Ես ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ

Ես ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ
Ուսանողների հետ կազմակերպված «կլոր սեղանի» մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չորս ժամ տեւած քննարկումից հետո մեր հարցին ի պատասխան ասաց, որ ուսանողների բոլոր առաջարկներն էլ ընդունելի են։ Մեր դիտարկմանը, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը քննարկման ընթացքում միանշանակ չընդունեց առաջարկներից երկրորդը՝ բակալավրիատի ընթացքում ընդհատումներով ծառայություն իրականացնելու վերաբերյալ, Հակոբյանը պատասխանեց․ «Քննարկման ընթացքը կարող է այլ լինել, եզրահանգումը՝ այլ»։



**- Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձեր որդին էլ չի ծառայել ու օգտվել է տարկետման իրավունքից, բայց դա չի խանգարում, որ Դուք ողջունեք այս նախագիծը եւ ուսանողներին կոչ անեք գնալ ու ծառայել։**



- Ես նման կոչ չեմ արել, ասել եմ՝ սեղանին դրված են կրթության անընդհատության սկզբունքի պահպանման եւ ծառայության հարցերը, երկուսն էլ պետք է բավարարել։



**- Ձեր որդին օգտվել է առաջինից ու չի ծառայել։**



- Հա, չի ծառայել ու շատ մարդ չի ծառայել, Հայաստանում 4 հազար հոգի չի ծառայել։



**- Իսկ ինչո՞ւ չի ծառայել։**



- Չգիտեմ։



**- Ձեր որդին չի ծառայել, ու Դուք չգիտե՞ք, թե ինչու։**



- Ես շատ լավ գիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, Դուք էլ գնացեք հարցրեք՝ ինչու չի ծառայել, անձնական գաղտնիք է, ես չեմ կարող ասել, ես Ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ։



**- Գիտնակա՞ն է Ձեր տղան։**



- Այո, գիտնական է։



**- Իսկ ո՞ր ոլորտում։**



Չի պատասխանում։



**- Փաստորեն, նոր օրենքի ընդունումից հետո էլ միայն պաշտոնյաների որդիներն են բացառիկ գիտնականներ լինելու։**



- Այ, դրա համար ասում ենք՝ բերեք օրենքը փոխենք… Եթե այս պարտադիր ծառայությունը շուտ լիներ, այդ դեպքում պաշտոնյաների որդիները գիտնական չէին լինի։



**- Իսկ ի՞նչ երաշխիք, որ այս օրենքից հետո էլ ձեր որդիները կեղծ գիտնականներ չեն դառնալու։**



- Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ, որոնք, այսպես ասած՝ հասարակության հայելին են, մենք զերծ չենք օբյեկտիվ ու սուբյեկտիվ ունենալու սկզբունքից։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**