Արմեն Սարգսյանը գիտի, որ Հայաստանում խանական համակարգ է, եկել է փոխի

Արմեն Սարգսյանը գիտի, որ Հայաստանում խանական համակարգ է, եկել է փոխի
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները քաղաքական դաշտի ու հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ առաջադրվելու հարցում իր վերջնական որոշումը կայացնելու համար նա Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել՝ ցանկանալով հանդիպել քաղաքական ուժերին, մտավորականներին, Սփյուռքի ու ԼՂ ներկայացուցիչներին։



Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է իշխող հանրապետականներին ու նրանց կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, ընդդիմադիր «Ելք» խմբակցությանը, մի շարք հանրային գործիչների, մտավորականների, հանդիպումներ է անցկացրել նաեւ Մոսկվայում, Միլանում, Փարիզում եւ հանդիպումների շարքը շարունակել է հանգստյան օրերին։ Ուրբաթ օրը «Ելք»-ի հետ հանդիպման ավարտից հետո նա ուղեւորվել էր Արցախ, ճանապարհին կանգ առել Գեղարքունիքի մարզում, Գավառի համալսարանում հանդիպել աշխատակազմի հետ։ Արցախում առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ, որից հետո ընդլայնված կազմով հանդիպել է նաեւ ԼՂ ԱԺ խոսնակի, պետնախարարի եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ։



Արցախից դրական են արձագանքում Սարգսյանի թեկնածությանը, Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը կարծում է, որ ընտրվելու դեպքում նա կարող է մեծ օգուտ բերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ «Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով»,- ըստ «Արցախպրեսի», Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Արմեն Սարգսյանը։ Վերադառնալով Երեւան՝ նա հանդիպել է «Ծառուկյան դաշինք» խմբակցության հետ․ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը տեղի կունենա մինչեւ շաբաթվա վերջ։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանը** հայտնեց, որ հանդիպման ընթացքում սուր հարցադրումներ են հնչել՝ աղքատության հաղթահարման, արտագաղթի տեմպերը մեղմելու, հարկային բեռի թեթեւացման, դատարանների անկախությունն ամրապնդելու եւ այլ ոլորտների հետ կապված։ Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ եթե առաջադրվի ու ընտրվի, քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու եւ փորձելու է շտկել իրավիճակը։ Հանդիպումը դրական տպավորություն է թողել պատգամավորի վրա, բայց դա չի նշանակում, որ իրենք վերջնական որոշում ունեն։ Արմեն Սարգսյանը դեռ պետք է հանդիպի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո իրենք այս պատասխանները կվերլուծեն, վերջնական որոշում կկայացնեն։ Ըստ նոր Սահմանադրության, նախագահին առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 79 կողմ ձայն: Կոալիցիոն պատգամավորները միասին ունեն 65 քվե, այսինքն՝ նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է եւս 14 ձայն: Ուստի «Ծառուկյան դաշինք» խմբակցության դիրքորոշումը որոշիչ է լինելու։ Կլինի միասնակա՞ն քվեարկություն, թե՞ ազատ․ պատգամավորը դժվարացավ պատասխանել՝ միաժամանակ ասելով, որ հանդիպման ընթացքում ոչ բոլոր պատգամավորներն են բավարարված եղել թեկնածուի պատասխաններից․ «Ամեն դեպքում, իր պատասխաններով նա ասում էր, թե ժամանակն է ամեն ինչի դատավորը, եւ իր ընտրությունից հետո պարզ կլինի, թե ինքն ինչ կարող է անել, ինչ՝ ոչ»։



Կիրակի օրը Սարգսյանին հյուրընկալել են նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, հանդիպմանը մասնակցել են ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը ու Սամվել Աբրահամյանը։ ՀԱԿ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպումը կայացել է Սարգսյանի «խնդրանքով», եւ որ հանդիպման ընթացքում խոսել են «2015 թվականին կեղծված սահմանադրական հանրաքվեի», ինչպես նաեւ «կեղծված խորհրդարանական ընտրությունների» մասին։ ՀԱԿ անդամները փոխանցել են Արմեն Սարգսյանին, որ նրա մասնակցությունը, թեկուզ որպես նախագահի թեկնածու, «կդիտվի որպես լեգիտիմացում այդ ապօրինություններին»։



Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանդիպմանը չմասնակցելու եւ առանձին հանդիպման վերաբերյալ ՀԱԿ գործադիր քարտուղար **Սամվել Աբրահամյանը** երեկ մեզ հայտնեց հետեւյալը․ «Մեր կուսակցության հաղորդագրության մեջ հստակ գրված է՝ հանդիպել են կուսակցության ներկայացուցիչները, այլ հանդիպում չի նախատեսվում»։ Նա շրջանցեց նաեւ մեր ճշտող հարցը՝ առաջին նախագահը հանդիպելու ցանկություն չունի՞։ «Մեր կուսակցությունում քննարկվել է, թե ովքեր պետք է մասնակցեն, ու հանդիպումը տեղի է ունեցել»։ Ինչ վերաբերում է իրենց հարցադրումներին Արմեն Սարգսյանի արձագանքին, ՀԱԿ անդամն ասաց, որ դրա մասին թերեւս ճիշտ կանի խոսի հենց թեկնածուն։

