Վահրամ Սահակյանի փաստաբանն ինձ առաջարկեց 500 դոլար, որ բողոքս հետ վերցնեմ

Վահրամ Սահակյանի փաստաբանն ինձ առաջարկեց 500 դոլար, որ բողոքս հետ վերցնեմ
2 տարի 5 ամիս․ ահա այդքան ձգվեց գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի դատն ընդդեմ գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանի: Վճիռը կայացվել է ապրիլի 5-ին, բայց մինչ օրս վճռի հրապարակումը դատարանից չի հասել Արթուր Հայրապետյանին։ Հիշեցնենք, որ վերջինս Վահրամ Սահակյանին դատի էր տվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն հասցրած հայհոյանքների եւ վիրավորանքների համար։



**Արթուր Հայրապետյանն** իր խոսքում նկատում է՝ այս ընթացքում 2 դատարան են փոխել․ սկզբում Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանն էր, հետո Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանի պահանջով փոխեցին Աջափնյակ վարչական շրջանի դատարան, այն պատճառաբանությամբ, որ այնտեղ է բնակվում Վահրամ Սահակյանը, եւ նրան հարմար է այդ տարածքի դատարանը։ Բայց Վահրամ Սահակյանն այս 2․5 տարիների ընթացքում չի ներկայացել ո՛չ առաջին դատարանում, ո՛չ էլ 2-րդում, ավելին՝ վերջին նիստերին անգամ Սահակյանի փաստաբանը չի մասնակցել։ «Դրանից հետո մենք հասկացանք, որ դա ընդամենը ինքնանպատակ մի քայլ էր՝ դատական այս պրոցեսն արհեստականորեն ձգձգելու համար, որ ես հոգնեմ, ինչ-որ մի ձեւ զիջեմ եւ ասեմ՝ վերջացրեք։ Բայց ես նման բան չարեցի։ Ավելին՝ Վահրամի փաստաբանն իմ փաստաբանի միջոցով ինձ առաջարկեց 500 դոլար, որպեսզի ես հետ վերցնեմ իմ բողոքը։ Իհարկե, դա բացառվում էր, եւ իմ փաստաբանի միջոցով ես հայտնեցի, որ նման բան հնարավոր չէ։ Դրանից հետո Սահակյանի փաստաբանն այլեւս չեկավ Աջափնյակ վարչական դատարան՝ մասնակցելու նիստերին, բայց առանց նրանց դատավորը մոտ 8 դատական նիստ անցկացրեց»,- ասում է Հայրապետյանն ու նշում, որ ոչ միայն դատարանի վճիռը չեն ստացել, այլեւ «Դատալեքսում» տեսան, որ նոր նիստ է նշանակված՝ մայիսի 24-ին։ «Հետո դատարանից ասացին, որ մայիսին նշանակված նիստը շփոթմունք է, վճիռը ապրիլի 5-ին կայացվել է, բայց մենք մինչ օրս վճռից տեղյակ չենք։ Իմ փաստաբանը բազմիցս դիմել է դատավորի օգնականին, իսկ նա արդեն մի շաբաթ շարունակ ասում է՝ այսօր զանգեք, վաղը զանգեք, բայց մինչ օրս վճռի հրապարակումը մեզ անհայտ է։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, անհանգստացած եմ՝ վճիռը եթե կայացվել է, ու մեկ շաբաթ արդեն անցել է, ինչո՞ւ է դատարանն անընդհատ հետաձգում այն եւ չի հրապարակում»,- ասում է նա ու նկատում, որ դատարանից դա պատճառաբանում են դատարանների ծանրաբեռնվածությամբ։



«Մինչեւ դատարան դիմելը ես մի քանի անգամ իմ գրառումների մեջ տեղեկացրել էի, որ ես սպասում եւ պատրաստ եմ ընդունել Վահրամ Սահակյանի ներողությունը։ Այդ ընթացքում, երբ արդեն իրեն դատի էի տվել, տարբեր միջոցառումների ժամանակ տեսել եմ նրան, նույնիսկ պահ է եղել, որ իրար կողք ենք նստել, ինքն ընդհանրապես ո՛չ բարեւել է, ո՛չ ինձ հետ խոսել։ Բայց ես այն մարդն եմ, որ եթե գար ասեր՝ ես սխալմամբ այսպիսի բան եմ արել, ես, իհարկե, ընդառաջ կգնայի նրան, բայց դա տեղի չունեցավ, եւ ես դատի տվեցի նրան իմ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար՝ պահանջելով հրապարակավ ներողություն եւ փոխհատուցում 1 մլն դրամի չափով»,- ասում է Հայրապետյանը։



Եթե, ի վերջո, դատարանը հօգուտ իրեն վճիռ չկայացնի, ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը։ «Ես շարունակելու եմ վերին ատյաններ բողոքել, չեմ լռելու, եթե 2 տարի 5 ամիս սպասել եմ եւ անցել եմ այս քաշքշուկների միջով, ես շարունակելու եմ իմ պայքարը։ Իհարկե, միեւնույն ժամանակ հասկանալով, որ Հայաստանում արդարադատությունը վաղուց ծախված վիճակում է, բայց ես որոշել եմ, անկախ ամեն ինչից, քաղաքակիրթ ճանապարհով իմ հարցերը լուծել։ Օրինակ, եթե ես ամենասկզբում որոշեի գնալ Վահրամին սպանել, հետո մարդասպանություն լիներ, ու մենք հայտնվեինք դատարանում, դատավորն անպայման ասելու էր, չէ՞․ այդ ժամանակ դիմեիք դատարան։ Հիմա ես ի սկզբանե դիմել եմ դատարան, ընտրել եմ քաղաքակիրթ ճանապարհը եւ չեմ գնացել Վահրամի բկից բռնել կամ որոշել նրան սպանել»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**