Միավորման համար հարկավոր է ճիշտ սրճարան ընտրել եւ քաղաքական ճիշտ պահ

Միավորման համար հարկավոր է ճիշտ սրճարան ընտրել եւ քաղաքական ճիշտ պահ
«Հանուն Հայաստան պետության ճակատի» նախահեղափոխական միտինգը երեկ մեկնարկեց կես ժամ ուշացումով եւ «Ժառանգության» անդամ **Սուսաննա Մուրադյանի** հայտարարությամբ։ Նա նախ հիշեց Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցը, որը որակեց «բռնված գրպանահատին հարիր աճպարարություն», որով, ըստ էության, «խախտել է հրապարակավ հայտնած խոստումը, որ կառչած է մնալու երկրի ղեկավարի պաշտոնից»։



Սուսաննա Մուրադյանը հետո հիշեց՝ ինչեր է կրել հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում եւ դեռ ինչեր է կրելու հետայսու, եթե նա շարունակի մնալ իշխանության ղեկին։ Այդ ամենից խուսափելու միջոցը, ըստ նրա, համաժողովրդական ընդվզումն է, ուստի կոչ արեց ողջ հայ ժողովրդին, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ միասնական բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ «Սերժ Սարգսյանի եւ նրան սատարող հացկատակների ծրագրերի»։ Նա նաեւ իրենց միանալու կոչ արեց ՀՀԿ եւ ՀՅԴ շարքային անդամներին։ Այս ամենը ճոխ բառերով ու բարդ ստորադասական նախադասություններով նկարագրելուց հետո Սուսաննա Մուրադյանն արտաբերեց իր հայտարարության թերեւս միակ պարզ նախադասությունը՝ հրամայական եղանակով․ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։ Սրան հետեւեցին Ազատության հրապարակում հավաքված ոչ մեծաքանակ ամբոխի նույնանման վանկարկումները՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր»։ Սուսաննա Մուրադյանի խոսքից, սակայն, չհասկացվեց՝ այդ ընզվումն ինչպես պետք է տեղի ունենա, քայլերի ինչ հաջորդականությամբ ու ճանապարհային ինչ քարտեզով են հասնելու հեղափոխությանը։



**Պետրոս Մակեյանն** էլ խոսեց Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների ազատազրկումից՝ դա համարելով վրեժխնդրություն։ Ապա նշեց, որ ապրիլի 9-ին պետք է տեղի ունենա արդար դատաստան, եւ Մարտի 1-ի բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն։ Առհասարակ, պրագմատիկ տարրը մեծ հաշվով բացակայում էր հռետորների ելույթներից, որքան էլ որ ճակատի անդամ, հանրահավաքը վարող Արմեն Հովհաննիսյանն իր խոսքում պարբերաբար կրկնում էր, որ պետք է խոսեն արդեն կոնկրետ քայլերից։ Ելույթներում գերիշխում էր մեծ մասամբ էմոցիոնալ ֆոնը։



Սրա բացատրությունն ստացանք Պետրոս Մակեյանից, ով ասաց, թե ինչու չեն այս պահին բացահայտում ճանապարհային քարտեզը, որը, նրա վստահեցմամբ, միանշանակ՝ գոյություն ունի։ «Խնդիրը նրանում է, որ եթե մենք եկանք ապրիլի 9-ին հասանք, ու համադրվեց այլ ուժերի գործունեությունը, մենք պարտադրված ենք իրար հետ քննարկել։ Տես, Նիկոլենք ասում են՝ 14+4, չէ՞։ Մենք էլ ասում ենք՝ ապրիլի 9-17-ը։ Հիմա, եթե գալիս ենք բոլորովս հրապարակ, կարող է էլի ուժեր լինեն, ուրեմն պարտավոր ենք ամեն մեկի ճանապարհային քարտեզը համադրել ու ի մի բերել։ Դրա համար հիմա առանձին հրապարակելը նշանակում է, որ դու նախապես քո գիծն ես թելադրում ու պրոբլեմ կստեղծես հետագայում քննարկմանը, ի մի գալուն»։ Մակեյանն ասաց, որ Նիկոլենց հետ մտքերի փոխանակում, կոնսուլտացիաներ պարբերաբար ունենում են, վերջին անգամ էլ նախորդ օրն են հանդիպել։



