Ռուսաստանը հաճոյանում է Ադրբեջանին

Ռուսաստանը հաճոյանում է Ադրբեջանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում: Հաջորդ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ավանդական ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել է Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության մասին: Ըստ երեւույթին, ավելի վաղ եղել է գրավոր հարցում: Դա է վկայում Զախարովայի պատրաստվածությունը: Նա ասել է, որ Մոսկվայում «Արցախի ներկայացուցչություն չկա»:



Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը որոշ առումով ադրբեջանցիներին խիստ հաճելի [տեղեկատվություն](http://minval.az/news/123772330) է բացել, ըստ որի՝ Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը «ՌԴ ԱԳՆ-ում գրանցված է որպես Հայաստանի դեսպանատան խորհրդական: Համենայն դեպս, նա ՌԴ ԱԳՆ-ում գրանցված է հատկապես այդ կարգավիճակով»:



Տպավորություն է, որ Զախարովա-ադրբեջանցի լրագրող երկխոսությունը դիվանագիտական խողովակներով նախապես համաձայնեցվել է: Ըստ երեւույթին, ՌԴ ԱԳՆ-ին հատկապես այս պահին, երբ Արցախի նախագահը Վաշինգտոնում է, պետք է եղել, որ ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվի Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության կարգավիճակով եւ ստանա հատկապես պաշտոնական Բաքվին բավարարող պատասխան: Կարելի է ասել, որ Ռուսաստանն այդ ձեւով Ադրբեջանին հաճոյանալու առիթը բաց չի թողել: Երեւույթի ենթատեքստն այն է, որ մինչ ԱՄՆ-ում Արցախի նախագահին ընդունում են Կոնգրեսի անդամների մակարդակով, Ռուսաստանը որեւէ ֆորմալ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:



Ամենայն հավանականությամբ, սա վերջին շրջանում առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, Լեռնային Ղարաբաղի հարցում դրսեւորում է ամերիկյան կողմից սկզբունքորեն տարբերվող հրապարակային մոտեցում: Որքանո՞վ դա կանդրադառնա ԼՂ կարգավորման ջանքերում ռուս-ամերիկյան համագործակցության վրա՝ ցույց կտա ժամանակը: Այս պահին փաստն այն է, որ Ռուսաստանը հաճոյանում է Ադրբեջանին: