Ан-148 ինքնաթիռի անկման վայրում որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին

Ан-148 ինքնաթիռի անկման վայրում որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին
Ан-148 ինքնաթիռի անկման վայրի մերձակայքում որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին,  «Россия 24»-ի եթերում հայտարարել է ՔԿ Մոսկվայի մարզի քննչական վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը:



«Որոնողական աշխատանքները մտան ավարտական փուլ: Անցյալ գիշեր դրանք իրականացվել են երեք հերթափոխով»,- ասել է պաշտոնյան:



Նրա խոսքով` ներկա պահին առաջնահերթության կարգով վթարի վայրից դուրս են բերվում մարդկանց մարմինների մասերը, որոնք հետազոտության համար ուղարկվում են Ժուկովսկի կենտրոն:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև ինքնաթիռի ավելի քան 500 բեկոր:



Հիշեցնենք, որ Ռոսավիացիայի տվյալներով` փետրվարի 11-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից բարձրանալուց քիչ անց  Մոսկվա-Օմսկ չվերթի Ан-148 ինքնաթիռը անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են: Հարուցվել է քրեական գործ` օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտումը, որ հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահվան հոդվածով: