեճ կարող է լինել, բայց հակադրվել որեւէ որոշմանը եղե՞լ է։ Ձեզ ծանո՞թ է որեւէ մի հարց, որի վերաբերյալ նախարարների կարծիքները կիսվել են, եւ եղել է դեմ քվեարկություն որեւէ մեկի կողմից։ Իսկ բնական համարո՞ւմ եք, որ ինչ-որ մի հարց կարող է լինել, որի վերաբերյալ նախարարներից որեւէ մեկը պետք է դեմ քվեարկի։ Հակառակ դեպքում անիմաստ է քվեարկությունը։ Իսկ եթե նախարարը դեմ է քվեարկում, դրանից հետո Վահեն անպայման կզանգի նախարարին ու կհարցնի՝ ո՞նց եք կատարելու այդ որոշումը, որին դեմ եք քվեարկել եւ այլն։ Խնդիրը հենց այն է, որ եթե մենք չենք ենթադրելու, որ միշտ կառավարությունը լինելու է միաձայն, այ, հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ են փակ նիստեր։



**- Դուք վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ դռնփակ նիստերի պայմաններում նախարարներ կլինեին, որոնք կհամարձակվեին դեմ քվեարկել որեւէ հարցի։**



Քանի որ ես բավականին երկար եմ աշխատել կառավարությունում եւ աշխատել եմ հատկապես նաեւ այն փուլում, երբ նիստերը եղել են դռնփակ, կարող եմ միանշանակ պնդել, որ թեեւ ոչ հաճախ, բայց եղել են որոշումներ, որոնց որոշակի նախարարներ դեմ են քվեարկել։



**- Իսկ դա ինչո՞վ է ազդել տվյալ որոշման ընդունման եւ կիրարկման վրա․ եթե 10 ձայնից մեկը դեմ է եղել, միեւնույն է, որոշումն ընդունվել է։**



Գործադիր իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ դու պետք է լինես ավելի ազատ, քանի որ հանրային չէ քո խոսքը, դու կարող ես հանգիստ ասել, որ սրան դեմ եմ, եւ դեմ ես էս պատճառով։ Եվ երբ որոշումը կայացվեց, դու այդ որոշման պատասխանատուն ես նույնքան, ինչքան կառավարության ցանկացած այլ անդամ։ Բայց, որպեսզի դու ազատ արտահայտես քո խոսքը, դա պիտի լինի փակ քննարկում։ Սա սկզբունք է, որը ոչ թե ես եմ հորինել, այլ ցանկացած զարգացած երկրում, անգամ տեսական գրականությունը որ բացես, գրված է՝ նիստերը պետք անցկացվեն դռնփակ։



**- Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս կգնահատեք նոր կառավարության կազմը, նիստերին քննարկումների որակը, պրոֆեսիոնալիզմը, կադրային նշանակումները, քանզի շատ քննադատվեց, որ փորձառու, պրոֆեսիոնալ դեմքեր չեն նշանակվում պաշտոնների։**



Ես ձեռնպահ կմնամ որեւէ կարծիք արտահայտելուց, որովհետեւ ամենակարեւորն արդյունքն է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**