Շուշան Պետրոսյանի չարդարացված հայրենասիրական պաթոսի մասին

Շուշան Պետրոսյանի չարդարացված հայրենասիրական պաթոսի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի այսօրվա էմոցիոնալ ելույթը ԱԺ-ում, տարատեսակ քննարկումների առիթ է տվել ֆեյսբուքահայության շրջանում: Կարծիքները հիմնականում երկու մասի են բաժանվել, ինչպես որ լինում է սովորաբար. Մեծամասնությունը որքան կարողանում քննադատում ու քլնգում է Շուշան Պետրոսյանի ելույթը, այն համարելով արհեստական, չարդարացված հայրենասիրական պաթոսով լցված, հատկապես, որ Շուշանի որդին արդեն բանակային զինակոչի տարիքը լրացրել է եւ չի զորակոչվել առողջական խնդիրներից ելնելով եւ ներկայումս էլ, ինչպես հենց Շուշան Պետրոսյանն իր խոսքում նշեց Հայկական երկրորդի եթերում, Գայանե Փայտյանի հեղինակային հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ, գտնվում է բուժման մեջ: Իհարկե, առողջություն եւ շուտափույթ ապաքինում Շուշան Պետրոսյանի որդուն: Սակայն, հասարակության համար, հատկապես Վիգեն Սարգսյանի հայտնի արարքից հետո, հայրենասիրական չհիմնավորված պաթոսը մեղմ ասած, մերժելի է եւ արձագանքն էլ` բացասական:



Ակամա հիշեցի մի դրվագ այս տարվա Տաշիր շոուից` Աշոտ Ղազարյանի կատարմամբ: Խոսքն այն դրվագի մասին է, որտեղ Երեւանի օդը ինչքան ասես գովերգելուց հետո կերպարային հերոսը, այսինքն Աշոտ Ղազարյանը, բացում է Երեւանի օդի բանկան եւ հոտոտելով զզվանքով հայտարարում, որ իր ընկերը, ով իբրեւ թե Երեւանի օդ էր բերել բանկայով եւ վաճարել իրեն, եւ որը նա ցանկանում էր բացել ու թողնել, որ տարածվի դահլիճում ու ոգեւորի հանդիսատեսին, ապրում է Սովետաշենի աղբանոցի մոտ եւ բերած հոտն էլ հասկանալիորեն աղբանոցի գարշահոտությունն է: Շուշան Պետրոսյանի ելույթը հենց այս պատկերավոր ասած` Սովետաշենի աղբանոցի օդի ազդեցությունն ունեցավ մարդկանց վրա, քանի որ այն չափից դուրս ճոռոմաբանված էր, չափից դուրս հագեցած պաթետիզմով: Ի դեպ, Վանո Սիրադեղյանն ավելի դիպուկ խոսքեր ունի հայրենիքը սիրելու եւ գյադաների ժամանակի մասին:



Տիգրան Վահանե