Լավ եւ վատ ընդդիմություն. Պայքարի երկրորդ փուլը

Լավ եւ վատ ընդդիմություն. Պայքարի երկրորդ փուլը
Երբ օրեր առաջ քննարկվում էր Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի թեման, հոռետեսները լավատեսներին բազմիցս գերազանցում էին։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե վերջնական հաղթանակի մասին էր՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու, այլ՝ մարդկանց փողոց հանելու։ Բարեկամները հորդորում էին, թե անիմաստ է, մարդիկ հուսահատ են՝ հիասթափված, փողոց դուրս չեն գա, ընդդիմությունը հերթական անգամ հուսախաբ կանի պայքարող մարդկանց, մարդիկ կկոտրվեն, իսկ հետո, երբ ավելի նպաստավոր իրավիճակ լինի, շատ բարդ կլինի նրանց պայքարի հանելը։ Իսկ չարակամները հեգնում էին, թե՝ 50 հոգով փողոց դուրս կգաք, կխայտառակվեք, Սերժ Սարգսյանն արդեն ընտրված է, այդ ընտրությունը կատարվել է 2017-ի ապրիլի 2-ին, երբ, փողով կամ անփող, ընտրողը գնաց ու ձայն տվեց Հանրապետականին, երբ 2015-ին Սահմանադրություն էր փոխվում, իսկ դուք դա «կեղծ օրակարգ» էիք հռչակում եւ չէիք պայքարում դրա դեմ։ Այսօր այդ խմբերը, կարծում ենք, լռել են։ Գոնե մի մասով՝ ժողովրդին փողոց հանելու, նրանց հոռետեսական կանխատեսումներն իրականություն չդարձան։ Եվ դա արդեն կարելի է լուրջ արդյունք համարել։ Թերեւս, 2008-ից հետո դեռեւս այսքան մեծ բազմություն չէր հավաքվել հրապարակում։ Մարդիկ, իսկապես, շատ փոքր հույսեր ունեն, որ ինչ-որ բան կփոխվի, եւ այս զանգվածը, որը հայտնվել է փողոցում, արդեն ընդդիմության հաղթանակն է։ Ինչպես նաեւ՝ հասարակության հաղթանակն ու ապացույցը, որ մեր ժողովուրդը կենսունակ է, պայքարող, երբեք չի կոտրվում եւ միշտ պատրաստ է իր իրավունքների համար փողոց ելնել՝ նորմալ առաջնորդ եւ գրավիչ գաղափար տեսնելու պարագայում։



**Պայքարում են լավերը, իսկ նրանք քիչ են**



Երբ հետեւում ես սոցցանցերում ակտիվ զանգվածին, հասկանում ես, որ 30 տարվա ընթացքում կատարված իրադարձությունները եւ, հատկապես՝ արտագաղթը, որը, կոպիտ հաշվարկներով, մոտ մեկ միլիոն մարդ է տարել երկրից, ամենամեծ վնասն է հասցրել մեր հասարակությանը։ Հեռացել են ակտիվ, գրագետ, պայքարող, լավ կյանքի ձգտում ունեցողները։ Ուստի, երբ ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ «մնան, որ պայքարե՞ն», հեռու չէր իրականությունից։ Գնացողները պայքարի կամք ունեցող անձինք են, որոնք գուցե հոգնել էին, գուցե՝ հուսահատվել, գուցե գնացել են, որ ուժեղանան-հարստանան ու հետ գան՝ իրենց երկրին տեր դառնալու։ Եթե այս զանգվածը չհեռանար, մեզանում իրավիճակը կարող էր բոլորովին այլ լինել, ինչպես նաեւ՝ ընտրությունների արդյունքները։ Այնպես որ՝ պետք չէ սպասել, որ հարյուր հազարներ են դուրս գալու փողոց, եւ մարդկանց սակավությունից հետեւություն անել, որ այս գաղափարի հետնորդները քիչ են, կամ որ մարգինալների շարժում է։ Միշտ էլ պայքարի մարտիկները սակավաթիվ են լինում։ Հասարակության սերուցքը՝ ազնիվ, գրագետ, համարձակ մարդիկ են իրենց վրա վերցնում հասարակությանը բարձրացնելու, առաջ տանելու գործը, իսկ նրանք բոլոր երկրներում շատ չեն։ Համենայնդեպս՝ մեծամասնություն չեն։



