Մոլի ընդդիմադիրները

Մոլի ընդդիմադիրները
Երեկ, երբ տարկետման իրավունքի դեմ ուսանողության պայքարը մտավ ծայրահեղ փուլ, եւ առավոտյան հայտնի դարձավ, որ հինգ ուսանող փակվել են ԵՊՀ-ի սենյակներից մեկում ու հացադուլ են անում՝ ակնկալելով, որ հայրենի երեսփոխանները կհրաժարվեն աղմկահարույց նախագծից, որը երեկ խորհրդարանում երկրորդ ընթերցում էր անցնում ու թերեւս կընդունվի այսօր, ԱԺ նիստի մեկնարկի առաջին իսկ րոպեներից բուռն կրքեր բռնկվեցին դահլիճում։ Խորհրդարանում վերջապես զգացվեց երկրորդ ուժի՝ «Ծառուկյան դաշինքի» ընդդիմադիր շունչը, բայց ոչ թե ի պաշտպանություն ուսանողների, այլ «Առինջ մոլի» առեւտրականների։ Ծառուկյանական պատգամավորները խմբակային գրոհ սկսեցին կառավարության ու Մոնումենտում կառավարության մի շարք անդամների դղյակների դեմ։



Հայտարարվեց, որ առավոտյան մի քանի հազար ստորագրություններով բոլոր խմբակցություններին էին դիմել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» առեւտրականները՝ պահանջելով արձագանքել եւ լուծում տալ իրենց նկատմամբ կիրառվող հարկային կոշտ վարչարարությանը, որը, իրենց կարծիքով, ուղեկցվում է անթույլատրելի ստուգումներով:



«Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորներ վարման կարգի վերաբերյալ հերթագրվեցին եւ մեկը մյուսի հետեւից քննադատեցին կառավարությանն ու ՊԵԿ-ին: ԱԺ փոխխոսնակ **Միքայել Մելքումյանն** ասաց, որ իրենք ավելի վաղ դիմել են ՊԵԿ նախագահին եւ վարչապետին՝ հարկային կոշտ վարչարարության հետ կապված, եւ հորդորել հրաժարվել այդ քաղաքականությունից, սակայն՝ ապարդյուն։ «Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ առեւտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Բանը հասել է նրան, որ օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները տարբեր մարդկանց վրաերթի են ենթարկում, եւ տեղի են ունեցել բախումներ»,- ասաց Մելքումյանը, ապա կառավարությանը ցույց տվեց փողի տեղը, թե որտեղից կարելի է հարկ հավաքել՝ գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգը:



**Նաիրա Զոհրաբյանն** էլ հայտարարեց, որ այս պահին ուղղակի հարկային տեռորի են ենթարկում առեւտրականներին. «Ուզում եք մարդիկ մի կտոր հացից զրկվեն։ Այն, ինչ անում են պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է․ բացել մարդկանց պայուսակները, ստուգել՝ որեւէ կառույց դրա իրավունքը չունի: Բյուջե՞ եք ուզում լցնել՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա եւ այլ մոնոպոլիստներ: Գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը, պիտի ճիշտ տեղն իմանա, թե որտեղ գնա: Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակները, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ, ոչ թե մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտեք»: Ի դեպ, ոմանք դահլիճում հիշեցին, որ Մոնումենտում է նաեւ ԲՀԿ-ի մերձավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը:



Խոսեցին նաեւ այլ պատգամավորներ՝ Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը: Էդուարդ Շարմազանովը հանձնարարում էր անջատել նրանց խոսափողները՝ նշելով, որ հարցն օրակարգի հետ կապ չունի: Աղմուկ-աղաղակ բարձրացավ, պատգամավորներն առանց խոսափողի գոռգոռում էին: Դաշինքի պատգամավոր **Արարատ Զուրաբյանն** առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել: «Ելք» խմբակցության ղեկավար **Նիկոլ Փաշինյանը** նույնպես փաստեց, որ իրենց խմբակցությունն առավոտյան ստացել է առեւտրականների նամակը, իրենք դեմ են ցանկացած տեսակի տեռորի: «Այստեղ հնչեցին առաջարկություններ՝ ստեղծել հանձնաժողովներ՝ գազի ու բենզինի ոլորտում իրավիճակն ուսումնասիրելու: Մենք միանշանակ կողմ ենք նման նախաձեռնություններին եւ համապատասխան նախաձեռնությունների դեպքում կմիանանք այդ խնդիրների ուսումնասիրությանը: Ինչ վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակին, մենք այդ դիմումներին սահմանված կարգով ընթացք կտանք եւ խնդրով լրջորեն կզբաղվենք»,- ասաց Փաշինյանը։



Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, ասել էր, որ «մոլի» աշխատակիցները հարկերից խուսափելու համար են նման ակցիաներ անում։ «Չի կարելի միտինգ անելով խուսափել հարկերից: Այդ առեւտրականների հետ հանդիպում է եղել, մանրամասն բացատրվել է՝ ինչ պետք է անեն, եթե դրանից էլ են խուսափում եւ փորձում են մանիպուլյացիայի դիմել, չի լինելու: Կոշտ վարչարարություն է լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով նաեւ, որ Ծառուկյանն իր ընկերն է: «Առինջ մոլի» աշխատակիցները բողոքում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքով նախատեսվող փաստաթղթաշրջանառության կրճատում: ՊեԿ նախագահն ասում էր` իրենք առեւտրականներին անգամ առաջարկել են անվճար հաշվապահություն: Վերջիններս հրաժարվել են:



Երեկ, երբ «մոլի» ընդդիմադիրները խորհրդարանում գրոհում էին կառավարության դեմ, Առինջի առեւտրականներն էլ թիկունքն էին պահում ԱԺ դարպասների մոտ։ Այս իրավիճակը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունն է առաջնորդվում նեղ, հատվածական շահերով։ Երբ անցած տարի «Հրազդան» տոնավաճառի, իսկ վերջերս Ֆիրդուսի շուկայի առեւտրականները նույնպես խնդիրների առաջ էին կանգնել, ԲՀԿ-ականները նույն եռանդով չէին լծվել այդ մարդկանց իրավունքների պաշտպանությանը։



Խմբակցության պատգամավոր **Գեւորգ Պետրոսյանը** մեզ հետ զրույցում չհամաձայնեց այդ դիտարկման հետ՝ ասելով, որ իրենք ոչ միայն «Առինջ մոլի», այլեւ «Ռոսիա մոլի» եւ այլ առեւտրականների կողմից են բողոքներ ստացել, սակայն ԱԺ դարպասների մոտ ցուցարարները բացառապես Առինջի առեւտրականներն էին։ Անդրադառնալով ՊԵԿ նախագահի՝ լրագրողների հետ զրույցին, Պետրոսյանը նկատեց․ «Շատերի մտքով կարող է անցնել, որ Գագիկ Ծառուկյանն իրենց ընկերն է, բայց մարդիկ պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը»։ Պատգամավորն ասաց, թե կապ չունի՝ այդ մարդիկ իրե՞նց են ընտրել, թե՞ ուրիշ ուժի, իրենք նրանց ընդունում են որպես ՀՀ քաղաքացիներ, որոնք խնդիր ունեն ու դիմել են իրենց օգնությանը։ Հիշեցրինք նաեւ դասադուլ անող երիտասարդների մասին, հարցնելով՝ ինչո՞ւ չեք մտահոգվում նաեւ այդ երիտասարդների խնդրով։ «Իհարկե, նրանց խնդիրները մեզ հետաքրքրում են, մենք առաջին ընթերցմամբ օրենքին կողմ ենք քվեարկել, քանի որ գերակայում են այն դրույթները, որոնք կոչված են ապահովել մեր անվտանգությունը»։



Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ իշխանությունը պետք է լիցքաթափի ուսանողության շրջանում առաջացած ընդվզումը, իսկ իրենք անհանգստացած են, որ պատերազմական շրջանում երկրում ներքին խժդժություններ են հրահրվում։ Հետաքրքրվեցինք, քանի որ ՊԵԿ-ը չի ընդունում իր ապօրինի գործունեությունը, որի մասին պնդում է խմբակցությունը, հնարավո՞ր է պահանջեն վարչապետի հրաժարականը կամ անվստահություն հայտնեն։ Պետրոսյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորների քանակը բավարար չէ անվստահություն հայտնելու համար․ «Սակայն այստեղ խոսքը կառավարության ծրագրի ձեւական պահանջ առաջ քաշելը չէ»։



Նշենք, որ այսօրվա նիստում, հավանաբար, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի եւ կանցնի զինապարտության մասին օրենքի նախագիծը, որը կվերացնի ակադեմիական տարկետումը մեզանում։ Կարող ենք արձանագրել, որ ուսանողների պայքարն արդյունք չտվեց։





**Լուսինե Շահվերդյան**