Տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողներին համալսարանը խաբե՞լ է

Տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողներին համալսարանը խաբե՞լ է

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնության դեմ ուսանողների բողոքը նոր թափ է ստանում։ Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին ԵՊՀ մաթեմատիակայի և մեխանիկայի ֆակուլտետը գիտական խորհրդի նիստ է արել և որոշել դատապարտել զինապարտության մասին օրենքի փոփոխությունը (ըստ նոր օրենքի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի): Այդ որոշմանը միաձայն կողմ են քվեարկել ֆակուլտետի գիտխորհրդի անդամ և ուսանողները, և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները։ Արդյունքում պետք է ստեղծվեր 4 հոգուց բաղկացած հանձնախումբ, որոնք պիտի մշակեին օրինագիծը դատապարտող նամակի տեքստը, որը պետք է ուղարկվեր կառավարություն, բայց նամակն այդպես էլ չի շարադրվել։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ պատճառը համալսարանի ղեկավարության ճնշումներն են եղել։



Մեր տեղեկությունը հաստատեցին թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից և թե մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողներից, որոնցից Արամ Գրիգորյանը ևս մասնակցել է հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ֆակուլտետային գիտխորհրդի նիստին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ որոշում է կայացվել համալսարանի գիտխորհուրդ ներկայացնել օրինագիծը դատապարտող բողոք-նամակը, որպեսզի իրենք որոշեն՝ իրենց անունից ուղարկե՞ն կառավարություն, թե՝ ոչ։ «Մենք ուզում էինք մեր ֆակուլտետի անունից ներկայացնել, բայց հետո որոշվեց, որ մյուս հինգշաբթի համալսարանի գիտխորհրդում քննարկել ու համալսարանի անունից ուղարկել»։ Հարցին, թե առաջարկը՝ մյուս հինգշաբթի համալսարանի գիտխորհրդի նիստում քննարկել այդ հարցը, համալսարանի ղեկավարությո՞ւնն է արել, Արամ Գրիգորյանը նշեց, որ տեղյակ չէ.«Ասեցին՝ այդպես է որոշվել»։



Համալսարանի ղեկավարության ճնշումների՞ հետևանքով են այդ որոշմանը եկել, Արամ Գրիգորյանը երկմտեց. «Ճիշտն ասած, չգիտեմ՝ ճնշումը եղել է, թե ոչ, թե ուղղակի համաձայնության են եկել։ Ես վերջնականը իմացա, որ պետք է բողոք-նամակը ֆակուլտետի անունից չլինի։ Համալսարանի գիտխորհուրդը կորոշի։ Իսկ մեր ֆակուլտետի գիտխորհրդի նիստում, որ որոշումը կայացրել ենք, քվորում եղել է, մոտ 25 դասախոս է մասնակցել։ Հինգշաբթի օրն էլ ընդհանուր համալսարանի գիտխորհրդի նիստն է լինելու, և հարցը կքննարկվի»։



«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն էլ հավելեց, որ համալսարանի ղեկավարությունը ասել է, որ նման որոշում՝ կառավարություն նամակ-բողոք ուղարկելու, չի կարող ֆակուլտետն ուղարկել. «Հարցը պետք է քննարկվի եկող հինգշաբթի օրը՝ ամբողջ համալսարանի գիտխորհրդի նիստի ժամանակ»։



Ու քանի դեռ ուսանողները հույս են փայփայում հաջորդ հինգշաբթի քննարկել հարցը համալսարանի ղեկավարության հետ, համալսարանից մեզ հայտնեցին, որ իրենց գիտխորհրդի հաջորդ նիստը նոյեմբերի 30-ին է լինելու, և որ հինգշաբթի օրը իրենք նիստ չեն նախատեսել։ «Մեր հաջորդ գիտխորհրդի նիստը նոյեմբերի վերջերն է՝ նոյեմբերի 30-ին, մենք կքննարկենք։ Իսկ եթե հինգշաբթի օրը լիներ, ես հաստատ կիմանայի»,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը։ Մեր հարցին, թե ուսանողները հույս ունեն այս հինգշաբթի քննարկումը կազմակերպել, քանի որ օրինագիծը հերթական քառօրյայի ընթացքում հնարավոր է՝ 2-րդ, ապա նաև վերջնական ընթերցում անցնի, և օրենքը կյանքի կոչվի, Կարեն Գրիգորյանը նշեց, որ նման առաջարկություն չի եղել, առաջարկություն է եղել համալսարանի գիտխորհրդում պարզապես քննարկել հարցը. «Իրենք իրենց գիտխորհրդում քննարկել են, իրենց մտահոգությունն են հայտնել և դիմել համալսարանի ղեկավարությանը՝ առաջարկելով գիտխորհրդի նիստում հարցը քննարկվի։ Էստեղ միայն օրենքի խնդիրը չի, մենք օրենքի նախագիծը չենք քննարկելու գիտխորհրդում, ստեղ ընդհանուր գիտության առջև ծառացած խնդիրների, վտանգների և այդ բոլոր մարտահրավերների և այլնի մասին ա խոսքը։Իսկ իրենք իրենց կարծիքը հայտնել են, մարդիկ, ովքեր որ ցանկացել են, բարձրաձայնել են, այսինքն՝ ոչ համալսարանի ղեկավարությունը, ոչ ոք դա չի խոչընդոտել»։



Հարցին, թե համալսարանի ղեկավարությունն ինչպե՞ս է ընդունում «Հանուն գիտության զարգացման» ուսանողական նախաձեռնության քայլերը, մի շարք ԵՊՀ-ականների դասադուլը, ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը մեկ բառ նշեց՝ ըմբռնումով։ Հետաքրքրվեցինք նաև, թե օրենքի այս նախագծի վերաբերյալ համալսարանի ղեկավարության դիրքորոշման մեջ փոփոխություններ եղե՞լ են, Կարեն Գրիգորյանը նշեց, որ ռեկտորն արդեն ԱԺ-ում հայտնել է իր կարծիքը.«Որոշ մտահոգություններ կան, միևնույն ժամանակ հասկանում ենք օրենքի նախագիծն առաջարկողների տեսակետը և կողմ ենք արտահայտվում դրան։ Բայց էն, որ մտածում ենք գիտության և կրթության մասին, դա էլ կա»։ Մեր պնդմանը, թե այդ դեպքում համալսարանը այդ մտահոգությունների մասով որևէ քայլ չի՞ պատրաստվում անել, վարչության պետը պատասխանեց. «Մտահոգություն կա, բայց հիմա դա պետք ա մի քիչ վերլուծվի, հասկանանք՝ մեկը մյուսի հետ ինչն է կապված, ինչը կապված չի։ Այսինքն՝ միանշանակ ասելը դժվար է»։ «Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է վերլուծելու» հարցին էլ ստացանք հետևյալ պատասխանը. «Ելակետ չընդունել այն գաղափարը, թե բանակ գնացիր՝ վերջ, կտրվում է ամեն ինչ, այսօր շատ հաջողված մասնագետներ ունենք համալսարանում ու համասլարանից դուրս, գիտնականներ, ովքեր որ բանակում ծառայել են...»։



Վով Մուշեղյան