Երկիշխանությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով․․․

Երկիշխանությունը  հղի է անկանխատեսելի հետևանքներով․․․
Սա պատմության անխուսափելի դասերից մեկն է։ Ես երբևէ  չեմ տեսել այնպիսի խինդ ու բերկրանք, ինչպիսին ապրիլ-մայիսյան այդ օրերի հեղափոխության կուլմինացիան էր։ Հիմա, երբ ժապավենի նման, մտովի հետադարձ հայացքով  վերհիշում եմ մեր ազգային ինքնաբուխ տոնախմբությունները՝  ո՛չ «Արարատ 73-ի», ո՛չ «1988-ի շարժման», նույնիսկ ո՛չ էլ Շուշիի ազատագրումը նմանօրինակ խինդ ու բերկրանք չպատճառեց մեր ժողովրդին, որքան թավշյա հեղափոխությունը։



Թավշյա բառին ես ավելացնում եմ «Ֆեյեսբուքյան և թավշյա հեղափոխություն»։ Այն մեզ դասեց աշխարհի հատուկենտ ժողովուրդների շարքին, որին նա արժանի է եղել ․․․ Այսօր մեզ հազվադեպ, գուցե և մի վերջին շանսն  է տրված մինչև ուղն ու ծուծը փտած համակարգը հիմնովին փոխելու համար։ Ինչպես ասւմ են, էս 30 տարի է մեր ժողովրդին վառեցինք թողեցինք։ Ի  դեպ հաճախ եմ մտածում, որ հավանաբար, պարսկական լուծը ավելի թեթև էր, քան հայկականը։



Աչքիս առջև է, օր առ օր, ժամ առ ժամ  փոթորկվող հանրապետության հրապարակը։ Փառք ու պատիվ մեր երիտասարդությանն ու նրա առաջնորդին։ Այդ նրանք էին, որ կարողացան մեր միջից դուրս մղել թերահավատության բարդույթը,  նրանք ապացուցեցին, որ մի ծաղկով էլ գարուն կգա։



Հիմա մենք մի շատ պատասխանատու խնդրի, շրջանի առջև ենք կանգնած՝ երկիշխանության առջև․․․ Իսկ երկիշխանությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով․․․



Օդի մեջ օր օրի վրա ամրապնդվում է ռեվանշի գաղափարը։ Իսկ ռեվանշ ասածդ մեզ համար, համոզված եմ կործանարար է լինելու։ Աթոռներից պոկված իշխանությունը առանց հապաղելու օր առաջ իր տեղը պիտի զիջի նորերին։ Իսկ իրենք պետք է անցնեն Կատարսիսի (ինքնամաքրման) պրոցես։ Հետոն իրենց գործն է, ցանկություն կունենան՝ արդար ընտրություններով թող վերադառնան։ Թե չէ դարանակալ սպասում են, երբ պիտի Նիկոլի կառավարությունը սխալվի, որ վիրավորի  նման  մի վերջին ցատկ կատարեն։



Աստծո սիրուն հեռացեք, հեռացեք արժանապատիվ  քանի դեռ ազգը հոգեբանորեն վերելք է ապրում և քանի դեռ ուշ չէ․․․  Ես շատ կցանկանայի, որ առանց ամբիցիաների դուք  ձեր խորհուրդներով սատար կանգնեիք երիտասարդ կառավարությանը, ի վերջո բոլորս նույն նավի մեջ ենք։ Եվ  հրաշալի է, որ վենդետա չի լինելու։



Այսօրվա ժամանակավոր կառավարությունը այժմ ինչպիսի ծրագիր էլ ներկայացնի, նույնիսկ եթե սպիտակ թուղթ լինի, համոզված եմ կհաստատեք, միայն թե ժամանակ շահեք․․․ Դա չափազանց վտանգավոր է։ Իսկ նոր իշխանություններին առաջարկում եմ չկրկնել ժամանակի կոպիտ սխալը «Պոլի փետ լինի, թող ՀՀՇ-ից լինի»։



Մեր տունը քանդողներից մեկը նաև այդ կարգախոսն էր․․․



**Ռոբերտ Մաթոսյան**