Ոչ թե տարկետում լինելու ա, այլ հաստատ լինելու ա․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ, ֆոտոշարք)

Ոչ թե տարկետում լինելու ա, այլ հաստատ լինելու ա․ Վիգեն Սարգսյան (տեսանյութ, ֆոտոշարք)
Կառավարության կայքում քիչ առաջ հրապարակվեց վարչապետ Կարեն Կարապետյանի, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպման տեսագրությունը: Ուսանողների նկատառումները լսելով՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը հետևյալ կերպ է պատասխանել նրանց. «Տղեք ջան, նայեք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել, անպայման լինելու եք»: Պաշտպանության նախարարը նշել է նաեւ, որ ոչ թե տարկետում չի լինելու հետագայում, այլ անպայման տարկետում լինելու է. «Ես վստահ չեմ, թե դուք օրենքի նախագիծն ամբողջությամբ կարդացել եք, թե ոչ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ դուք ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն հասարակությանն իրազեկելու եւ մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում»: Նախարարը նկատել է, որ առաջին անգամ պետությունը քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում եւ եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը դեմ է այդ մտքին: «Ես համարում եմ, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ ինքը կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ եւ ասի՝ դու ընտրի, ոնց ես ուզում ծառայես»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ թվելով օրենքից բխող առաջարկները



Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը: Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ և պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք: Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաև այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատում են, թե՝ ոչ, դրանից գիտությունը տուժում է, թե՝ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ: Բոլորս համոզված ենք և գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա: Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,- հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը: Այնուհետև ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող կառավարության մոտ յոթ տասնյակ որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:



Ի դեպ, ուսանողներին չի բավարարել այս հանդիպումը եւ նրանք մտադիր են շարունակել դասադուլը։«Մենք ասում ենք, որ մեր առաջարկները պետք է քննարկման դրվեն մինչև օրենքի ընդունումը, իսկ նրանք մեզ ասացին, որ միայն օրենքի ընդունումից հետո դա կարող է լինել։ Մեր նախաձեռնությունը իր գաղափարական, արժեհամակարգային որդեգրումների մեջ փոփոխություններ չի նախատեսում, մենք տարկետման ինստիտուտի վերացման օրինագծին դեմ ենք։ Մեր խոսքերին դեմ էր ոչ միայն Վիգեն Սարգսյանը, դրան դեմ էր նաևԿարեն Կարապետյանը, Լևոն Մկրտչյանը։ Կարելի է այնպես հասկանալ, որ մեր ասածները այնքան ծանրակշիռ չէին, որ այդ օրենքը չընդունվեր»,-կառավարությունում հանդիպումից հետո հայտարարեց նախաձեռնության կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանը։