«Շանթ» հեռուստաընկերությունը պայքար է սկսել օնլայն «գողերի» դեմ

«Շանթ» հեռուստաընկերությունը պայքար է սկսել օնլայն «գողերի» դեմ
«Շանթ» հեռուստաընկերությունը պայքար է սկսել օնլայն տեսահենների դեմ, ովքեր ամիսներ շարունակ խախտել են հեռուստաընկերության հեղինակային իրավունքներն ու յուրացրել հեռուստատեսային արտադրանքը։ Դեռեւս 2016թ․ մայիսին «Շանթ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավապահները հաղորդում էին ստացել այն մասին, որ մի շարք համացանցային կայքերի միջոցով ուղիղ ռեժիմով հեռարձակվում է «Շանթ» հեռուստաալիքը, տեղադրվում են հեռուստաընկերության արտադրած ծրագրերը՝ այդպիսով խախտելով իրենց հեղինակային եւ հարակից իրավունքները: Ավելին՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով (հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, եթե այդ արարքը խոշոր չափի վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։



Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից՝ ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում պարզվել է, որ ավելի քան 20 կայքերի միջոցով հեռարձակվում են հեռուստահաղորդումները՝ առանց հեղինակի թույլտվության, տարածվում նրանց կողմից պատրաստված հաղորդումները։ Կայքերի սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ։



«Շանթ» հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ խոսքը ոչ միայն սերիալների մասին է, այլ նաեւ մի շարք նախագծերի, սիթքոմների․ «Խնդիրը եղել է ոչ միայն «Սահմանին» սերիալի, այլ նաեւ «Անուղղելիները», «Էլենի օրագիրը» սերիալների, «OUTDANCE» սիթքոմի դեպքում, այս փուլում ակտիվ գողացվողները սրանք են»։



Ինչպես նկատեցին հեռուստաընկերությունից, այս պրոցեսն արդեն ներառում է ոչ միայն «Շանթ» հեռուստաընկերությանը, այլ նաեւ առաջատար մյուս հեռուստաընկերություններին, քանի որ Հայաստանում տեսահենության դեմ լայնածավալ պայքար է սկսված, որի նախաձեռնողը դարձել է «Շանթը»․ «Այո, կան որոշակի իրավական գործընթացներ, կասկածյալներ, կայքեր, տեսահենությամբ զբաղվող հարթակներ, որոնք պետք է դադարեցնեն անօրինական ցուցադրել հայկական հեռուստաարտադրանքը ու դրանից հսկայական գումարներ վաստակել, որովհետեւ փաստացի այդ գումարները գողացված են եւ կարող են ուղղվել հայ ստեղծագործողին, դրանից կբարձրանա ե՛ւ դերասանների վարձատրությունը, ե՛ւ հնարավոր կլինի նոր նախագծեր անել»։



Հետաքրքիրն այն է, որ կայքերի մի մասն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում, մի մասը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, իսկ մեկը՝ Ուկրաինայում գտնվող սերվերային կայքերի միջոցով: Համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության, քրեական գործի շրջանակներում դատարանից թույլտվություն է ստացվել` դիտարկվող կայքերը ստեղծած եւ հասանելիություն ստացած IP հասցեներն ստանալու վերաբերյալ, որոնց հիման վրա հարցումներ են ուղարկվել նշված երկրների իրավասու մարմիններին:



Ռուսաստանի Դաշնությունից ստացված հարցման արդյունքների համաձայն` համացանցային կայքերից մեկը՝ www.arm-film.ru-ն, գրանցված է Երեւանի բնակչի անվամբ, իսկ կայքի սեփականատերը Երեւանի բնակիչ է, ով ամիսներ շարունակ, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործել է հեռուստաընկերության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկու հեռուստասերիալի սերիաները՝ դրանք տեղադրելով եւ տարածելով համացանցային կայքում՝ առանց ընկերության համաձայնության՝ այդպիսով պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Նախաքննության ընթացքում ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող, իսկ 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:



«Կան տեսահեններ, որ բնավորված են արտերկրում, իրենք այդ արտադրանքը ներկայացնում են մինչեւ անգամ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին։ Ի դեպ, դա միայն հեռուստաընկերություններին չի վնասում։ Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ այդ տեսանյութերը դնում են կայքերում, որտեղ ներկայացված է անբարո կոնտենտ։ Մարդը, ով ուզում է սերիալ նայի կամ սիթքոմ, ակամայից հայտնվում է մի տիրույթում, որտեղ պոռնո նյութեր են տեղադրված կամ նմանատիպ գովազդներ։ Էլ չեմ ասում գողացված արտադրանքի ցածր որակի մասին, քանի որ ուղիղ արտադրանքը չունեն, ձայնագրում են տարբեր հարթակներից եւ դրան գումարած նաեւ այն, որ երբեմն կտրտում են իրենց ցանկացած հատվածից, այսինքն՝ անգամ բովանդակային առումով նյութը տուժում է»։



Հեղինակային իրավունքների համար մղվող պայքարն այս անգամ տարբերվում է նախորդ պայքարի փուլերից իր մասշտաբով, վճռականությամբ եւ իրավապահ մարմինների ներգրավմամբ, ինչպես նաեւ հանրությանը ծանուցելով՝ համոզված են հեռուստաընկերությունում․ «Հանրությունն էլ պետք է իմանա, որ դրանով տեսահենները կպնում են ոչ միայն հեռուստաընկերության գրպանին, այլ նաեւ մտնում են իրենց տուն, քանի որ համակարգչի մեջ վիրուս գցելով՝ հասնում են մինչեւ նրանց բանկային հաշիվներին, այսինքն՝ այսպիսի լայն դիապազոնով կարող են նման վնաս հասցնել»։



Ինչպես նշեցին հեռուստաընկերությունից, սա միայն սկիզբն է, եւ պայքարը տանելու են ոչ թե մեկ սերիալի կամ նախագծի ուղղությամբ, այլ ամբողջ հեռուստաարտադրանքի, ավելին՝ կարծում են, որ այս քայլով նաեւ հեռուստադիտողի մոտ պետք է ձեւավորվի մշակույթ․ «Ինչպես որ վերջին տարիներին ժողովուրդը դադարեց փողոցից սննդամթերք առնել, նույնկերպ պետք է հասկանան, որ արտադրողի հարթակներից պետք է օգտվեն միայն՝ դա կլինի «Շանթ» հեռուստաընկերությունը, թե մյուս հեռուստաընկերությունների արտադրանքը»։



Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ համացանցային մյուս կայքերի սեփականատերերին հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:



_ՀԳ․ Ի դեպ, մամուլը եւս ունի այս խնդիրը, երբ որոշ լրատվամիջոցներ բովանդակություն են ստեղծում՝ դրա վրա ծախսելով ժամանակ ու ֆինանսներ, իսկ պարազիտ կայքերը դրանք գողանում են եւ ընթերցող, դիտումներ ու անաշխատ եկամուտ ստանում ուրիշի արտադրանքից։_



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**