Որոնք են «Ելք»-ի երեք ճանապարհային քարտեզները

Որոնք են «Ելք»-ի երեք ճանապարհային քարտեզները
«Ելք»-ում երեկ այդպես էլ չգտան ելքը Ազատության հրապարակ գնալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ միասնաբար պայքարելու հարցում։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած «14+4» գործողությունների ճանապարհային քարտեզը, պարզվեց, ընդունելի չէ դաշինքի գործընկեր կուսակցությունների կողմից։ Ինչպես Փաշինյանը բնորոշեց՝ դաշինքի երեք ուժերն էլ կողմ են փողոցային պայքարին, սակայն տարբեր «կոնֆիգուրացիաներով»։



«Ելք»-ից նաեւ վստահեցրին՝ սա չի նշանակում ընդդիմադիր դաշինքի պառակտում։ Ազգային ժողովում երեկ մոտ երեք ժամ տեւած խմբակցության նիստից հետո խմբակցության ղեկավար **Նիկոլ Փաշինյանը** լրագրողներին հայտնեց, որ, չնայած կոնսենսուս չի կայացել, այդուհանդերձ, ուշագրավ համաձայնություն են ձեռք բերել՝ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչեւ դաշինքը վերջնական որոշում կայացնի․ «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի եւ որոշումների հետ, եւ կարող է իրագործել այդ որոշումը։ Սա նաեւ չի նշանակում, թե դաշինքում քննարկումներն ավարտվում են, դրանք կշարունակվեն»: Սակայն տարօրինակ է՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս են շարունակվելու քննարկումները, եթե յուրաքանչյուր ուժ որոշելու է իր անելիքը։ Այս դիտարկմանը Փաշինյանն արձագանքեց, որ հնարավոր է նոր առաջարկներ լինեն, որոշակի փոփոփոխություն դիրքորոշումներում։ Ի դեպ, նա տեղեկացրեց, որ իր «14+4» գործողությունների պլանի վերաբերյալ «ՔՊ» վարչությունը դեռ որոշում չի կայացրել․ «Այսօր կամ վաղը նիստ կանենք եւ կորոշենք»։



Փաշինյանը շարունակում է պաշտպանել իր մոտեցումները՝ չբացահայտելով, թե ինչ է ենթադրում այդ գործողությունների պլանը։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ անգամ «ՔՊ»-ում Փաշինյանի ճանապարհային քարտեզի վերաբերյալ կոնսենսուս չկա, գլխավոր ընդդիմախոսն ազատամարտիկ, 2008 թվականի շարժման բովով անցած Սասուն Միքայելյանն է, որն ամեն ինչ անում է՝ Փաշինյանին հետ պահելու ծայրահեղ գործողություններից, քանի որ կարծում է, թե հաջողության հասնելն անհավանական է։ Իսկ «14+4»-ը, ըստ ամենայնի, ենթադրում է 14-օրյա շուրջօրյա հանրահավաքներ եւ 4 օր նստացույց։ Երեկվա նիստին Միքայելյանը եւս չի թաքցրել իր անհամաձայնությունը։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ եթե, այնուամենայնիվ, «ՔՊ»-ում ընդունվի Փաշինյանի գործողությունների ծրագիրը, ապա Սասուն Միքայելյանը դիտորդի կարգավիճակ կորդեգրի եւ չի մասնակցի բողոքի ակցիաներին։



Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրազեկել է քաղաքապետարանին՝ ապրիլի 3-ին Ազատության հրապարակը զբաղեցնելու համար։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ «ՔՊ»-ն դուրս է գալու Ազատության հրապարակ։ Փաշինյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում այդ օրերին գործողություն անելու որոշում ի սկզբանե չեն ունեցել․ «Սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա կարող է հայտարարել՝ երբեւէ որեւէ տեղ անո՞ւմ է գործողություն, թե՞ ոչ»։ «ՔՊ» վարչության նիստում կայացած որոշումից հետո կորոշեն՝ Ազատության հրապարակում հանրահավաք անե՞լ, թե՞ ոչ։ Իսկ թե որ հարցերում չեն եկել համաձայնության, Փաշինյանը մանրամասնեց․ ««ՔՊ»-ն ներկայացրել էր իր ճանապարհային քարտեզը, կուսակցություններն ունեն իրենց մոտեցումն ու պատկերացումները: Դրանցում կան սկզբունքային համընկնումներ եւ կան տարբերություններ, որոնք կարեւոր են եւ ինչ-որ առումով կարող են լինել սկզբունքային: Մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք եւ քննարկումները չդադարեցնենք, հետեւյալ ըմբռնմանն ենք եկել․ այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր, եւ ուղղակի տարբերությունները վերաբերում են դրա կոնֆիգուրացիաներին: Եղած բոլոր ճանապարհային քարտեզներում փողոց դուրս գալու հանգրվան կա»:



