Սյունեցիները պահանջում են մարզպետի հրաժարականը

Սյունեցիները պահանջում են մարզպետի հրաժարականը
Անցած մի քանի օրերին, երբ սկսվել էր «Սերժին մերժելու» համահայկական օպերացիան, մերժման ցույց-հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հայրենի Սյունիքի մարզում: Մեր աղբյուրը հայտնում է, որ երբ սյունեցիները ոտքի են ելել՝ միանալու երեւանյան միտինգներին, մարզպետն իր թիկնապահների հետ փորձել է ամեն կերպ կանխել ըմբոստությունը: Մասնավորապես՝ ապրիլի 22-ին Կապանի Թումանյան փողոցում Վահե Հակոբյանը, ընդառաջ գնալով ցուցարարներին, փորձել է նրանց հետ բացատրական աշխատանքներ տանել, սակայն չի դիմացել ճնշմանը, կորցրել է հավասարակշռությունն ու իր թիկնապահների հետ հայհոյել է հավաքվածներին: Թիկնապահներից մեկը, ըստ մեր աղբյուրի, նույնիսկ ապտակել է ցույցին մասնակցողներից մեկին: Սկսվել է խառնաշփոթ, ինչից հետո մարզպետը լքել է դեպքի վայրը: Այս ամենը տեղի է ունեցել Կապանի ՀՀԿ-ական համայնքապետ Աշոտ Հայրապետյանի ներկայությամբ, որի՝ մասնագիտությամբ բժիշկ եղբայրը, ի դեպ, Սերժ Սարգսյանի մտերիմներից է:



Սյունեցիները պատմում են, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ոչ մի կերպ չի փորձել զսպել մարզպետի թիկնազորի ներկայացուցիչներին եւ լուռ դիտորդի դեր է ստանձնել, ինչը վիրավորել է քաղաքացիներին: Ցուցարարները, տեսնելով Հայրապետյանի անգործությունը, նրան եւս հայհոյանքներ են «ձոնել», ամոթանք տվել: Ցույց ցրելու, մարդկանց վախեցնելու օպերացիաներին, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, մարզպետը միայնակ չի մասնակցել, նրան այդ գործում օգնել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության կողմից «գործուղված» տղերքը: Հակոբյանը, նշենք, նախկինում այս կոմբինատի տնօրենն էր: Սյունեցիների պնդմամբ՝ ո՛չ մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, ո՛չ էլ ոստիկանապետ Արշավիր Գեւորգյանը մինչեւ հիմա չեն արձագանքել Սերժ Սարգսյանի հովանավորյալ մարզպետի ու նրա թիկնազորի խուլիգանական արարքներին: Մեր աղբյուրները հայտնում են, որ նախօրեին էլ մարզկենտրոն Կապանում սյունեցիները հեռանալու կոչ են արել մարզպետ Վահե Հակոբյանին՝ «Մո-ծա՛կ, հեռացի՛ր» գոչելով: Մարզպետարանի մուտքի մոտ հավաքված ցուցարարները ժամը 17-ի սահմաններում, հավանաբար, դուխ հավաքելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրից, մարզպետին ուղղված կարգախոսը կոշտացրել են՝ նրան հղելով «Մարզ-պետ, ս… տիր» կոչը:



Հակոբյանը ցուցարարներին հետեւել է իր աշխատասենյակից՝ թիկնապահների ուժեղացված հսկողության պայմաններում: Նշենք, որ սյունեցիներն ի սկզբանե վատ ընդունեցին Վ. Հակոբյանին, ով հայտնի է իր ոչ ստանդարտ պահվածքով, բուրժուական հաճույքներով ու մարդկանց հանդեպ արհամարհական վերաբերմունքով: Այդ ընդունելության մեջ փոքր դեր չխաղաց նաեւ նախկին մարզպետը՝ Լիսկան, ով իր լծակները գործադրում էր մարզպետի դեմ։ Սյունիքում ասում են, որ մարզպետը, որպես ԱԱԾ նախկին աշխատակից, տոտալ վերահսկողության տակ է պահում, ընդհուպ գաղտնալսում է իր հակառակորդներին, քրեական գործեր հարուցում նրանց դեմ: Մի խումբ սյունեցիներ ժամանակ առաջ բաց նամակով դիմել էին Ս. Սարգսյանին՝ պահանջելով «սանձել» մարզում տիրող ամենաթողությունն ու Հակոբյանին ցույց տալ իր տեղը:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