Աշխատում եմ թե՛ տեղակալների, թե՛ ամբողջ աշխատակազմի հետ, դժգոհ չեմ. Սուրեն Պապիկյան

Աշխատում եմ թե՛ տեղակալների, թե՛ ամբողջ աշխատակազմի հետ, դժգոհ չեմ. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, «ՔՊ» անդամ Սուրեն Պապիկյանը դեռ նոր պետք է ծանոթանա ոլորտին, որի կառավարումը ստանձնել է։ Բայց ասում է, որ լավ ծանոթ է Հայաստանի պատկերին։ «Ոլորտին, իհարկե, երկու օրում ծանոթանալն ամբողջությամբ անհնար է, բայց Հայաստանի պատկերին ծանոթ եմ շատ վաղուց։ Ինքս մոտավորապես տարիուկես համակարգել եմ մեր կուսակցության բոլոր տարածքային կազմակերպությունները։



Իհարկե, սրանք միմյանցից շատ են տարբերվում, այնուամենայնիվ, տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու կարեւորությունը շատ լավ եմ պատկերացնում։ Ինչո՞ւ եմ ես ստանձնել այս պարտավորությունը, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում ամբողջական ժողովրդավարության հասնելու համար շատ կարեւոր, էական նշանակութուն ունի ՏԻՄ-երին իրական լիազորություններ տալը»,- մեզ հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը։



**-Պարոն Պապիկյան, ի՞նչ մոտեցումով եք առաջնորդվելու մարզպետների նշանակման հարցում, ունե՞ք արդեն որոշում, թե ովքեր կնշանակվեն, եւ արդյոք բոլո՞ր մարզպետները կփոխվեն։**



-Կարճ պատասխանեմ՝ այս պահին որոշում չունենք, բայց որ կնշանակվեն համապատասխան կոմպետենտ մարդիկ, դրանում կարող եք վստահ լինել։ Առաջարկում եմ առաջ չընկնենք որոշումից, կարող եմ ասել, որ փոփոխությունները հասնելու են բոլոր տեղերին։



**-Դուք արդեն հանդիպե՞լ եք կամ նպատակ ունե՞ք առաջիկայում հանդիպել գործող մարզպետներին, համայնքապետերին, քանի որ կարծիք կա, որ տարածքային կառավարման նախարարը պետք է իր աշխատանքի մեծ մասն անցկացնի մարզերում՝ համայնք առ համայնք խնդիրներին ծանոթանալով։**



-Ես համաձայն եմ, որ անմիջական շփումը, մարդկանց ճանաչելը շատ կարեւոր նշանակություն ունեն։ Հիմա ապահովված եմ տեսակապով, այսինքն՝ ցանկացած պահի ես կարող եմ խոսել յուրաքանչյուր մարզպետի, քաղաքապետի հետ (քաղաքապետների հետ ես տեսակապ չունեմ)։ Բոլոր մարզպետների հետ ծանոթացել եմ, խոսել ենք իրար հետ, բայց գնալ մարզ՝ հիմա նպատակահարմար չեմ համարում, որովհետեւ առաջիկա օրերին նշանակվելու են նոր մարզպետներ, ես էլ ի պաշտոնե պիտի գնամ ու էդ մարզպետներին ներկայացնեմ համայնքների ղեկավարներին, կսպասեմ եւս մի քանի օր, ընդհուպ՝ մի շաբաթ, եւ տեղում արդեն լիազորություններիս շրջանակներում կգնամ, կներկայացնեմ մարդկանց ու կճանաչեմ։



**-Ի դեպ, մարզպետների նշանակման հարցում գերակայելու է պրոֆեսիոնալ, ազնիվ կադրեր նշանակելո՞ւ մոտեցումը, թե՞ նաեւ քաղաքական պարտավորությունները, որ պետք է այս կամ այն մարզը պարտադիր տալ ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին։**



-Պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր է, մանավանդ, դա միջին օղակում է շատ կարեւոր։ Ես դրան մեծ դերակատարում եմ տալիս։ Բայց քանի որ Հայաստանում էսօր քաղաքական մի իրավիճակ է ստեղծված, երբ քաղաքական դերակատարում ունեցող անձինք ավելի կարեւորված են, մենք չենք կարող քաղաքական դերակատարին, որ խնդիր է լուծելու եւ պատասխանատու է պրոցեսի համար… մենք էս ամիսների ընթացքում էս կառավարության նպատակը բազմիցս հնչեցրել ենք՝ պիտի գնանք արտահերթ ընտրությունների։



Մենք պիտի նշանակենք մարդկանց, ովքեր ի վիճակի են իրենց ուսերին կրել այդ բեռը։ Պրոֆեսիոնալիզմը կարեւորում եմ, բայց կարող են լինել անփորձ մարդիկ, սակայն շատ լավ կառավարչական ձիրք ունենան, քան բազում տարիների փորձ ունեցող պատրաստված մասնագետները։ Այդ մասնագետներն իրենց տեղը կունենան, մենք նրանց չենք հեռացնում համակարգից։



