Վարչապետի պաշտոնը Փաշինյանի համար ստեղծել է «պատային վիճակ»

Վարչապետի պաշտոնը Փաշինյանի համար ստեղծել է «պատային վիճակ»
Երբ քաղաքական պայքարը սահմանափակվում է մի անձի մերժումով՝ «Մերժիր Սերժին», հետո ամեն ինչ լավ է լինելու, սա է լինում արդունքը։ «Մերժիր Սերժին», որ քաղբանտարկյաներ չլինեն, որ Սասնա ծռերն ազատվեն։ «Մերժիր Սերժին», որ կարմիր գծեր չլինեն, որ վարկերը ներվեն։ «Մերժիր Սերժին», որ երեխադ քաղցած ու տկլոր չմնա։ «Մերժիր Սերժին», որ ձեր քննություններն ու ստուգարքներն առանց պարապելու ստանաք։



Այն խոստումները, որ Նիկոլ Փաշինյանը տալիս էր իրեն շրջապատող մարդկանց, քիչ թե շատ սթափ մարդկանց տարակուսանքն էր առաջացնում՝ ո՞նց է դուրս գալու այսքանի տակից։ Մարդկանց հրահանգում է, որ պետական հարկերը չմուծեն, պետական պարտավորությունները չկատարեն, հետո ո՞նց է այդ մարդկանցով պետություն ստեղծելու։



Մարդիկ հավատացին, որ իրենց բոլոր հարցերը կլուծվեն՝ «Մերժիր Սերժից հետո» և մերժեցին։ Դուրները եկավ, որ այդքան հեշտ Սերժին մերժեցին։ Սովորություն դառավ՝ գնալ այս կամ այն պետական կառույցի ղեկավարի վրա ու գոռալ՝ դու Սերժից ուժեղ տղա՞ ես, որ չես մերժվում։



Մարդկանց սովորեցրին այն, ինչ հետո իրենց դեմ է ուղղվելու, չէ՞ որ հիմա պատասխանատուն նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։



Հիմա ինչու՞ եք դժգոհում այդ մարդկանցից, երբ ասում են՝ Սասնա ծռերին ազատեք, երբ ասում են՝ դե եթե մուծելու էինք կոմունալ վճարները, էլ ինչու՞ պայքարեցինք։ Ինչու՞ եք դժգոհում, երբ ԲՈՒՀ -ում ուզում են առանց պարապելու ստուգարք, քննություն ստանալ, երբ կարմիր գծեր չեն ուզում, երբ իրենց չստացած աշխատավարձը, բնակարանը ուզում են հետ ստանալ։ Կամ ինչու՞ եք զարմանում, երբ Նիկոլի համար պայքարող կինը գոռում է՝ Նիկոլ եմ ընտրել, որ սենց մնա՞ մեր վիճակը։



Մարդիկ ակտիվացան, երբ կարողացան այդքան հեշտ մերժել Սերժ Սարգսյանին։ Նրանք մոռացան, որ շախմատի մեջ ֆիգուրի զոհաբերումը դեռ չի նշանակում մատ։ Ընդամենը պայքարը շարունակվում է։



Նիկոլ Փաշինյանին կառավարության գլուխ՝ վարչապետ նշանակելով՝ ժողովուրդը ստեղծեց պատային վիճակ։ Նա այլևս չի կարողանալու փողոցային պայքարի միջոցով հարց լուծել։ Երկիրը կվերածվի քաոսի։ Պատկերացրեք համար մեկ պաշտոնյան պատերազմ է հայտարարում պետական բարձրագույն անկախ կառույցների, համակարգի դեմ։ Փողոցային պայքարը կուղղվի Փաշինյանի դեմ։ Դե ֆակտո ինքն է ամենի պատասխանատուն, ու ինչքան հասկանում եմ, ոչ մի քաղաքական ուժ չի ուզում կիսել նրա հետ այդ պատասխանատվությունը։ Ինչքան շատ լինի փողոցային ցույցերը, Նիկոլ Փաշինյանի դիրքերն այդքան կթուլանան։ Իշխանությունը փողոցի միջոցով հարց չի կարող լուծել՝ մեկ, երկու, կխառնվի երկրի ներքին կայունությունը։



Փաշինյանը զորեղ էր, երբ վարչապետ չէր։ Նա դրվել է պետական օրենքների կապանքների մեջ ու շատ շուտով կզգաք նրա պատային վիճակը։ Այն պահանջները, որ նրա առաջ դնում է ժողովուրդը, հնարավոր չէ իրագործել իրավական, օրենքի շրջանակներում։



Նիկոլ Փաշինյանն առայժմ իր տված խոստումներն է իրականացնում՝ իրեն աջակցողներին, ցույցի մասնակիցներին «պաշտոններ տալով» ու թվում է՝ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Բայց քաղաքական ուժերը շատ լավ են հասկանում, թե ինչ է նշանակում պատային վիճակը։



Վարչապետի պաշտոնը ժողովրդի ճնշմամբ լուծելուց առաջ շատ ավելի կարևոր հարցեր կային, առաջնությունը պիտի տրվեր այդ հարցերին, որպեսզի չստեղծվեր պատային այս վիճակը։ Պաշտոնի գայթակղությունը մեծ էր, բայց այն չէր կարող ավելի մեծ լիներ, քան ժողովրդի սպասումներին հանգուցալուծում տալը։



Հասմիկ Բաբաջանյան