Դասալիքները՝ ընդդեմ ուսանողների

Դասալիքները՝ ընդդեմ ուսանողների
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին դեմ արտահայտվող ուսանողների եւ օրենսդիր-գործադիր մարմնի ներկայացուցիչների կլոր-սեղան չորսժամյա քննարկումն ավարտվեց այն համաձայնությամբ, որ իշխանության համար ընդունելի է ուսանողների ներկայացրած առաջարկների քննարկումը։ Հաջորդ քննարկումը տեղի կունենա կառավարությունում։ Հիշեցնենք, որ ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչները շաբաթներ առաջ օրինագծի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, վեցօրյա դասադուլ եւ հացադուլ արեցին, որոնք դադարեցվեցին նոյեմբերի 15-ին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան հրավիրել իշխանությունների հետ:



Չնայած պարզ չէր, թե ինչ էր տալու քննարկումը, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, որ օրենքը հետ կանչելու մտադրություն չունեն։ Ուսանողները, որոնք բողոքի ակցիաների ժամանակ օրենքը կասեցնելու պահանջ էին ներկայացնում, 2 այլ առաջարկ ներկայացրին, որոնք դեռեւս պետք է քննարկվեն ինչպես կառավարության, այնպես էլ ԱԺ ներկայացուցիչների կողմից։ Նրանք կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը հնարավորություն կտա ապահովել գիտական եւ կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաեւ ուսումնառության անընդհատությունը եւ կբացառի կոռուպցիան։ Երկրորդ կետով նախաձեռնության անդամ **Դավիթ Պետրոսյանն** առաջարկեց «ոչ թե բուհը տանել բանակ, այլ բանակը բերել բուհ», մասնավորապես՝ բակալավրիատի ընթացքում զինվորական ծառայություն անցնել։



«4 տարվա բակալավրիատի ընթացքում մեկուկես տարվա ծառայությունը մենք բաշխում ենք այդ չորս տարվա մեջ, այսինքն՝ տարվա ընթացքում։ Սա կարելի է, իհարկե, քննարկել, մոտ չորս ամիս ծառայություն՝ երկու-երկու ամիս կտրվածքով։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Ուսանողի կրթության անընդհատության սկզբունքը չի խախտվում, եւ, միեւնույն ժամանակ, նա անցնում է ծառայություն։ Այսինքն՝ 4 տարի ուսանողը լինում է ծառայության մեջ, միեւնույն ժամանակ նա համալսարանում շարունակում է իր կրթությունը»,- ասաց Պետրոսյանը։ Պաշտպանության փոխնախարար **Արտակ Զաքարյանը** տեղում գրեթե բացառեց այդ առաջարկի իրագործումը։ «Դուք ծառայության մի տեսակ եք առաջարկում, որ միայն Շվեյցարիայում կա` անհատական գրաֆիկով ծառայություն, այսինքն, օրինակ, ձմռանը մի քիչ ժամանակ ունեմ, կգամ ծառայության։ Ասենք՝ Մելիք Ադամյան 1 հասցեում ավելի լավ է ծառայել՝ գիտությանը օգտակար լինելու համար, քան Բագրեւանդո՞ւմ»,- տարակուսեց Զաքարյանը։ Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ուսանողներն առաջարկեցին, որ վեց ամիս էլ մագիստրատուրայի ընթացքում ծառայությունը շարունակվի։ «Երբ որ չորս տարին զինվորը բակալավրիատում արդեն անցնում է, լավ ծառայության դեպքում ու նաեւ կրթության ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում նա ստանում է սերժանտի կամ ավագ սերժանտի աստիճան, սա պետք է կանոնակարգվի, ու արդեն մագիստրատուրա ընդունվելու դեպքում նա էլի տարկետում է ստանում, բայց մինչ այդ, վեց ամիս էլի անցնում է ծառայություն։ Այստեղ կա երեք տարբերակ՝ կա՛մ վեց ամիս ծառայությունն անցնում է մինչեւ մագիստրատուրան, կա՛մ վեց ամիսը մենք երեք-երեք ամսով բաշխում ենք մագիստրատուրայի ընթացքում, կա՛մ էլ մագիստրատուրան ավարտում է եւ վեց ամիս զորակոչվում բանակ, այստեղ նա արդեն ստանում է լեյտենանտի աստիճան»,- ասաց Դավիթ Պետրոսյանը։



Կառավարության ներկայացուցիչների մոտեցումն այն էր, որ խնդիրն օրենքի հետ կապված չէ, զինծառայության մասին օրենքն արդեն ընդունվել է, եւ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն կառավարության որոշումներով եւ ենթաօրենսդրական ակտերով։ «Գնդակը կառավարության դաշտում է»,- հայտարարեց Շարմազանովը, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում փաստաթղթավորել ու արձանագրել բոլոր առաջարկները, աշխատանքային խումբ ձեւավորել եւ հաջորդ քննարկումը կազմակերպել կառավարությունում։ Ուսանողները, ընդհանուր առմամբ, գոհ էին հանդիպման ընթացքից, սակայն, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում։ Քանի որ երբ տարկետման իրավունքն օրենսդրորեն վերացված է, դժվար թե ենթաօրենսդրական ակտերն օրենքին հակասող տրամաբանություն եւ փիլիսոփայություն ունենան: Փոխարենը ուսանողների գլխի տակ փափուկ բարձ դնելով եւ ժամանակ շահելով՝ իշխանությունը կհանգցնի բողոքի օջախը։ Երեկվա քննարկման ամենամեծ զավեշտը թերեւս այն էր, որ տարկետումով բանակից ազատված, սեփական որդիներին բանակից ազատած պատգամավորներն ուսանողներին խորհուրդ էին տալիս հրաժարվել տարկետումից ու գնալ բանակ։ Զորօրինակ՝ Էդուարդ Շարմազանովը, որը ժամանակին ինքն էր այդ պահանջով դասադուլ անում, կամ՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ու պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, որոնց որդիները, գիտության ծարավ ունենալով, ազատվել են պարտադիր ծառայությունից։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**