Ինչո՞ւ էին ոստիկանական խմբերը խուճապի մատնել չարենցավանցիներին (տեսանյութ)

Ինչո՞ւ էին ոստիկանական խմբերը խուճապի մատնել չարենցավանցիներին (տեսանյութ)
Երկու օր շարունակ չարենցավանցիներին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ի՞նչ էին անում Երևանից ժամանած մեծ թվով ոստիկանական կարգախմբերը Չարենցավանում։ Մարտի 21-ի երեկոյան Չարենցավան են մտել ոստիկանական բազմաթիվ մեքենաներ ու տեղի ոստիկանների ուղեկցությամբ ուղղակի խուճապահար արել Չարենցավանի բնակչությանը։ Ըստ ականատեսների՝ ոստիկանական տարատեսակ ջիպերով ու միկրոավտոբուսներով մեծ արագությամբ, առկայծող փարոսիկները միացրած և ձայնային ազդանշաններով շրջել են քաղաքով, կանգնեցրել պատահական մեքենաներ, ստուգել դրանք, վարորդներից փաստաթուղթ պահանջել։ Մի խոսքով՝ իսկական արշավանք են իրականացրել քաղաքում՝ մի քանի ժամ շարունակ խուճապի մատնելով տեղի բնակչությանը։ Այս ամենից ոչ ոք գլուխ չի հանել՝ ինչի համար էր այդքան ոստիկանական մեքենա մտել Չարենցավան և ինչ օպերացիա էին իրականացնում։



Չարենցվանի բնակիչներից Վարդան Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսնակարներ ու տեսանյութեր է տեղադրել ոստիկանների գործողություններից, որտեղ նաև նշել է, որ զանգահարել 1-02 և պահանջել պարզաբանում տեղի ունեցողի վերաբերյալ։



Քաղաքացիների շրջանում տարբեր վարկածներ են շրջում։ Օրինակ՝ դա կարող է կապված լինել առաջիկայում սպասվող քաղաքական իարդարձությունների հետ, մասնավորապես՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ սպասվող ակցիաների, և որ ոստիկանությունը սրանով վախի մթնոլորտ է ուզում տարածել բանկչության շրջանում։ Մյուս վարկածն էլ կապված է վերջերս Հայաստան մտած քուրդ ահաբեկիչների հետ, ինչի մաիսն գրվեց մամուլում, և գուցե սրանով ոստիկանությունը փորձում է նախականխող ինչ-որ գործառույթ իրականացնել։



Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Hraparak.am-ին տված պարզաբանման մեջ բացառեց այս երկու վարկածն էլ․ «Բացարձակ։ Դրանք պարբերաբար արվող գործողություններ են, ամբողջ մարզով ոստիկանական պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացվել, որևէ արտառոց բան չկա։ Զարմանում եմ, որ այս անգամ զարմացել են։ Մարտի 20-ին և 21-ին ոստիկանության Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի և Չարենցավանի բաժինների սպասարկող տարածքներում անցկացվեցին պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնակցում էին՝ տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ, ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակների, պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային բաժինների 110 ծառայողներ՝ 36 կարգախմբերով։ Զննվել են տարածքներ, հանդիպումներ են անցկացվել բնակչության հետ։ Միջոցառման նպատակն էր մարզում հանցագործությունների նախականխումը, բացահայտումն ու ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը»։



Դիտարկմանը, թե մարդիկ դժոգհում էին, որ իրենց այդքան էլ լավ չեն պահել տվյալ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ, Ահարոնյանն ասաց․ «Չէ, կանգնեցրել են, մեքենաները ստուգել են, ծառայություն են արել, դա պարբերաբար արվում է։ Միակ նպատակը պրոֆիլակտիկան է եղել։ Եթե մի քաղաքаցի կդիմի, որ տուժել է ոստիկանական գործողություններից, անպայման քննության առարկա կդառնա։ Բայց էս պահին չկա նման բողոք»։







Տեսանյութն ու լուսանկարներն՝ [այստեղ](https://www.facebook.com/photo.php?fbid=763298053875651&set=pcb.763298240542299&type=3&theater)։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**