Թշնամին օգտվում է մեր թուլությունից

Թշնամին օգտվում է մեր թուլությունից
«Մինչեւ 1880-ականները Թուրքիայում հրատարակված քարտեզների վրա «Էրմենիստան» բառը կար. սուլթան Համիդն այդ անունը ջնջեց քարտեզներից: Հայտարարեց՝ չկա տարածքը, չկա հայը, չկա Հայաստանը: Նույնը կատարվում է 100 տարի անց, բայց արդեն՝ Ադրբեջանի ձեռքով»,- անդրադառնալով Երեւանն ու Սյունիքը «գրավելու» ալիեւյան կլանի հայտարարությանը՝ ասաց պատմաբան Կամո Լալայանը:



Նրա կարծիքով, այս եւ սրան նախորդած հայտարարություններն ալիեւներն անում են՝ օգտվելով մեր թուլությունից ու բացթողումներից: «Եթե 2009-10 թվականներին մտածում էինք, որ դրանք ներքին լսարանի համար են, ապա հիմա այդպես չէ: Ալիեւն իր ժովովրդի մոտ տրամադրություն ու միջավայր է ստեղծում, ներքին լսարանին բերում խտացված մի վիճակի, որ ցանկացած պահի կարողանա պայթեցնել: Ալիեւի ասածը պատերազմի հայտարարություն էր: Եթե ուզում ենք այս տարածաշրջանում ապրել, պետք է նրա հետ քյալլա տանք»:



Եվ, որպեսզի քաղաքակիրթ աշխարհն Ադրբեջանը դիտարկի որպես տարածքային պահանջատեր, պաշտոնական Բաքուն պատմություն է կեղծում, կաշառում միջազգային կառույցներին: «Միջազգային կազմակերպություններն էլ Ալիեւի պես գիշատիչ ու խուլիգան են. մեր ժողովուրդը պետք է դա հասկանա: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրն ու Հայաստան պետությունը վերացնել տարածաշրջանից: Իսկ պատմությունը գնելն իրենց ծրագրի առանցքային քայլերից է»:



Մտավորականը զարմացած է, որ Ադրբեջանն իր հայատյաց ծրագիրը կյանքի կոչելու համար միջոցներ չի խնայում, իսկ մերոնք գումարները շռայլում են, որ ինչ-ինչ մարդասիրական շոուներ բեմադրեն: «Մենք փող ունենք, բայց դա «Ավրորայի» ու նման բաների համար է»,- ասաց Լալայանը:



Պատմաբանի կարծիքով՝ հասարակությունը եւս անտարբեր է արտաքին մարտահրավերների նկատմամբ, որովհետեւ դեռեւս 90-ականներից խնդիր չդրվեց անկախություն կերտող մարդ դաստիարակելու համար: Իսկ քաղաքական էլիտան՝ ՀՀԿ-ն, զբաղված է հռետորաբանությամբ. ինքն ասում է՝ ինքն իրեն ծափահարում: Ժողովուրդն ասես ավելորդ է, դրա համար էլ լքում է երկիրը:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**