**Ընկերները դժվար պահին հայտնվում են մարդու կողքին**



Դու կարող ես վիճել ու քո անհամաձայնությունը հայտնել ընկերոջդ քայլերին։ Կարող ես տարհամոզել նրան, անգամ խռովել, բայց երբ ընկերդ կատարում է իր Քայլը եւ, մանավանդ՝ հայտնվում է ծանր, վտանգավոր վիճակում, պարտավոր ես կանգնել նրա կողքին։ «Ելք» դաշինքի անդամներն այս պրոցեսներից առաջ հենց այդպես էլ ասում էին, որ եթե կարիք լինի, մենք կհայտնվենք նրանց կողքին, կպաշտպանենք նրանց։ Եվ երեկ, օրվա վերջում, նրանք անսպասելիորեն ժամանեցին Բաղրամյան պողոտա։ Երեկ եւ նախորդ օրերին մեր լրագրողները բազմիցս փորձել են զրուցել «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների առաջնորդների, անդամների հետ, ապարդյուն՝ նրանց հեռախոսները կա՛մ անջատված էին, կա՛մ չէին պատասխանում։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անգամ ներողություն խնդրեց նրանցից՝ կոչ անելով գալ եւ միանալ իրենց։ Եվ պարտադիր չէր միանալ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ մղվող պայքարին (թեեւ նրանք դեմ էին արտահայտվել նաեւ դրան), այլ ընդամենը պայքարողների կողքին լինել՝ ցույց տալով, որ ընկերության-գործընկերության գաղափարն իրենց համար արժեք ունի։ Նրանց այցը Բաղրամյան ազդեցիկ էր եւ տպավորիչ։ Հավանաբար գիտակցել էին, որ, որպես ընդդիմություն, կոչնչանան, եթե բռնության պահին չհայտնվեն այնտեղ։ Սակայն կարճ ժամանակ մնալով նրանք հեռացան, պայքարողներին ապացուցելով, որ իրենց հետ հույսեր կապելն անիմաստ է։



**«Երկու ահը մի մահ է»**



Այն, թե ինչպես են շունչները պահած այս պրոցեսներին հետեւում իշխանությունն ու իշխանամերձ զանգվածը, պատկերացում է տալիս, թե ինչ քաղցր բան է իշխանությունը, եւ ինչ վախի մեջ են իշխանավորները։ Վախ՝ այդ իշխանությունը կորցնելու հեռանկարից։ Այս օրերին ոչ մի իշխանական քաղաքագետի, վերլուծաբանի, գործչի ծպտունը չի լսվում։ Նրանք «տապ» արած սպասում են իրադարձությունների զարգացմանը՝ աղոթելով, որ իշխանափոխություն չլինի, եւ իրենց փոքրիկ կամ մեծ կերակրատաշտը մնա անսասան։ Պրագմատիկները, անշուշտ, հասկանում են, որ «Մերժիր Սերժին» շարժումը հաջողությամբ չի պսակվելու, եւ իշխանությունը պահպանելու համար կան բազում մեթոդներ՝ «վերջին վարյանտ»՝ 2008-ի կրկնությունը, անգամ ողջ աշխարհի թուքումուրն ստանալու եւ դեմոկրատական ուղուց մղոններով հետ շպրտվելու հեռանկարով։ Բայց այս վախը, տագնապը, ժողովրդից սարսափը շատ օգտակար զգացումներ են։ Օգտակար՝ իշխանության համար։ Հասկանալու, որ ամեն ինչ հավերժ չէ։ Որ մի օր կարող են զրկվել բոլոր լծակներից եւ ալան-թալանի հնարավորություններից։ Որ ժողովրդի համբերությունն անսահման չէ, իսկ զայրույթը վտանգավոր է։ Որ արդարացված չեն «դեպի իշխանություն» տանող բոլոր միջոցները։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**