Երթ անցկացրին միասին, հարգանքի տուրք մատուցեցին առանձին

Երթ անցկացրին միասին, հարգանքի տուրք մատուցեցին առանձին
2008 թվականի Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ երեկ ՀԱԿ-ՀԺԿ-ի կազմակերպած հանրահավաք-երթ-ը սկսվեց Ազատության հրապարակից եւ ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ։ Ազատության հրապարակում բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ 2008 թվականի Մարտի 1-ին Հայաստանում գնդակահարվել է ժողովրդավարությունը։



«Մարտի 1-ը չի բացահայտվի, եթե հասարակությունը հոգնի, պայքար չմղենք։ Մենք բարոյական պարտք ունենք մեղավորներին պատժելու, մենք ենք անելու մեր կամքով։ Նրանք զոհվել են Հայաստանի ազատության համար»,- նշեց Մանուկյանը։



Այնուհետեւ նա ընթերցեց այդ օրը զոհված տասը քաղաքացիների անունները՝ ծափահարությունների ուղեկցությամբ։ Արամ Մանուկյանից հետո ելույթով հանդես եկավ 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ «Ամեն ինչ արել ենք, բայց սայլը տեղից չի շարժվում։ Երեկ լրացավ Սումգայիթի ջարդերի 30 տարելիցը, իսկ մեր իշխանությունները ինչո՞վ տարբերվեցին թուրքերից, որ քաղաքի կենտրոնում գնդակահարեցին քաղաքացիներին»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը։



Երթին մասնակցում էին մոտ 1000 քաղաքացի, նրանց շարքերում էին նաեւ մի քանի քաղաքական ուժեր՝ Ելք դաշինքը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, Հիմնադիր խորհրդարանը։ Երթը ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ, որոնք մեխակներ ունեին իրենց ձեռքերին: Երթի մասնակիցները «Պատժել Մարտի 1-ի ոճրագործներին» գրությամբ մեծ ցուցապաստառով, Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով եւ Հայաստանի դրոշով քայլեցին Երեւանի Մաշտոցի պողոտայով դեպի Մյասնիկյանի արձան եւ ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:



Ծաղիկ դնելու արարողությունը կատարվեց առանձին-առանձին․ նախ պատվանդանին մոտեցան ոստիկանները, այնուհետեւ միջոցառման կազմակերպիչները՝ ՀԱԿ-ՀԺԿ-ն, Հիմնադիր խորհրդարանն ու հետո միայն Ելք դաշինքը։ Մյասնիկյանի արձանի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարին ի նշան բողոքի՝ Մարտի 1-ի զոհերի լուսանկարներով պաստառը ձեռքին պառկել էր՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը իշխանություններին՝ Մարտի 1-ի ոճրագործությունը չբացահայտելու համար:



Ի դեպ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք-երթին չէր մասնակցում։ «Հրապարակը» Արամ Մանուկյանից հետաքրքվեց՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չմասնակցեց այսօրվա միջոցառմանը, նախկին պատգամավորը այդ հարցի պատասխանը չուներ․ «Երբեք ես այդ հարցին չեմ կարողացել պատասխանել, որովհետեւ միշտ Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշել՝ ուր է գնում, գնո՞ւմ է, թե՞ չի գնում։ Չնայած մենք մի կուսկացություն ենք, չնայած ես իր տեղակալն եմ, բայց մենք ազատ մարդիկ ենք։ 10-րդ տարելիցին Լեւոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց այս գրքի հրատարակությունը, իր բոլոր գնահատակններն այս գրքում են։ Ես այդ գիրքը հուշարձանն եմ համարում, որտեղ ամբողջությամբ հավաքել ենք ամենահիմնական լուրջ փաստերը, մեղադրանքներ՝ այս իշխանությանը փաստարկված։ Ես կարծում եմ՝ դա շատ ավելի կարեւոր է սերունդներին ներկայացնելու, աշխարհին ներկայացնելու, քան թե մի հատ էստեղ ներկա լինելը»։



Նշենք, որ հրատարակվել է «Մարտի 1-ի ոճրագործությունը» վերնագրով գիրքը, որն արդեն վաճառվում է գրախանութներում։



**Աննա Պապիկյան**