Լապտերներ եւ օրացույցներ ձեռքներին՝ Հայաստանից իջան Վրաստան

Լապտերներ եւ օրացույցներ ձեռքներին՝ Հայաստանից իջան Վրաստան
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը իր «Համաժողովրդական ընդվզում» նախաձեռնության «B» պլանին է անցել։ Դեռ անցած տարի շրջագայելով Հայաստանի մարզերով, անցնելով համայնքից համայնք, այնուհետեւ Սփյուռք՝ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ավետում էր մարդկանց իշխանափոխության, համաժողովրդական ընդվզման մասին։ Եվ, ահա, իրազեկման շրջանակում կուսակցությունը նորամուծություն է արել՝ այսուհետ այցելելով բնակավայրեր նրանք մարդկանց են բաժանելու օրացույցներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պետք է նշի այն օրը, երբ բոլորով միասին դուրս են գալու համահայկական ընդվզման, եւ նրանց է նվիրվելու հատուկ հայերի համար ԱՄՆ-ից ուղարկված «հեղափոխության» լապտերներ, որոնք, ըստ «Երկիր Ծիրանիի», համընդհանուր այս խավարում պետք է լույս սփռեն։ Այս «նվերները» առաջինը պետք է ստանային ջավախքցիները, սակայն երեկ ընդդիմադիր տիկնոջ մուտքը Վրաստան սահմանապահներն արգելել են։ Փոստանջյանը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր: Ի դեպ, ընդդիմադիր քաղգործիչը հատուկ իր խոսքում ընդգծում է, որ արգելվել է միայն իր մուտքը, մինչդեռ կուսակցության մյուս անդամներին թույլատրվել է մուտք գործել վրացական սահման:



Ըստ Փոստանջյանի՝ ինքը փորձել է ճշտել արգելքի պատճառները։ Օրինակ՝ արդյոք կասկածվո՞ւմ է որևէ հանցագործության կատարման մեջ, վարակակի՞ր է կամ սպառնալի՞ք է ներկայացնում Վրաստանի անվտանգության համար և այլն, Վրաստանի սահմանապահները սակայն որևէ հիմնավորում չեն ներկայացրել՝ փոխանցելով մի գրություն, որում անգլերենից թարգմանաբար որպես արգելքի պատճառ է նշված՝ «օրենքով նախատեսված այլ դեպքեր»:



Կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը դեպքի վերաբերյալ հայտարարեց, որ սա չի լինելու խոչընդոտ, եւ ոչ մի իշխանություն, ոչ մի Սերժ Սարգսյան չի կարող իրենց հետ պահել իրենց մտադրությունից, Հայաստանը փրկելու քայլերից։



Այս ամենի առնչությամբ Փոստանջյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը:



«Երկիր Ծիրանիի» փոխնախագահ **Կարապետ Աղաջանյանը** «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դեռ պատասխան չեն ստացել ոչ դեսպանություններից եւ ոչ էլ ԱԳՆ-ից։ Աղաջանյանը չի կարող վստահ ասել, որ դիտմամբ չեն թողել Փոստանջյանին վրացական սահման․ «Պիտի մի բանում վստահ լինես,շատ բան կարելի է մտածել՝ մինչեւ անձնական միջոցների օգտագործում, բայց պետք է վստահ լինես։ Որեւէ պատճառաբանություն չեն բերել, ասել են, որ պետք է գրավոր դիմել, որպեսզի պատասխանեն»։



**-Պարոն Աղաջանյան, կրկին իրազեկում եք իրականացնում, սակայն մեկ անգամ արդեն նույն գործողությունը կատարել էիք։**



-Այո, ժամանակը ցույց կտա։ Բավարար արդյունք չի տվել, ժամանակի ընթացքում պետք է անընդհատ դրանով զբաղվել։



**-Ի վերջո ե՞րբ է լինելու համաժողովրդական ընդզվումը։**



-Օրվա մասին որեւիցե խոսք չի կարող լինել, ինքը՝ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, ժողովուրդը պետք է նշանակի, դա իր կամքն է։



**-Հանդիպումների ժամանկ չե՞ն նշել՝ երբ են պատրաստ ընդվզման։**



-Կարծում եմ՝ բոլորի մոտ էլ ընդվզման ցանկությունը կա, դրան ուղղված քայլերին պատրաստ չեն, բայց բոլորի մոտ էլ այդ ցանկությունը կա։



**Աննա Պապիկյան**