«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար **Էդմոն Մարուքյանն** էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դաշինքում կա երեք կուսակցություն, երեք ճանապարհային քարտեզ։ «Երեք տարբերակների մեջ էլ կան փողոցային պայքարի կոմպոնենտներ, երեք կուսակցություն, երեք ճանապարհային քարտեզ կա, բայց այդ երեք քարտեզները չեն գալիս մեկ քարտեզ դառնում, որովհետեւ մի մասը մի գործողության հետ խնդիր է տեսնում, չի հավատում այդ գործողության արդյունավետությանը, մյուս մասը՝ մյուսի»: Էդմոն Մարուքյանն էլ հիասթափեցրեց դաշինքի պառակտումը կանխատեսողներին՝ փաստարկելով, որ օրակարգի հարցում իրենք տարաձայնություններ չունեն, խոսքը գործողությունների մասին է: «Ընդհանուր կոնսենսուս կա՝ երրորդ ժամկետի անընդունելիության հետ կապված, Սերժ Սարգսյանը չէ, ով էլ որ լինի, «Ելք»-ը դեմ է, եւ եթե դաշինքը կունենա իր վարչապետի թեկնածուն՝ կընտրի իր վարչապետի թեկնածուին, չի ունենա վարչապետի թեկնածու՝ դեմ կքվեարկի իշխանության վարչապետի թեկնածուին, բայց գործողությունների հետ կապված՝ ինչ անել մինչեւ այդ օրը, կան տարբեր ծրագրեր»,-ասաց նա:



Նա շարունակում է մնալ այն կարծիքին, որ ժողովրդին չպետք է տանել հիասթափության՝ կրկնելով նախկինների սխալները․ «Մենք ժամանակին ասել ենք, որ մարդկանց չի կարելի տանել հերթական պարտության, չի կարելի կրկնել 20-25 տարվա ընդդիմության կողմից թույլ տրված սխալները: Մենք այդ համոզման ենք, որ չի կարելի, բայց եթե ուժերից մեկն ունի մի ծրագիր, որը չի տանում հիասթափության, ես չեմ ուզում դրա հնարավորությունը սահմանափակել: Մարդիկ կան՝ հավատում են ինչ-որ բաների, որ մյուսները չեն հավատում, հետեւաբար՝ մյուսները, ովքեր չեն հավատում, պետք է հարգեն նրանց, ովքեր հավատում են, եւ նրանք, ովքեր հավատում են, պետք է հարգեն նրանց, ովքեր չեն հավատում»։



Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանում» առաջարկում են մեկ, այսպես կոչված՝ ազդեցիկ հանրահավաք անել, որտեղ կառաջադրեն նաեւ վարչապետի իրենց թեկնածուին՝ իբրեւ իշխանությանն այլընտրանք։ Մեկ կամ երկու հանրահավաք էլ կազմակերպել քվեարկության օրերին՝ արդեն ԱԺ դարպասների մոտ՝ կոչ անելով հանրությանը՝ իրենց ներկայությամբ պաշտպանել ընդդիմության թեկնածուին եւ ճնշել իշխանությանը։ Իսկ եթե հավաքվի կրիտիկական զանգված, նոր միայն անցնել շուրջօրյա հանրահավաքների։ Քանի որ, ի տարբերություն «քաղաքացիականների», «լուսավորականները» կարծում են, որ նախապես շուրջօրյա հանրահավաքների ռեսուրս չունեն, եւ այդ գործողությունների վերջնարդյունքը հակասելու է իրենց հայտարարությանը՝ ժողովրդին պարտության չտանելու մասին։



«Ելք» դաշինքի մաս կազմող երրորդ ուժի՝ «Հանրապետության» ներկայացուցիչները երկու մոտեցումների «արանքում» են․ նրանք հակված չեն շուրջօրյա հանրահավաքների ու նստացույցերի, սակայն կարծում են, որ մինչեւ վարչապետի ընտրություն պետք է մի քանի հավաք անցկացնել։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**