Վարուժան Ավետիսյանի որդուն ծեծել են Յուվեցու աշխատողնե՞րը

Վարուժան Ավետիսյանի որդուն ծեծել են Յուվեցու աշխատողնե՞րը
Քաղաքացիական անհնազանդության օրերին համացանցում հայտնվեցին Երեւանի տարբեր թաղերում նկարահանված կադրեր, որոնցում պարզ երեւում է, թե ինչպես են ինքնավստահ, խուլիգանական պահվածքով առանձնացող երիտասարդները ծեծի ենթարկում ցուցարարներին: Ապրիլի 22-ին էլ Մասիսի ճանապարհը փակել եւ «հակամիտինգ» էին անում քրեական արտաքինով տղաներ: Նրանք ահաբեկում էին անցորդներին, հարձակվում մեքենաների, անչափահաս երեխաների վրա, որոնք միտինգի էին շտապում Երեւան, լրագրողներին էին խոչընդոտում: Թվում է, թե իրավապահ մարմինները պետք է անհապաղ զբաղվեն այս նյութերով, քանի որ դրանք հանցագործությունների ակնհայտ ապացույցներ են պարունակում: Ի՞նչ ընթացք է տրվել այս նյութին:



Մեր հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Ընթացք կա: Վաղվանից պատշաճ կանդրադառնանք բոլոր նման հարցերին»։ Նույնը պատասխանեցին ոստիկանությունից: Հավանաբար, թավշյա հեղափոխությունն իրավապահներին եւս պարալիզացրել է: Իսկ ՀՀ քաղաքացիներին, հակառակը՝ ակտիվացրել: Երեկ մեզ հետ կապվեցին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչներից եւ հայտնեցին, որ ցանկանում են տեղեկություններ հայտնել ապրիլի 20-ին Էրեբունի թաղամասի Այվազովսկու փողոցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդուն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նրանք դիտել էին տեսանյութերը եւ ճանաչել իրենց համագյուղացիներին: «Նրանք Շահումյան գյուղից են եւ աշխատում են Յուվեցի Կարոյի բենզալցակայանում: Անունները՝ Հովիկ, Արամ, Էդգար եւ Էդիկ: Էդգարն ու Էդիկը եղբայրներ են, իրենց գյուղում ճանաչում են բոլորը, Դունյայի Խաչոյի տղաներն են: Մեր գյուղի բնակիչները նրանց ամոթանք են տվել, եւ նրանք պատասխանել են, որ լավ են արել»,- ասաց աղբյուրը:



ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական, այնուհետ ՀՀԿ շարքերն անցած գործարար Կարո Կարապետյանը բջջային հեռախոսին չպատասխանեց: Փոխարենը պատասխանեց նրա մանկության ընկերներից մեկը, ով այս օրերին Յուվեցու հեռախոսի տնօրենն է: Խնդրո առարկա տեսանյութը, որի վրա պարզ երեւում է, թե ինչպես են երեք-չորս հոգի ծեծելով մեքենան նստեցնում Վարուժան Ավետիսյանի որդուն, նա մանրամասն ուսումնասիրել էր: «Ես տեսել եմ էդ վիդեոն, բայց մերոնցից ոչ մեկին չեմ ճանաչել, երեւի կպցնում են Կարո Կարապետյանին: Կարապետյանը չունի բենզալցակայան, Էդգար ու Էդիկ աշխատող էլ չունի: Գյուղացիները գլուխները պատին են տալիս, որ տենց բան են ասում: Ինչի՞ պտի Կարապետյանի աշխատողները տենց բան անեին, ականջները կկտրեր Կարո Կարապետյանը, եթե տենց բան անեին»,- վրդովվեց Յուվեցու մանկական ընկերը: «Ինչո՞ւ: Դուք չե՞ք սիրել Սերժին»,- հակադարձեցինք: «Սերժ Սարգսյանին չենք սիրել, եթե ուզում եք ճիշտն իմանաք, ես սաղ կյանքը չեմ սիրել, ես կռված տղա եմ»,- պատասխանեց Յուվեցու ընկերը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