Գնաճի օգտակար հատկությունները

Գնաճի օգտակար հատկությունները
Երեկ Ազգային ժողովն իր դռներն էր բացել իշխանության կրկեսային խմբի առաջ, որը մի անհավանական ներկայացում բեմադրեց՝ վերջին ամիսների գնաճի օբյեկտիվության, անգամ օգտակարության մասին։ Հունվարի 10-ին Սերժ Սարգսյանը գնաճի թեմայով խորհրդակցություն հրավիրեց՝ ասելով, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի պարզ լինի՝ գնաճն օբյեկտիվ գործընթացների՞ արդյունք է, թե՞ տնտեսվարողների ագահության պատճառ, եւ հորդորեց միջոցներ գտնել գնաճի հետեւանքները մեղմելու համար։ Նաեւ առաջարկեց ԱԺ լսումներ կազմակերպել։



Երեկ «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումներն էին, որին մասնակցում էին ՀԿ-ների եւ իշխանության ներկայացուցիչներ, կառույցների ղեկավարներ։ ԱՎԾ պետի խոսքից պարզ դարձավ, որ գնաճը թույլատրելիի սահմանում է։ 2017-ի դեկտեմբերին 2016-ի նկատմամբ սպառողական գների աճը կազմել է 2,6 տոկոս։ ԿԲ նախագահ **Արթուր Ջավադյանն** էլ սպառիչ հիմնավորում ներկայացրեց կարագի թանկացման վերաբերյալ՝ հղում կատարելով առողջապահական միջազգային կազմակերպությունների հետազոտություններին, որոնք ապացուցել են, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը։ «Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը եւ պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ», ինչի հաշվին էլ գները կտրուկ բարձրացան։ Ջավադյանը հուսադրեց, որ հարեւան երկրներում գնաճն ավելի բարձր է։ ՏՄՊՊՀ ղեկավար **Արտակ Շաբոյանն** էլ իր հերթին փրկեց օլիգարխների պատիվը՝ կարագի գինն ամբողջ աշխարհում է բարձրացել՝ 2016-ի սեպտեմբերից, մեզ մոտ 4 ամիս հետո է անդրադառնում։ Իսկ դիզվառելիքի թանկացման պատճառը, ըստ նրա, Հարկային նոր օրենսգիրքն է։



Գյուղատնտեսության նախարար **Իգնատի Առաքելյանն** էլ փորձեց ապացուցել, որ մսի գնի բարձրացումը բերելու է անասնապահության զարգացման, եթե ուզում ենք գյուղացին մնա գյուղում, չպետք է ըմբոստանանք թանկացումների դեմ․ «Մեզ մոտ մսի գինը ցածր էր եւ թույլ չէր տալիս անասնապահությունը զարգացնել, եւ եթե մենք ուզում ենք, որ գյուղացին մնա գյուղում, անասնապահությամբ զբաղվի, գյուղատնտեսությունը զարգացնի եւ արտադրանք տա, ավելի կողմնակից պետք է լինենք մսի այս գնին, հակառակ դեպքում կունենանք դրսից ներմուծված ապրանքներ»: Նախարարի տվյալներով՝ հետաքրքրություն է առաջացել, կան քաղաքացիներ, որ տեղափոխվել են գյուղ եւ սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ, ու ստանում են եկամուտներ. Նա ասաց, որ մթերող ընկերությունների հետ են հանդիպելու եւ առաջարկելու են, որ մթերման գները բարձրացնեն, եթե դրա կարիքը կա: Իսկ դիզվառելիքի դեպքում կառավարությունը սուբսիդավորում խոստացավ։ Ֆինանսների նախարար **Վարդան Արամյանն** էլ լրագրողների հարցին, թե ինչպես շարքային քաղաքացին դիմակայի գնաճին, ապրել հնարավոր չէ, հուսադրեց՝ 2011-ին 7 տոկոս գնաճ ենք ունեցել, բայց ոչ մեկը չի մահացել։



