Ինքնասպան եղած Գայանեն նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել․ նոր մանրամասներ

Ինքնասպան եղած Գայանեն նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել․ նոր մանրամասներ
Սեյսմիկ ծառայության արեւմտյան ՊՈԱԿ-ի աշխատակից Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր երեկ գործած ինքնասպանությունը ցնցել է հանրությանը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից փորձեցինք մի քանի մանրամասներ ճշտել ինքնասպանություն գործած կնոջ՝ Գայանե Հարությունյանի մասին։



Ըստ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանի՝ Գայանեն եղել է ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ։ «Աշխատում էր սեյսմիկ ծառայության գործակալությունում, գործակալությունը լուծարվել էր եւ իրեն այլ պաշտոն էին առաջարկել դարձյալ սեյսմիկ ծառայության արեւմտյան ՊՈԱԿ-ում»,- ասաց Ֆաինա Վարդանյանը։



Մամուլում հրապարակվել էին տեղեկություններ, որ աշխատանքից ազատել էին նաեւ Գայանե Հարությունյանի մորը, ինչի պատճառով էլ նրանց ընտանիքը կանգնել էր սոցիալական խնդիրների առջեւ։ «Մայրը նույնպես աշխատում էր սեյսմիկ ծառայությունում, բայց տարիքը լրացել էր եւ անցել էր թոշակի։ Իսկ աղջիկը ոչ թե կրճատվել էր աշխատանքից, այլ գործակալությունն էր լուծարվել, ինքն էլ անցել էր այլ պաշտոնի»,- ասաց մեր զրուցակիցը։



Ֆաինա Վարդանյանը նշում է, որ փետրվարի 13-ին Գայանեն ներկայացել է աշխատանքի, որը եղել է նրա վերջին օրը, նրա պահվածքը ոչնչով չի տարբերվել նախկինի իր պահվածքից։ «Օրվա վերջում նա իր անմիջական ղեկավարից թույլտվություն է խնդրել, որ հաջորդ օրը մի փոքր ուշ ներկայանա, որովհետեւ պատրաստվում էր բժշկի գնալ, առողջական ինչ-որ խնդիրներ ուներ։ Անմիջական ղեկավարն իրեն թույլ էր տվել, որ հաջորդ օրը մի փոքր ուշ ներկայանա աշխատանքի։ Ինքն էլ գնացել է տուն։ Բայց հաջորդ օրը մայրը զանգել է ծառայության աշխատակիցներից մեկին եւ ասել, որ իր աղջիկը նախորդ օրվանից երեխայի հետ բացակայում է, միգուցե աշխատակիցներից մեկն ինչ-որ բան իմանա՞։ Եվ այդ ժամանակ էլ պարզվել է, որ մայրը դիմել է ոստիկանություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայտնի է նաեւ, որ Գայանեն ունի ծնողներ, երկու քույր։