**-Ինչո՞վ եք երաշխավորելու, որ վաղը, երբ նոր ընտրություններ լինեն, ձեր նշանակած մարզպետները՝ «Քաղաքացիական պայմանագրից», ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից, հին մեթոդներով իրենց ռեսուրսները չեն ծառայեցնի հօգուտ իրենց կուսակցությունների։**



-Վահե ջան, թիմակից լինելը կարեւոր հանգամանք է։ Մենք հեղափոխական իրավիճակ ենք ստեղծել մեջք-մեջքի տված, բայց Հայաստանում կարեւոր է սահմանադրական կարգը, եւ օրենքի գերակայությունը պետք է լինի կարեւոր յուրաքանչյուրիս համար։ Եթե անգամ կլինի իմ եղբայրը, իմ մտերիմ ընկերը, բայց կփորձի օրենքի շրջանակներից դուրս գալ, ապա իր հետ պիտի խոսեն իրավապահ մարմինները։



**-Դուք որքանո՞վ եք վստահում նախկինում Սերժ Սարգսյանի հետ դաշնակցած ու «ճիշտ պահին» նրան լքած երկու գործընկերներին՝ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, եւ նրանց բերած կադրերին։**



-Ուրեմն աշխարհում քաղաքականության մեջ կան սկզբունքներ, այսինքն՝ կան դեպքեր, երբ քաղաքական փորձը կիրառելի է դառնում նաեւ այլ տեղերում։ Այսինքն՝ երբ երկրում ստեղծված է ճգնաժամ, մեկ քաղաքական ուժը դա լուծել չի կարող։ Սովորաբար հեղափոխություններից հետո, երբ անցումային փուլում պատրաստվում են նոր ընտրությունների, ձեւավորվում են համաձայնության կառավարություններ։



Այսինքն՝ մենք այդ ուժերին քաղաքական պրոցեսներից դուրս դնելու իրավական հիմք այս պահին չունեինք։ Եթե ժողովուրդը շատ է կարեւորում, թե ով ում հետ է երբեւէ դաշնակցել, վեց-յոթ ամիս հետո կամ երբ կորոշենք, այդ նույն հասարակությունը պիտի իր վստահության քվեն տա այն քաղաքական ուժերին, ում տեսնում է Հայաստանի կառավարման ղեկին։ 



**-Այսինքն՝ պարտադրվա՞ծ եք գնացել այդ համագործակցությանը, որովհետեւ խորհրդարանում նրանց ձայների կարիքն ունեիք եւ ունեք։**



-Չէ, պարտադրվածության խնդիր չկա, այդ քաղաքական ուժերը երկրի դժվարին պահին, անկախ նրանից, թե ում հետ են համագործակցել, կանգնեցին ժողովրդական շարժման կողքին։ Էստեղ քաղաքական հաշվարկի խնդիր չի եղել։



**-Պատրաստվո՞ւմ եք աուդիտ անցկացնել ու պարզել՝ այն ծրագրերը, որ իրականացվել են նախարարության կողմից, եւ այն գումարները, որ հատկացվել են մարզպետարաններին, նպատակայի՞ն են ծախսվել, թե՞ մսխվել են։**



-Հավատացեք, Հայաստանում ոչ մի օրինազանց անպատիժ չի մնալու, ուղղակի մեխանիզմները, գործիքները՝ հետո, էլի։ Թող անակնկալ մնան դրանք։



**-Ձեր նախարարությունում կադրային քաղաքականությունն ինչպե՞ս եք իրականացնելու, փոխնախարարները, վարչության պետերը կազատվե՞ն, թե՞ կմնան, կամ նախկին նախարար Դավիթ Լոքյանը, օրինակ, բազմաթիվ դաշնակցականների էր տեղավորել աշխատանքի, իր բաջանաղին, բաջանաղի որդուն, իր մտերիմ Յուրի Խաչատուրովի որդուն եւ այլն, նրանց ազատելո՞ւ եք։**



-Ամեն դեպքում, տեղակալների նշանակումը քաղաքական որոշմամբ է լինելու, այդ որոշումը կունենանք շուտով։ Այս պահի դրությամբ ես աշխատում եմ թե՛ տեղակալների, թե՛ ամբողջ աշխատակազմի հետ, դժգոհ չեմ։ Բայց բարեկամական կապերից դեռեւս տեղյակ չեմ, ամեն դեպքում, էսպիսի սկզբունք եմ որդեգրել՝ էն աշխատողները, ովքեր իրենց տեղերում են, իրենք շարունակելու են աշխատել, իսկ էն աշխատակիցները, ովքեր ուղղակի բյուջեի գումար են մսխում, իրենք պիտի հեռանան, ու իրենց տեղը պիտի համալրենք համապատասխան կադրերով:



Ես հիմա այս փուլում փոխում եմ հայեցողական պաշտոններում նշանակվող մարդկանց։ Այսինքն՝ նրանք էն մարդիկ են, ովքեր նախորդ նախարարի հետ հեռացել են։ Կարգն է էդպիսին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**