Կլինեն մարդիկ, որ դուրս կգան փայտով, ուրիշները՝ զենքով․ Ալեք Պողոսյանը շարունակելու է պայքարել (լուսանկարներ)

Կլինեն մարդիկ, որ դուրս կգան փայտով, ուրիշները՝ զենքով․ Ալեք Պողոսյանը շարունակելու է պայքարել (լուսանկարներ)

Կոշ քրեակատարողական հիմնարկից նոր-նոր դուրս եկած Ալեք Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պատրաստվում զբաղվել, ո՞րն է լինելու առաջին անելիքը, պարոն Պողոսյանն առանց երկմտելու պատասխանեց․ «Պատրաստվում եմ պայքարը շարունակել, այդպես վերամբարձ խոսքեր չլինի, բայց պայքարը կշարունակենք մեր Հայաստանն անկախացնելու»։



2013 թվականի նոյեմբերի 5-ից ի վեր կալանավորված, ապա 4 տարի ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանն այսօր արդեն ազատության մեջ է։ Նրան եկել էր դիմավորելու ընտանիքը՝ իր ափսոսանքի միակ հանգամանքը։ Հիշեցնենք, որ Ալեք Պողոսյանը Շանթ Հարությունյանի համախոհներից էր, նա ևս մասնակցում էր «Արժեքների հեղափոխությանը»։



-Պարո՛ն Պողոսյան, 4 տարի անազատության մեջ եք գտնվել, ափսոսանքի զգացողություն չունե՞ք։



-Ափսոսում եմ ընտանիքիս, երեխաներիս համար, որ առանց հայր են մնացել այդ 4 տարին, բայց եթե հաղթանակի շանս ունենք, կհաղթենք, Հայաստանում բան կարողանանք փոխել, ինչի՞ պետք է ափսոսեմ։ Եթե կարողանանք ինչ-որ մի նպատակ, գոնե ինչ-որ բան փոխենք, ափսոսելու բան չկա։



-Ձեզ ոգեշնչո՞ւմ է այն միտքը, որ ամեն տարի Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, այսպես ասած պահում է «ավանդույթը», նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» է իրականացնում։



-Ես էլ պետք է պայքարեմ իմ ընկերների ազատության համար, բայց ես մտադիր եմ մասնակցելու այն միջոցառումներին, որը տուն չի գնալու, պայքարելու է հաղթանակի համար։ Եթե այսօր հավաքվեցինք ու տուն գնացինք․․․ դա չգիտեմ, անիմաստ եմ համարում ինչ-որ տեղ։ Պետք է լինի այն միջոցառումը, որ էլ տուն չգնանք, գնանք մինչև հաղթանակ։



-Իսկ այս ընթացքում հետևե՞լ եք Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, Սասնա ծռերի գործողություններին։



-Որքանով հնարավոր է եղել, հետևել եմ։ Սասնա ծռերի մասով կարող եմ ասել՝ Հայաստանը հիմա ազգային-ազատագրական պայքարի մեջ է, և ազգային-ազատագրական պայքարի մեջ ցանկացած քայլ ես համարում եմ ճիշտ։ Եթե մարդիկ համարում են, որ զենքով պայքարը դա ճիշտ ձև չի, նույնն է, որ ասենք մեկը գա ձեր տունը քանդի, իսկ դու ընդամենը գոռաս, խոսես՝ մի՛ քանդեք մեր տունը։ Կլինեն մարդիկ որ դրա դեմ դուրս կգան փայտով, ուրիշները կհելնեն զենքով, որ իրենց տունը չթողնեն քանդել, և նորմալ է։ Պետք է պատրաստ լինես, եթե հայրենիքը վտանգի մեջ է, ամեն ձևի պայքարն ընդունելի է։ Հայաաստանն այնպիսի թշնամի ունի, Անգլիայի պես քաղաքակիրթ թշնամի չի Հայաստանի թշնամին։ Մահաթմա Գանդին պայքարել է, քաղաքակիրթ ճանապարհով հասել է անկախության, Հայաստանի թշնամին դա Ռուսաստանն է, որը շատ բիրտ թշնամի է, և այդ ձևի թշնամու դեմ քաղաքակիրթ ճանապարհներով չի անցնում, մեր թշնամին քաղաքակիրթ թշնամի չէ։



-Պարո՛ն Պողոսյան, քաղաքական դաշտում եղան հայտարարություններ, որ հնարավոր է հաջորդ տարի թավշյա հեղափոոխություն իրականացնեն, իսկ օրինակ Զարուհի Փոստանջյանն էլ այժմ մարզերով է շրջում մարդկանց ոտքի հանելու համար։ Կա՞ մի ուժ, որին Դուք չասեմ վստահում եք, բայց գաղափարապես սատարում եք։



-Ես կողմ եմ բոլոր այն քաղաքական ուժերի պայքարին, ովքեր գտնում են, որ Հայաստանն անկախ չի Ռուսաստանից, Ռուսաստանն է Հայաստանում թելադրում թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ ներքին քաղաքականություն, թե՛ ամբողջ տնտեսությունն է Ռուսաստանի ձեռքին։ Ռուսաստանն այսօր պատճառաբանելով, թե Հայաստանի շահերից է ինքը գործում, Հայաստանի անվտանգության անվան տակ իրենք իրենց աշխարհաքաղաքական շահերով այստեղ զորք ունեն, գործողությունները լրիվ իրենց շահերից են անում այստեղ, ով պայքարում է դրա դեմ, ով հասկանում է, որ Ռուսաստանը մեր բարեկամը չի, ընդամենը մեզ օգտագործում է, և պայքարում է դրա դեմ, ես նորմալ եմ վերաբերում դրան, նման կուսակցություններին և շարժումներին։ Իսկ ընդամենը իշխանափոխությունների համար, ինչ-որ բաների դեմ պայքարելը, դա անիմաստ տեղափոխություններ են, այդքան բան։



Վերջում, Ալեք Պողոսյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցողներին, նա համարում է, որ իրենց սատարելն ինչ-որ տեղ ինքնազոհողություն է եղել, բայց այդ ամենն օգնել է իրենց ավելի թեթև տանել չարչարանքները կալանքի մեջ։



Հիշեցնենք, որ մինչև դատավարության ավարտն էլ թե՛ Ալեք Պողոսյանը, թե՛ վերջինիս փաստաբանը պնդում էին, որ երթի օրն Ալեք Պողոսյանը ոչ մեկին փայտով չի հարվածել․ «Նրա մեղավորությունը չի ապացուցվել ո՛չ դեպքի օրվա տեսանյութերով, ո՛չ վկաների տված ցուցմունքներով: Վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել միայն ոստիկանների ցուցմունքը, դրանք համարել է ճշմարտություն, իսկ ամբաստանյալների ցուցմունքները՝ անարժանահավատ»․- հայտարարել է Էդուարդ Աղաջանյանը։ Տեղեկացնենք նաև, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատական գործով բողոքն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։