Ո՞վ պետք է կոռուպցիան վերացնի, ո՞վ պետք է այդ համաձայնագիրն իրագործի՝ այս իշխանությո՞ւնը

Ո՞վ պետք է կոռուպցիան վերացնի, ո՞վ պետք է այդ համաձայնագիրն իրագործի՝ այս իշխանությո՞ւնը
Շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում ուրբաթ օրը կյանքի կոչվեց Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որ նախաստորագրվել էր 2017 թ․ մարտ ամսին։ Այն ստորագրվեց Բրյուսելում հրավիրված Արեւելյան գործընկերության վեհաժողովի ժամանակ, բոլոր 6 անդամ երկրների մասնակցությամբ։ Հայ հանրության մի ստվար հատված ցնծությամբ ընդունեց այս իրողությունը՝ ի տարբերություն 2013-ին ստորագրված Մաքսային միությանն անդամակցության փաստաթղթի։



Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի վերաբերյալ գնահատականները տարբեր են, ելնելով տնտեսության, անվտանգության խնդիրներից, արտաքին քաղաքականության իրավիճակից եւ այն իրողությունից, որ տարիներ առաջ բանակցված, բայց չստորագրված Խորը եւ համապարփակ ասոցացման համաձայնագրին այն արմատապես զիջում է։ Քաղաքական ենթատեքստ ունեցող ծրագիրը փոխարինվում է համագործակցության համաձայնագրով։ Սակայն մի հարցում կա համընդհանուր գնահատական՝ համաձայնագիրն արձանագրում է Հայաստանի քաղաքակրթական պատկանելությունը, նոր էջ բացում Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններում։



Իսկ իշխանական շրջանակներում ուղղակի տոն է, նույնիսկ երբեմնի ակնառու ռուսամետներն են դիֆերամբներ ձոնում Սերժ Սարգսյանին՝ իր որդեգրած «եւ-եւ»-ի քաղաքականությունը, ի վերջո, իրականություն դարձնելու համար։ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը թերեւս առանցքային իրադարձություն դարձավ նախ այն պատճառով, որ Հայաստանը ժամանակին դարձավ առաջին երկիրը, որ 2013-ին հաջողությամբ ավարտելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները, շատերի համար անսպասելի հայտարարեց, որ միանում է Մաքսային միությանը: Անցած 4 տարիներին Հայաստանը հետեւում էր, թե ինչպես Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին այդ համաձայնագիրը, մտան Եվրոպայի հետ ազատ առեւտրի գոտի, ստացան առանց վիզային ռեժիմ: Նույն ճանապարհն անցավ Ուկրաինան` հեղափոխության ու պատերազմի միջով: Հայաստանը  դարձավ առայժմ միակ երկիրը, որ նոյեմբերի 24-ին նոր համաձայնագրի ստորագրումով ԵՄ-ի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացրեց` լինելով ԵԱՏՄ անդամ:



Սակայն կյանքը ցույց է տալիս, որ երկու լարի վրա խաղացողները երկար ճանապարհ չեն գնում, դառնում են անվստահելի գործընկեր՝ մեկ սպասարկելով մի կողմին, մեկ՝ մյուսին, ու կորցնում ամեն ինչ։ Ինչեւէ, որքան էլ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը կարեւոր լինի, այն ընդամենը փաստաթուղթ է, որը դեռ պետք է կյանքի կոչել։ Կփոխի՞ արդյոք համաձայնագիրը կոռուպցիայի վերացման, քաղաքացիական հասարակության կայացման, արդար ընտրությունների եւ այլ հարցերում հայաստանյան իրավիճակը, կբարելավի՞ հայաստանցիների կյանքի որակը, թե՞ կմնա թղթի վրա, ցույց կտա ժամանակը։