Ի դեպ, Արմեն Սարգսյանը երեկ «Ազատությանը» հայտնել է, որ իր գնահատականները «շատ հարցերում» տարբերվում են ՀԱԿ-ի գնահատականներից, իսկ «Շանթին» էլ՝ թե ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։



Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ արտախորհրդարանական ուժերի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ «Րաֆֆի Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին եւ մեր ժողովրդին»,- տեղեկացանք հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունից։ Կուսակցության վարչության հետ հանդիպումը նախատեսված է այսօր՝ կուսակցության գրասենյակում։ Վարչության անդամ **Սուսաննա Մուրադյանը** մեզ պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առանձին հանդիպելու ցանկություն է հայտնել անձամբ Արմեն Սարգսյանը։ «1991 թվականին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն է Արմեն Սարգսյանին առաջարկել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան»,- բացատրեց նա։ Նկատեցինք, որ Րաֆֆիի դրական վերաբերմունքն ակնհայտ է հաղորդագրությունից, Մուրադյանը դժվարացավ գնահատել․ «Ես կարող եմ ասել իմ ակնկալիքների մասին, որ եթե նույնիսկ Արմեն Սարգսյանն ինչ-որ բան փոխելու ազնիվ ցանկություններ ունի, ապա Սահմանադրությամբ այնքան քիչ են իր լիազորությունները, որ որեւէ էական բան դժվար թե կարողանա անել»։ «Ժառանգության» դիքորոշումը հայտնի կդառնա այսօր։



Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ արտախորհրդարանական այլ ուժերի հետ՝ ՌԱԿ, ՍԴՀԿ, Արամ Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցություն։



Հատկանշական է, որ ուրբաթ օրը թեկնածուն վստահեցնում էր, թե չգիտի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչն է խանգարում, որ իշխանամետ մանր կուսակցությունների հետ հանդիպելու փոխարեն հանդիպում նախաձեռնի այն ուժերի ու հասարակական շրջանակների հետ, որոնք պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատի, «Սասնա ծռեր» ջոկատի համակիրների, Սարի թաղի ձերբակալվածների հարազատների հետ։



Ճակատի աշխատանքային խմբի պատասխանատու **Պետրոս Մակեյանը** մեզ հայտնեց, որ հանդիպման առաջարկ չի եղել, երբ լինի, կքննարկեն, իսկ եթե չլինի, ուրեմն պետք է «համապատասխան եզրահանգումներ անել, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված է այս իշխանություններից»։ Մակեյանն Արմեն Սարգսյանի՝ քաղբանտարկյալների մասին պատասխաններից եզրակացրել է, որ թեկնածուն «ընդունում է քաղբանտարկյալների գոյությունը՝ ընդունելով, որ հասարակության մի շերտ եւս ընդունում է քաղբանտարկյալների գոյությունը»։ Արմեն Սարգսյանի հետ Մակեյանը «շփվել» է 20 տարի առաջ, երբ Շիրակի փոխմարզպետ էր, իսկ Սարգսյանը՝ վարչապետ, եւ դրական տպավորություն ունի նրա մասին ու ակնկալում է, որ Սարգսյանը, իր «տեսակին հավատարիմ» մնալով, եկել է Հայաստանում բան փոխելու․ «Նա արեւմտյան արժեհամակարգի կրող է, որոշակի ժողովրդավարական պատկերացումներ ունի, ինֆորմացված է Հայաստանում ստեղծված խանական համակարգի մասին եւ հաստատ իրազեկված է, որ Ալիեւն ավելի ազնիվ է աշխատում իր ժողովրդի հետ, ասում է՝ ես խան եմ, Սահմանադրությունը պիտի փոխեմ, որ խանի պես անընդհատ իշխեմ։ Իսկ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունն ամբողջովին խառնեց՝ իմիտացիա ստեղծելով, թե անցնում է ավելի ժողովրդավարական՝ պառլամենտական համակարգին»։ Մակեյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանն այս իրավիճակին ծանոթ լինելով՝ կա՛մ եկել է բան փոխելու, «կա՛մ էլ կհարմարվի խանական համակարգին»։

ՍԴՀԿ ԿՎ անդամ, կուսակցության հայաստանյան կառույցի նախկին ատենապետ **Նարեկ Գալստյանը** կոռեկտ չհամարեց մանրամասներ հրապարակել Արմեն Սարգսյանի եւ ՍԴՀԿ ԿՎ եւ Հայաստանի կառույցի վարչության անդամների նախօրեին կայացած հանդիպումից: Նա միայն ասաց, որ Արմեն Սարգսյանին ուղղել են իրենց հուզող բազմաթիվ հարցեր եւ ստացել պատասխաններ: Ի դեպ, հանդիպման ընթացքում Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է, հանդիպման ավարտից հետո նրան անմիջապես հոսպիտալացրել են ու վիրահատել։







**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**