Փոքրիկները՝ բարդ օրերում

Փոքրիկները՝ բարդ օրերում
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական սիմվոլիկ հերթական ընտրությունների արդյունքները պարզ են: Վլադիմիր Պուտինի ինքնաընտրությունը դժվար թե զարմանք հարուցի: Մասնագետների կարծիքով՝ այս ընտրությունները, ընտրական ողջ քարոզարշավն ու նախապատրաստական աշխատանքներն ամենաձանձրալին, ամենաանօգուտն էին:



Չորրորդ անգամ Պուտինն ինքնաբեմադրում է իր իշխանության շարունակությունը՝ մի միատարր բռնակալ, ումով ոգեւորվում են սանդղակով ու մասշտաբներով ավելի փոքրիկ, նույնիսկ աննշան դեսպոտներ: Պուտինը, ինչպես ասում են, այդ փոքրիկների «պապան» է, նրանց սաստողը, ոգեւորողը, քսի տվողը, նրանց ախպերացուն, ոգեշնչման ու խանդավառության զուլալ աղբյուրը: Պուտինը շրջակա միջավայրում թաղային խուժանների կողմից տանուտերություն անողների վերադասն է, եթե չորրորդ անգամ նրա ինքնաբեմադրած թատրոնը կայացավ, ուրեմն շանս է, որ շրջակա միջավայրում ողորմելի բեմականացումների շքերթը եւս կյանքի կկոչվի:



«Մենք այժմ ներկա ենք զարմանալի տեսարանի: Այն երկրները, որտեղ դեռեւս մնացել են ազատ հաստատություններ, նրանք էլ են հանգում բռնակալության: Մարդկությունն այսպիսի բան չէր տեսել Կոնստանդինի ժամանակներից ի վեր, երբ ազատ հռոմեացիները, հասարակական տուրքից փրկվելու համար, խնդրում էին ստրուկ դառնալ» (Ա. Գերցեն): Ռուսաստանը՝ այս պահին, թերեւս, ամենադժվար ու գուցե ամենադժբախտ երկրներից մեկը՝ փլուզված մուտանտ, որ քանի տասնամյակ լիզում է ձախողման, պարտության ու անհաջողության չսպիացող վերքերը՝ խեղդելով, կախյալության մեջ դնելով հարեւաններին՝ սարսափով, որ նույնիսկ հավատարիմ եղբայրները եւս օրերից մի օր վերջնականապես երես կթեքեն, անառակաբար:



Տասնամյակներ շարունակ Ռուսաստանում ընթացող այս ռեգրեսիվ ավտորիտարության միտված գործընթացներն աղետալի հետեւանքներ են ունեցել տարածաշրջանի քաղաքական կյանքի, քաղաքական տեսլականի ողջ բնույթի վրա: Կա գլուխը՝ Պուտինը, կա Նազարբաեւը, կա Լուկաշենկոն, կա Սերժը, կա Իլհամը, եւ այսպես շարունակ կան նրանք՝ իշխանության մշտաբնակները՝ մարդկային մարմինների, կործանված ու խեղված ճակատագրերի, մեռնողների հաշվին վերապրող դառներեսները: Մահը պիտի ապրեցնի նրանց, այլ տարբերակ չկա, ուրիշների անգոյությունը՝ կլինեն թշնամիներ, թե բարեկամներ, համախոհներ, թե ընդդիմադիրներ, բնավ կարեւոր չէ:



Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր տոնում են «ցարի» հաղթանակը՝ իրե՛նց «ցարի»: Սերժ Սարգսյանը փոքրիկ իշխանից «ցարի «պատվին արժանանալու համար» դեռ շատ ջանք պիտի թափի: Հայաստանում քիչ չեն «գուբերնիայի» մարդիկ, ովքեր հպարտացել, իրենց նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի՝ չորրորդ անգամ նախագահ ընտրվելու առթիվ սուփրա-սեղան են գցել՝ բաժակ բարձրացնելով մեծապատիվ «ցարի» բարեողջության համար: Ի վերջո, «ցարը մնում է ցար», իսկ «փոքրիկ նվնվան բռնավորը՝ համանման փոքրիկ նվնվան բռնավոր»: Բարդ օրեր են սպասվում փոքրիկներին:



**Արամ ՊԱՉՅԱՆ**