«Թոշակառուների հայկական միավորում» ՀԿ նախագահ **Ռոլանդ Ավետիսյանը** խոսեց «Կարմիր գրքում գրանցված թոշակառուների ապրած բերկրանքի ու թշվառությունների» մասին. «Թոշակառուներն այսօր իսկապես ապրելու, իրենց կենսական պահանջները բավարարելու լուրջ խնդիրներ ունեն, այնքան լուրջ, որ նույնիսկ ԱԺ հարգարժան պատգամավորների հորդորները, որ ձեր ինչ գործն է միս ու կարագ ուտելը, կամ եթե ուտելու բան չունեք, կարտոշկա կերեք, մեկ է, կարտոշկան էլ թանկացավ 30 տոկոս։ Այս ամենի ֆոնի վրա բարձրաստիճան քրմերի հայտարարությունը, թե կառավարությունն ինչ մեղավոր է, ի վերջո, պարոն Շաբոյա՛ն, մեր հասարակությունն այսօր սոված է, մարդիկ հաց չեն ունենում: Խորհուրդ են տվել կարտոֆիլ ուտել, դա էլ չունենք, որեւէ մեկը մեղավորություն ունի՞, թե՞ չէ: Վերջապես մեր հասարակությունն անմե՞ղ է, թե՞ անմեղսունակ, եթե քննարկում ենք անում, եկեք հասկանանք ինչն ինչոց է»:



«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ **Բաբկեն Պիպոյանը** նկատեց, որ զեկուցողների հռետորաբանությունից տպավորություն է, որ քննարկում են ոչ թե գնաճը մեղմելու հնարավորությունները, այլ լսում են ապացույցներ, որ մեղմելու անհրաժեշտություն չկա։ Դեմկուսի նախագահ **Արամ Սարգսյանն** էլ հարց ուղղեց․ «Ձեր ելույթները լսելով, մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել այսօր` գնաճը քննարկելու համար, եթե այս ամենը շատ լավ է, բոլոր ցուցանիշներով մենք չենք զիջում Ադրբեջանին, Վրաստանին, Ռուսաստանին, էլ ի՞նչ ենք քննարկում»։ **Էդուարդ Շարմազանովն** էլ հանճարեղ բացահայտում արեց՝ որեւէ երկրում որեւէ իշխանություն չի կարող ուրախանալ գնաճով։ «Այնպիսի տպավորություն թող չստեղծվի, որ մեր ուշքը գնում է, որ առանձին ապրանքներ թանկանում են, եւ մեր ժողովրդի սոցիալական վիճակը դրանից ավելի կարող է վատթարանալ։ Մենք խորհրդային կարգերում չենք ապրում, որ Բաղրամյան 26-ում որոշում կայացվի, որ կարտոֆիլի գինը 50 դրամով չթանկանա: Մենք ազատ շուկայական պայմաններում ենք ապրում, պարտավոր ենք դրանք ապահովել»։ **Նիկոլ Փաշինյանն** էլ ելույթ ունեցավ․ «Ասում են` գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Որեւէ պրոբլեմ չկա, օրինակ` կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար ա, բա գիտությունը գիտե՞ք երբ ա բացահայտել, որ խառը կանաչին օգտակար ա: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բրթեք ձեր ավտոները, ինչ է, թեւներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիթնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»: Նա կոչ արեց քաղաքացիներին մասնակցել փետրվարի 5-ին կազմակերպվելիք երթին։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ դժգոհ էր լսումներից, նրա տպավորությամբ, ամեն ինչ արեցին՝ ապացուցելու, թե որքան լավ բան է գնաճը։ Հիշեցնենք, խմբակցության պատգամավորները «Ելքի» երթին չմասնակցելու որոշումը մեկնաբանում էին, որ իրենք նախընտրում են խորհրդարանական հարթակը, որտեղ օրենսդրական փոփոխություններ պարտադրելով՝ կհասնեն գների անկման։ Հետաքրքրվեցինք՝ այս լսումներից հետո գուցե մարտավարությո՞ւն փոխեք՝ փողոց դուրս գալով։ Պատգամավորը բացառեց՝ հույս հայտնելով, որ իշխանությունը հետեւություն կանի եւ կգնահատի օրենսդիրի աշխատանքը։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**