Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի դեմ ցեղասպանություն է իրագործվում

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի դեմ ցեղասպանություն է իրագործվում
Ինչ խոսք, Երեւանում ընթացող հասարակական-քաղաքական-պատմական իրադարձությունների խորքին՝ մնացյալ աշխարհը քիչ հետաքրքրություն է ներկայացնում, բայց այնտեղ էլ ուշագրավ զարգացումներ են ծավալվում: Սիրիայի ռմբակոծումների մասին տեղեկացան ամենքը, միջազգային հեռուստաալիքների դիտողները նաեւ տեսան հրթիռակոծումների արդյունքում ոչնչացված սիրիական երեք ահռելի շինությունները, որոնցից մեկն Ասադի ռեժիմի համար ծառայել էր որպես քիմիական հետազոտությունների եւ զենքի մշակման կենտրոն, մյուսը` քիմիական զենքի եւ նյութերի պահեստարան, երրորդը` հրամանատարական կետ, որտեղից համակարգվել էր ռեժիմի կողմից քիմիական զենքերի գործադրումը: Արձակված հարյուր տասը հրթիռներով ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ուղղակի ոսկերչական ճշտությամբ թիրախավորեցին, խոցեցին եւ ոչնչացրին քիմիական զենքի պահեստարաններ` առանց գեթ մեկ քաղաքացիական զոհի: Իրոք՝ հիացմունքի արժանի պրոֆեսիոնալիզմ է, եւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի, Ֆրանսիայի ղեկավարների շուրթերից հնչած շռայլ գովասանքներն ու շնորհակալություններն իրենց զինված ուժերին միանգամայն արդարացված էին:



Արձակված հարյուր տասը հրթիռներով ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ուղղակի ոսկերչական ճշտությամբ թիրախավորեցին, խոցեցին եւ ոչնչացրին քիմիական զենքի պահեստարաններ` առանց գեթ մեկ քաղաքացիական զոհի: Իրոք՝ հիացմունքի արժանի պրոֆեսիոնալիզմ է, եւ ԱՄՆ-ի, ՄԹ-ի, Ֆրանսիայի ղեկավարների շուրթերից հնչած շռայլ գովասանքներն ու շնորհակալություններն իրենց զինված ուժերին միանգամայն արդարացված էին:



Անկյուն քշված Ռուսաստանն սկզբում, սովորության համաձայն, ստեց, թե, իբր, սիրիական զինուժը ռուսական թե խորհրդային պաշտպանական համակարգերով որսացել եւ չեզոքացրել է Սիրիայի վրա արձակված հրթիռների մեծ մասը կամ գոնե մի մասը: Սակայն այն բանից հետո, երբ դաշնակից ուժերը հայտարարեցին, որ ո՛չ ռուսական, ո՛չ սիրիական զինուժի կողմից արձագանք կամ ռազմական շարժում չի եղել՝ ի պատասխան հրթիռակոծումների, արձակված հրթիռները խոցել են թիրախները, շուտով տարածվեցին նաեւ իսպառ ավերակված շինությունների տեսագրությունները, Կրեմլում լռեցին: Խոստացան հրթիռակոծումներին ավելի ուշ պատասխանել:



Թե ռուսներն ինչպես կամ ինչով կարող են պատասխանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դաշնային համակարգված գործողություններին, դժվար է պատկերացնել, բայց Ռուսաստանին երեկ երկրորոդ հարվածը հասցվեց: Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը եւ ԱՄՆ վարչակազմը լիազորեցին պատկան մարմիններին՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, որոնցով կպատժվեն ՌԴ ռազմական ֆինանսական կառույցները եւ անձինք, որոնք աջակցում են Ասադի ռեժիմին, հատկապես՝ քիմիական զենքին առնչվող ծրագրերին:



Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում սա Ռուսաստանին հասցվող պատժամիջոցների երկրորդ ալիքն ու հարվածն է, որը, երեւում է՝ արդեն խիստ անհանգստացնող եւ ծանր է Կրեմլի համար: Ամեն պարագայում, երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել BBC-ի Hardtalk ծրագրին եւ հայտարարել, որ ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ հարաբերություններն այժմ ավելի լարված եւ հակոտնյա են, քան «սառը պատերազմի» տարիներին: Լավրովը մասնավորապես ասել էր, որ Արեւմուտքին պատել է ռուսաֆոբիան, եւ պատժամիջոցներով ցեղասպանություն է իրականացվում Ռուսաստանի նկատմամբ:



Տպավորիչ ձեւակերպում է. մինչ այժմ Ռուսաստանից գլուխ էին ցավեցնում, թե, իբր, պատժամիջոցներն անարդյունավետ են՝ որպես Ռուսաստանի նկատմամբ ճնշման միջոց, հիմա էլ պարզվում է՝ դրանք այնքան գործուն են, որ հավասարվում են ցեղասպանություն իրականացնելուն: Իրականում դժվար թե Ռուսաստանում ցեղասպանություն իրագործելու ծրագիր գոյություն ունենա, բայց Ռուսաստանին քաղաքականապես մեկուսացնելու եւ տնտեսապես ոչնչացնելու հետեւանքներ գործադրվող պատժամիջոցները կրում են: Այդ ընթացքը Ռուսաստանն ի զորու չէ փոխել, եթե սեփական վարքագիծը չփոխի` միջազգային նորմեր հարգելուց մինչեւ Ղրիմից դուրս գալը: Չի ցանկանա ուղղվել՝ ուրեմն թող ենթարկվի պատժամիջոցներով ցեղասպանության, բայց դրա համար մեղադրելով իրեն եւ ոչ թե հեքիաթներ հորինելով աշխարհին պատած ռուսաֆոբիայի մասին:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**