Մոսկվան ու Բաքուն փորձում են դեմք պահպանել
Եթե մի ժամանակ ուշադիր հետեւում էի ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրություններին, ապա հոկտեմբերից այս կողմ այդ ուշադրությունն արդեն բացակայում է: Կարծում եմ, որ նույն վերաբերմունքն ունեն մեր երկրի բազմաթիվ այլ մարդիկ: Ի դեպ, համարյա նույն մակերեսային տարբերակով եմ հետեւում ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին: Ու այդ տրամադրվածությամբ ծանոթացա ՌԴ ՊՆ-ի հերթական հաղորդագրությանը, որը վերաբերում էր Արցախում տեղակայված զորախմբի ռոտացիան ավարտելուն: Սկզբում նույնիսկ չհասկացա էլ, թե ինչու է դա կատարվել: Եվ ինչու է թարմացված կոնտինգենտը վերադառնում Լեռնային Ղարաբաղ` «իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու»։ Հատկապես որ, ինչպես «Հրապարակ»-ն է տեղեկացել, ռուսական կոնտինգենտը տեղ է հասել Հայաստանի վրայով: Կարող էր, չէ՞, այսուհետ գնալ-գալ Աղդամի միջանցքով:
Նախ, եթե Արցախում համարյա թե հայ չի մնացել, ապա ում իրավունքներն է պաշտպանում ռուսական զորախումբը: Ենթադրում եմ, որ հենց ադրբեջանցիների իրավունքները, որոնք այդ երկրի իշխանության կողմից տեղափոխվում են Արցախ՝ վերադարձի անվան ներքո: Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է ընդունենք, որ Մոսկվան ու Բաքուն փորձում են միջազգայնորեն դեմք պահպանել: Այն է՝ պահպանել եռակողմ հայտարարության իրավաչափությունը մինչեւ 2025 թվականը: Ինչը նշանակում է, որ 2024 թվականի մայիսի 9-ին Ադրբեջանի նախագահը կդիմի ռուս գործընկերոջը՝ խաղաղապահ զորախումբն իր երկրի ինքնիշխան տարածքից դուրս բերելու առաջարկով: Եվ Վլ. Պուտինն ընդառաջ կգնա այդ խնդրանքին կամ պահանջին՝ նայած թե ինչպիսի փոխհարաբերություններ կլինեն այդ ժամանակ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ: Ինչն էլ, բնականաբար, պայմանավորված կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքով կամ դրա ավարտի ձեւաչափով:
Եռակողմ հայտարարության իրավաչափությունն անհրաժեշտ է նաեւ Հայաստանի տարածքով անցնելիք կոմունիկացիաների եւ ապաշրջափակվող սահմանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը սահմանելու նպատակով: Ինչին ուղղված է նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակը Մոսկվա վերադարձնելու ջանքերի ներդրումը: Այս առումով, սակայն, Իլհամն այլ կարծիք ունի, ինչի վկայությունը բանակցություններն առանց միջնորդների հայ-ադրբեջանական սահմանի վրա անցկացնելու առաջարկն է: Դա միաժամանակ Նիկոլին խեղճացնելու նպատակ է հետապնդում: Երբեմնի «դուխով» Նիկոլն Իլհամի դեմ-հանդիման կվերածվի «խեղճ հարիֆի» եւ կհամաձայնի Իլհամի բոլոր պահանջներին: Չէ՞ որ դա արվելու է հանուն «խաղաղության խաչմերուկի» հաստատման:
Այն, որ Նիկոլը գնալու է այդ քայլին, հաստատվում է ՀՀ իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմից: Իսկ ուղիղ բանակցային ֆորմատի ընդունելի լինելը հիմնավորվում է ինքնիշխանության, սուվերենության ուժեղացմամբ: Պատկերացնո՞ւմ եք, պատերազմում խայտառակ պարտություն կրած հայի ու հաղթանակած թուրքի միջեւ դեմ առ դեմ երկխոսությունը միտված է լինելու հայոց պետականության ուժեղացմանը: Դրանից ավելի ֆանտաստիկ ու աներեւակայելի իրողություն դժվար թե գտնվի մարդկային պատմության մեջ: Նիկոլին ու նրա ստորադասներին մեր ժողովրդի պատմությունը ոչինչ չի կարողանում սովորեցնել: Տվյալ դեպքում 100 տարի առաջվա հայ-թուրքական ուղիղ շփումների պատմությունը:
Կարծիքներ