Քաղաքագետ **Մանվել Սարգսյանը** խիստ կասկածում է․ «Ո՞վ պետք կոռուպցիան վերացնի, ո՞վ պետք է այդ համաձայնագիրն իրագործի, այս իշխանությո՞ւնը»։ Եվ փաստում է․ «Նույն կոռուպցիոներներն այսօր իշխանության են։ Ասում են, թե սա Հայաստանի դեմոկրատացմանն ուղղված փաստաթուղթ է։ Այո, համաձայն եմ, բայց երբ բոլոր կոռուպցիոներներն ու բռնապետներն իրենց տեղում են, ո՞վ պետք է կյանքի կոչի այդ համաձայնագիրը»։ Քաղաքագետի կարծիքով՝ ԵՄ-Հայաստան ընդլայնված գործակցության համաձայնագրի ստորագրումը պետք է դիտարկել սոսկ աշխարհաքաղաքական իրողությունների  համատեքստում՝ չստեղծելով պատրանք, թե Հայաստանին հաջողվեց իրականացնել «եւ-եւի»-ի քաղաքականություն․ «Այս առումով շատ կարեւոր է Անգելա Մերկելի հայտարարությունն այս առիթով․ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ «հարեւանությունն արեւելյան երկրների հետ սերտ կապված է Եվրոպայի անվտանգության հետ»»։ Քաղաքագետը համոզված է, որ Եվրոպան մեզ հետ գործակցեց՝ նախեւառաջ սեփական շահից ելնելով։ Այդուհանդերձ, նրա բնորոշմամբ՝ ստորագրված փաստաթուղթն իսկապես ֆունդամենտալ է․ «Եթե մենք նայենք գեոպոլիտիկայի շրջանակներում, շատ ֆունդամենտալ համաձայնագիր է, որը ցույց է տալիս առհասարակ աշխարհի զարգացման ուղղությունը։ Օրինակ՝ ինչո՞ւ էր Ռուսաստանը չորս տարի առաջ դեմ, հիմա դեմ չէ։ Սա շատ էական խնդիր է եւ լրջագույն  փոփոխություն միջազգային հարաբերություններում։ Սա ամենաէականն է եւ կապված է ուրիշ խնդիրների հետ։ Երբ Ռուսաստանը մտավ Սիրիա, բոլորովին նոր իրողություններ, նոր փուլ առաջ եկան՝ նոր իրողություններ, նոր հարաբերություններ միջազգային ասպարեզում, որոնք էլ հնարավոր դարձրին, որ Ռուսաստանը հանգիստ ձեռք քաշի Հայաստանից, եւ ստորագրվի համաձայնագիրը»։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ Սիրիայում ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունից հետո Ռուսաստանը միացավ Ղարաբաղի խնդրում ստատուս-քվոն պահպանելու միջազգային կոնսենսուսին։



Քաղաքագետ **Լեւոն Շիրինյանն** էլ կարծում է, որ իրականում այդ փաստաթուղթը հայ ժողովրդի քաղաքակրթական «նվաճումն» է․ «Ապրիլյան պատերազմն անկախության, ինքնիշխանության պահպանման պատերազմ էր, որն արտացոլվեց նաեւ «Սասնա ծռերի» ու Սարի թաղի ապստամբություններում։ Այս բոլորը հանգեցրեց զիջումների ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Ռուսաստանի կողմից, դրան գումարած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ այլն։ Այս փաստաթղթի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանում գործերն այնքան էլ լավ չեն։ Հայաստանի հետ կապված՝ լրացուցիչ բեռ պետք չէր։ Եվ այս համաձայնագիրն իսկապես մեր ժողովրդի, ավելի ճիշտ՝ անկախության սերնդի նվաճումն է։ 5-րդ շարասյունը ջախջախվեց եւ պարտվեց»։ Քաղաքագետի խոսքով՝ հիմա կարեւորը հավատարիմ մնալն ու կյանքի կոչելն է համաձայնագրի նախանշած բարեփոխումները․ «Բայց ընտրակեղծիքներով ընտրվածը ո՞նց պետք է մաքուր ընտրություններ անի, դժվար է ասել։ Բայց չպիտի խափանել այն, ինչը մեզ դժվարությամբ տրվեց»։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**