Հիմնադիր խորհրդարանի անդամ **Ալեք Ենիգոմշյանն** էլ ասաց, որ շարունակում են քննարկումներն այլ ուժերի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկատեցինք, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները հակված են բաց ձեռքերով, խաղաղ պայքարի, մինչդեռ իրենք կարծես թե ավելի ագրեսիվ, հարձակողական պայքարի կոչ են անում։ Արդյոք մեթոդների այս տարբերությունը չի՞ խոչընդոտի միավորմանը։ Ալեք Ենիգոմշյանն ասաց․ «Ես ասեմ, որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» հանդես է գալիս ժողովրդի համախմբման, քաղաքացիական անհնազանդության եւ քաղաքացիների ընդվզման կոչերով։ Ճակատը բռնության ոչ մի կոչ չի արել, եւ, այդ առումով, հակադրելու խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ ուղղակի փորձում են այդ կետի շուրջ հակասություններ ցույց տալ, որը չկա»։



Նրան հիշեցրինք նաեւ ԱԱԾ-ի գաղտնալսած զրույցը, որը հրապարակվեց դատարանում, երբ Պավլիկն ասել էր՝ Նիկոլ Փաշինյանին «շպրտեք զիբիլը»։ Հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ նման վերաբերմունքը կարելի՞ է, արդյոք, վերագրել նաեւ ամբողջ ճակատին, եւ արդյոք սա չի՞ կարող այրել կամուրջներն իրենց եւ Փաշինյանի միջեւ։ Ենիգոմշյանն ասաց, որ եթե ճակատի կողմից կան շփումներ Նիկոլ Փաշինյանի հետ, հետեւաբար՝ կա երկխոսություն։ «Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանին, ապա այդ գաղտնալսման հրապարակումը միտումնավոր է, այսինքն՝ դա անմեղ հրապարակում չէր, այն էլ՝ այս ժամանակ, եւ դա հետապնդում է հենց այստեղ, այս օրերին այդ պառակտումն առաջացնել։ Հա, շատ բան է ասել, շատերը շատ բան են ասել, համենայնդեպս, դրա պատասխանը Նիկոլ Փաշինյանը տվեց։ Ես կարող եմ ասել, որ ինքը, համենայնդեպս, այդ խայծը կուլ չտվեց, մենք էլ, բնականաբար, չենք տա»։



Հանրահավաքին ներկա էր նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ **Արամ Կարապետյանը**, ով ներքեւում էր կանգնած եւ մեզ հետ զրույցում ասաց, որ կարող է մասնակցել ե՛ւ այս ճակատի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին՝ որպես քաղաքացի, քանի դեռ ինքն իր ընկերների հետ չի նախաձեռնել որեւէ նոր բան։ «Ես կլինեմ թե՛ Նիկոլ Փաշինյանի միտինգներին, թե՛ Հանուն Հայաստանի ճակատի, թե՛ եթե որեւէ մեկը էլի նախաձեռնի՝ փոխելու Հայաստանում իշխանությունը»,- ասաց նա եւ նշեց, որ տարբեր ուժերի միավորումը պետք է թելադրի քաղաքական պահը, ապա հիշեց, թե ինչպես են ինքն ու Նիկոլ Փաշինյանը միացել 2007 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ այդ միավորումը տեղի է ունեցել սրճարանում․ «Մենք իրար հետ պայմանավորվել ենք կես ժամում սրճարանում, որովհետեւ կար քաղաքական պահ»։ Իսկ հիմա՞ ում հետ են պայմանավորվել սրճարանում։ «Ոչ մեկի հետ։ Ունեցել ենք հանդիպումներ ե՛ւ սրճարանային, ե՛ւ ոչ սրճարանային»։ Արամ Կարապետյանը նաեւ բացատրեց, թե ինչու է նա նման հանդիպումները կազմակերպում սրճարանում՝ դրանով խնայում է բյուջետային փողերը, որպեսզի հատուկ ծառայություններն ավելորդ ծախս չանեն․ «Հայաստանի ԱԱԾ-ն, պատկերացնո՞ւմ եք, պիտի գա, լսող սարքեր դնի, ինչո՞ւ բյուջետային փողերը վատնել, եթե գործողությունները բաց են լինելու։ Դրա համար էլ գնում եմ սրճարան, որպեսզի ամեն ինչ դրված լինի»։



Նշենք, որ այսօր էլ Կասկադից՝ Թամանյանի արձանի մոտից տեղի կունենա «Մերժիր Սերժին» նախաձեռնության իրազեկման երթը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**