Ի՞նչ է կատարվում Փհենչհան 2018-ում, ինչո՞ւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին դահուկներ չեն տրամադրել

Ի՞նչ է կատարվում Փհենչհան 2018-ում, ինչո՞ւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին դահուկներ չեն տրամադրել
Այսօր **hraparak.am**-ին է դիմել Փհենչհան 2018 օլիմպիական խաղերի մասնակից, 18-ամյա լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի ընկերներից մեկը՝ տեղեկացնելով, որ մեր լեռնադահուկորդը 5-6 օր է՝ միայն ֆիզմարզումներ է անցկացնում, նրան մինչև այսօր դահուկներ չեն տրամադրել, որպեսզի մինչև իր ելույթները նախապես մարզվելու հնարավորություն ունենա:



«Երբ հետը խոսեցի, այնքան հիասթափված էր, որ ասաց՝ քիչ է մնում, թողնեմ հետ գամ »,- ասաց նա: Ըստ մեր զրուցակցի, խնդիրն այստեղից է. մինչ օլիմպիադա մեկնելը Աշոտ Կարապետյանի անունը պատշաճ չի ներկայացվել օլիմպիականների ցուցակում: Ինչո՞ւ Հարավային Կորեայում մեր լեռնադահուկորդին դահուկներ չեն տրամադրել, եւ ո՞րն է պատճառը, փորձեցինք ճշտել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Կոմիտեի աշխատակիցը, ով այդպես էլ չներկայացավ,վստահորեն ասաց. «Ես կարող եմ ասել, որ նման բան չի կարող լինել»: Երբ հակադարձեցինք՝ ասելով, որ մտերիմները խոսել են նրա հետ, եւ մարզիկն անձամբ է վստահեցրել, օլիմպիական կոմիտեից խիստ պատասխանեցին. «Հավաստիացնում ենք, նման բան չկա, ո՞վ է խոսել հետը, ծնողնե՞րը, ծնողը տեղյա՞կ է դրանից, հարազատները կարող է կուրսի չեն: Էնտեղ մարդ ունենք, մեր պատվիրակության ղեկավարն է, դա կոպիտ եմ ասում, բայց պրովակացիա է: Դուք էլ բարեկամին հավատո՞ւմ եք»:



Ի դեպ, մեր տեղեկություններով, դահուկներ չեն տրամադրել միայն Աշոտ Կարապետյանին, մեր մյուս երկու մարզիկները նման խնդիրների հետ չեն բախվել: Մենք կապվեցինք նաև մարզիկի հոր՝ Գառնիկ Կարապետյանի հետ: «Աշոտը ինչ մեկնել է, չի մարզվում, դահուկներ չկա, նրան երկու տեսակի պրոֆեսիոնալ դահուկ պիտի տրամադրեին, չեն տրամադրել: Վատը այն է, որ այս պահին մեր այնտեղի անձնակազմը ու բոլորը պատրաստ են անգամ այլ տեղից ձեռք բերել, բայց չի ճարվում: Հիմա փորձում են այստեղից-այնտեղից հետաքրքրվել, որպեսզի գնեն, առայժմ չկա: Չեմ կարող ասել, թե որտեղից է այդ սխալը եկել, բայց մի բան հստակ է, որ նա մարզումներից բավական հետ է մնացել, ինչը հոգեբանորեն ընկճում է»,- մեզ հետ զրույցում պատմեց հայրը՝ նշելով, որ եթե այդպես շարունակվի, որդու վերադարձն իր կարծիքով առավել նպատակահարմար է:



Կարծում ենք՝ ՀԱՕԿ պատասխանատուներն այսքանից հետո պարտավոր են հետևություն անել:



Ավելացնենք, որ Աշոտ Կարապետյանը մրցելույթի դուրս կգա փետրվարի 18-ին ՝ հսկա ոլորավայրէջք եւ 22-ին՝ հատուկ ոլորավայրէջք մարզաձևերում:



**Արևիկ Հակոբյան**