Որդի Աբրահամյանը Ծաղկաձորում հողեր ունի

Որդի Աբրահամյանը Ծաղկաձորում հողեր ունի
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, չնայած երբեմն մամուլ սպրդող լուրերին, թե Աբրահամյանների գործերն Արգամիչի պաշտոնանկությունից հետո լավ չեն, ահռելի կարողության տեր է: Որդի Աբրահամյանի առասպելական հարստության մաս են կազմում նաեւ Ծաղկաձորում նրա անունով գրանցված երկու հողակտորները: Դրանցից մեկը՝ 1,37 հա ընդհանուր մակերեսով, Ծաղկաձոր քաղաքի Անտառային 1-ին թաղամասում: Մյուսը՝ 0,022 հա ընդհանուր մակերեսով, նույնպես նույն՝ Անտառային 1-ին թաղամասում է, թիվ 4 հասցեում: Ի դեպ, Արգամ Աբրահամյանին պատկանող այս անշարժ գույքին Ծաղկաձորի համայնքապետարանը վերջերս է հասցե տրամադրել, հավանաբար՝ մոտ ժամանակներս այդ հողակտորների վրա կկառուցվեն հանգստի ու վայելքի հերթական օբյեկտները: Ա. Աբրահամյանի ունեցվածքի մասին ընդհանուր գաղափար կազմելու համար ուսումնասիրեցինք հասանելի աղբյուրներից մեկը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիրը:



Պարզվում է՝ որդի Աբրահամյանը, ով 2017-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, որպես բարձրաստիճան պաշտոնյա, հանձաժողով չի ներկայացրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիր, որն օրենքի պահանջ է: Համենայնդեպս՝ այդ հայտարարագիրն առկա չէ հանձնաժողովի ռեեստրում: Նա ներկայացրել է միայն 2017 թ․ տարեկան հայտարարագիր, որում ոչ մի նշում չկա շարժական ու անշարժ գույքի մասին: Ենթադրում ենք, որ Ծաղկաձորի վերոհիշյալ անշարժ գույքը նա ձեռք է բերել ավելի վաղ՝ մինչ պատգամավոր դառնալը: Նա հաշվետու տարում ձեռք է բերել 100 մլն դրամի բաժնեմաս, 1 մլրդ 939 մլն դրամով էլ օտարել է իր 86,813,750 գնով բաժնեմասը:



Հայտարարատու պաշտոնատար անձի՝ հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները հետեւյալ պատկերն ունեն՝ հանձնվել է 56,680,000.00 ՀՀ դրամ, 1,499,890 ԱՄՆ դոլար, 50,000 ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարեվերջում մնացել են անփոփոխ: Աբրահամյանը հարկային տարում վերադարձրել է նաեւ 6.000,000 ՀՀ դրամ փոխառություն: Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցներն են 450,000,000 դրամ, որը տարեվերջում կազմել է 2,451,680,000 դրամ, 350,000 ԱՄՆ դոլար, որը տարեվերջում նույնպես աճել է՝ կազմելով 1,899,890 ԱՄՆ դոլար, եւ 45,000 եվրո, որը հարկային տարեվերջում մնացել է անփոփոխ: Աբրահամյանը նաեւ երեք շահաբաժին է հայտարարագրել, որոնցից մեկը կազմում է 100,000,000 դրամ, մյուսը՝ 1,401,000, երրորդը՝ 10.157,165.50 ՀՀ դրամ: Որպես եկամուտ՝ շահաբաժիններից բացի հայտարարագրված է Աբրահամյանի աշխատավարձը՝ 4.351,680 ՀՀ դրամ, ինչպես նաեւ վարձակալության դիմաց ստացված վճարը՝ 12,000,000 դրամ: Ի դեպ, Աբրահամյանի՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու ԿԸՀ ներկայացված հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմում էին 300 միլիոն դրամ եւ 250 հազար դոլար: Աբրահամյանին է պատկանում անշարժ գույք՝ Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող «Տերրազզա» սրճարանի տարածքը՝ 200 քմ, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող 600 քմ մակերեսով հողատարածքը: Նաեւ՝ Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատունը՝ 2 512 քմ մակերեսով: Երեք միավոր հողամաս եւ խորքային հոր էլ պատգամավորն ունի Արարատի մարզի Մխչյան գյուղում: Որդի Աբրահամյանի կարողությունը, ինչպես տեսնում ենք, մեկուկես տարվա ընթացքում շեշտակի աճել է, որը պահել-պահպանելու համար էլ, երեւի, նա կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի վարչապետությանը:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