Ուսանողները դժգոհ են, ռեկտորը՝ գոհ․ Բրյուսովի գլխին սև ամպեր են կուտակվել

Ուսանողները դժգոհ են, ռեկտորը՝ գոհ․ Բրյուսովի գլխին սև ամպեր են կուտակվել
Օրերս մեր խմբագրությունը նամակ էր [ստացել](https://www.hraparak.am/posts/5a5f2e8119479f2b73017d61/%D5%AD%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B7%D6%83%D5%B8%D5%A9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF-%D5%A2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4), որ Վ․ Բրյուսովի անվան երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի նոր ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, բուհը հասցրել է կաթվածահար վիճակի:



Նամակում, մասնավորապես, նշված էր, որ բուհում հաստիքներ են կրճատվել անհիմն կերպով, աշխատակիցների մի մասը դրա հետ համաձայն չլինելով՝ դիմել է դատարան։



«Լուծարվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք կարևոր հաստիքներ, և փոխարենը ընդլայնվել են մի քանի բաժիններ․ գնումների բաժինը /մեկ աշխատողի փոխարեն բաժնի ղեկավարի և մեկ գնումների մասնագետի հաստիքներ, շենք և շինությունների վարչությունը նախկինում ուներ մեկ աշխատակից, որն ուներ տարաբնույթ պարտականություններ, իսկ նոր կառուցվածքով վարչությունը կունենա վարչության պետ, պետի տեղակալ և ինժեների հաստիքներ, նորաստեղծ ֆինանսական վարչությունում ավելացվել է երեք դրամաշնորհային մասնագետի հաստիքներ և այլն․․․ Դեկտեմբերին ռեկտորը կազմակերպեց դրամահավաք բոլոր աշխատակիցներից՝ հայտարարելով, որ ստեղծում է հիմնադրամ, և տարբեր հաստիքներ զբաղեցնող անձինք զոհաբերեցին 500-ից մինչև 50 000 դրամ»,-նշված էր նամակի մեջ։



Օրերս էլ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Բրյուսովի ուսանողներն են իրենց դժգոհությունն արտահայտում ֆրանսերենի եւ եվրոպական լեզուների ամբիոնների միավորման դեմ․ «ԵՊԼՀ նորընտիր ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանում ձեռնամուխ է եղել մի շարք «բարեփոխումների» իրականացմանը, այդ թվում՝ ֆրանսերենի՝ շուրջ 70-ամյա պատմություն ունեցող ամբիոնի կցումը մեկ այլ ամբիոնի։ Ամբիոնի կարևորության չափը գիտակցող և գնահատող յուրաքանչյուր ոք չպետք է լռի և համակերպվի ռեկտորի ընդունած կամայական որոշումների հետ։ Ես՝ որպես Բրյուսովի ուսանող՝ բողոքում եմ. ձեռքներդ հեռու, ֆրանսերենի ամբիոնից»,-սոցցանցի իրենց էջերում գրում են ուսանողները։



Մենք կապ հաստատեցինք Կարինե Հարությունյանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բուհում կրճատվել է 2-3 հաստիք, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը չի փոխվել․ «Ես կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ դատարան դիմողներ չկան, հաստիքներ էլ շատ քիչ են կրճատվել։ Առաջարկվել է մարդկանց նոր աշխատանք, էնպես չի, որ չի առաջարկվել, բայց չեն համաձայնվել։ Շատ քիչ հաստիք է կրճատվել, նախ համալսարանը ֆինանսական կայունության խնդիր ուներ, եւ հետո՝ աշխատավարձերը շատ ցածր էին, որոշ չափով պետք է բարձրացվեր։ Ես կարողացել եմ մի քիչ բարձրացնել, ոչ թե կրճատումների հաշվին, այլ ավելի արդյունավետ ֆինանսական գործունեության։ Մի քանի տնտեսական մասից հաստիք կրճատվել է, պրոֆեսորադասախոսական կազմից ընդհանրապես ոչ մի մարդ չի կրճատվել, ոչ մի մարդու աշխատանք չի փոխվել։ Պրոռեկտորների հասիքներն են կրճատվել, որովհետեւ համալսարանը շատ պրոռեկտորներ ուներ, բայց իրենց առաջարկվել է այլ աշխատանք՝ որպես վարչության պետ, բայց այդ մարդիկ չեն համաձայնվել։ 2-3 հաստիք է կրճատվել ընդհանուր առմամբ»։



Ռեկտորը նշում է, որ Ֆեյսբուքում ծանոթացել է ուսանողների դժգոհություններին,իսկ ամբիոնների միավորումը նա կապում է ուսանողների քիչ լինելու հետ․ «Միավորվել է եվրոպական լեզուների ամբիոնը ֆրանսերենի ամբիոնի հետ՝ դառնալով ռոմանական լեզուների ամբիոն, ոչ մի ամբիոն չի լուծարվել, այդ երկու ամբիոները միացել են, որովհետեւ ուսանողների թվաքանակը առանձին երկու ամբիոններում շատ քիչ էր, իսկ դասախոսական կազմը ընդհանրապես չի փոխվել։ Ես նայել եմ ֆեյսբուքյան էջերը եւ կարդացել եմ, կարծում եմ՝ մի փոքր խումբ է, այդ ուսանողները ուղղակի ապատեղեկատվություն են տարածում»։



Անդրադառնալով դեկտեմբերին տեղի ունեցած դրամահավաքին, որի մասին նշված էր [նամակում](https://www.hraparak.am/posts/5a5f2e8119479f2b73017d61/%D5%AD%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D5%B7%D6%83%D5%B8%D5%A9-%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF-%D5%A2%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AC%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4), Կարինե Հարությունյանը հերքեց, թե դրամահավաքություն է կազմակերպվել։ Նշեց, որ ինքը հիմնադրամ չի ստեղծել, համալսարանը բացել է մի հաշիվ, որպեսզի դրամագլուխ ունենա, որը կլինի անձեռնմխելի՝ արտակարգ իրավիճակների համար։ «Մենք բացել ենք մի բանկային հաշիվ, որը բաց, թափանցիկ գործընթաց է, ես ընդամենը ասել եմ՝ եթե դասախոսներից մեկը ուզում է ներդրում անել, կամովի սկզբունքով կարող է անել։ Դեկտեմբերին 2 միլիոն դրամ է եղել հաշվեհամարին»-եզրափակեց ռեկտորը։



**Աննա Պապիկյան**