Պուտինը դաձյալ փրկում է Ալիեւին

Պուտինը դաձյալ փրկում է Ալիեւին

Մոսկվայում բացվել է «Մոսկվա-Բաքու առանցք. նոր հայացք Կովկասի աշխարհաքաղաքականությանը» թեմայով խորհրդաժողով: Այն վարել է եվրասիականության հայտնի ջատագով, քաղաքագետ եւ փիլիսոփա Դուգինը: Միջոցառմանը մասնակցել են ՌԴ նախագահի օգնականը, պետդումայի եւ Դաշնային խորհրդի անդամներ: Ադրբեջանը ներկայացրել են Միլլի մեջլիսի պատգամավորներ, ռուսական համայնքի ղեկավարը, մշակութային գործիչներ: Խորհրդաժողովին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը:



Մի քանի օր առաջ, անդրադառնալով արեւմտյան մամուլում Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների թեմայով հրապարակումներին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել էր, թե Ադրբեջանի վրա ճնշումներ են գործադրվում որպես Ռուսաստանի դաշնակից երկրի եւ նրա փորձում պարտադրել այլ ընտրություն: Դատելով խնդրո առարկա խորհրդաժողովի մասին դեռեւս թռուցիկ եւ հատվածական տեղեկատվությունից, այն անցնում է բավական պաթետիկ տոնայնությամբ: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները շոշափում են «գունավոր հեղափոխությունների անթույլատրելիության» հանգամանքը: Տպավորություն է, որ ՌԴ նախագահի աշծատակազմի հովանու ներքո կազմակերպված միջոցառումը միայն մի նպատակ ունի՝ ցույց տալ, թե որքան կարեւոր երկիր է Ադրբեջանը, եւ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ «նրան որոշումներ պարտադրվեն»:



Այս տոնայնությունը մի կողմից վկայում է, որ Ադրբեջանում իրավիճակը կարող է դառնալ անկառավարելի:Մյուս կողմից հարց է ծագում, թե Ռուսաստանն ի՞նչ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով է ապահովագրում Ալիեւին: Խնդիրը դրվում է այնպես, որ եթե Ադրբեջանում Ալիեւի իշխանությունը տապալվի, ապա դա Ռուսաստանի համար հավասար կլինի աղետի: Ամեն ինչ, այսպիսով, դրվում է Պուտին-Ալիեւ հարաբերությունների հարթությունում: Եւ կարելի է մեծ հավանականությամբ եզրակացնել, որ սեպտեմբերի 14-ին տրվել է եկող տարի սպասվող՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունների քաղտեխնոլոգիական մեկնարկը: Այն կանցնի ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը նվիրված համանման միջոցառումների մթնոլորտում: Այսպիսով հասկանալի է դառնում, որ հերթական անգամ Ռուսաստանի նախագահ Պուտինը փրկում է Ալիեւին՝ կանխորոշելով նրա կողմից իշխանության հարցի լուծման ելքը:



Արտառոցն այն է, որ նույն օրը Բաքվում մինչեւ 2050թվականը երկարաձգվել է «դարի գործարքի» գործողության ժամկետը: «ԱԶերի-Գյունեշլի-Չիրաղ» նավթահանքերի համալիրի շահագործումը կշարունակվի: Դա էլ Ալիեւի վարչակազմի համար տնտեսական փրկօղակի դեր կխաղա: Մնում է ենթադրել, թե իրար միջեւ ինչպես են Ալիեւին եւ Ադրբեջանը կիսելու արեւմտյան նավթագազային կորպորոցիաները եւ Ռուսաստանը:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