Արարատի մարզպետարանը լուծարել է Հովիկ Աբրահամյանի ՍՊԸ-ների հետ պայմանագրերը

Արարատի մարզպետարանը լուծարել է Հովիկ Աբրահամյանի ՍՊԸ-ների հետ պայմանագրերը

Արարատի մարզպետարանն օրերս մի քանի հետաքրքիր պայմանագրեր է լուծարել երկու ընկերությունների հետ, թերևս այդքան մեծ ուշադրություն չդարձնեինք այդ պայմանագրերի լուծարմանը, եթե չլինեին այդ կազմակերպությունների ուշագրավ «արմատները»։



Այսպիսով «Մոնոլիտ Կապիտալ Շին» ընկերությունը և «Նորակ» ՍՊԸ-ն պայմանագրեր էին կնքել Արարատի մարզպետարանի հետ և ստանձնել Արտաշատ քաղաքի և որոշ համայնքների մանկապարտեզների, դպրոցների, թատրոնի վերանորոգման աշխատանքները։ Հընթացս, տեղեկացնենք, որ ընկերություններից մեկը՝ «Մոնոլիտ Կապիտալ Շինը», գրանցված է Ամիրյան 4/7 հասցեում, որը նախկին վարչապետ, ամենայն արարատյան բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանի «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնն է, իսկ «Նորակ» ընկերությունը գրանցված է Հովիկ Աբրահամյանի «հայրենի» Մխչյան գյուղում։ Մեր տեղեկություններով՝ երկու ՍՊԸ-ներն էլ նախկին վարչապետի հետ առնչություն ունեն, եւ պայմանագրերը խզելով՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը փորձում է կրճատել  Հովիկ Աբրահամյանի գործոնը մարզում՝ նախ թեթև հարվածներ հասցնելով նրա բիզնեսին։ Ի դեպ, երբ հին ու բարի ժամանակներում, Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր, ըստ որոշ հրապարակումների՝ ցանկություն է ունեցել Արարատում մարզպետ նշանակել իր մեծ եղբայր Հենրիկ Աբրահամյանի որդուն՝ ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանին։ Թեպետ Աբրահամյան-Գրիգորյան հակասություններն ավելի խոր արմատներն ունեն, մամուլը բազմիցս է անդրադարձել նրանց այսպես ասած պայքարին, թե ով կստանձնի Արարատի մարզի ղեկը։ Այժմ էլ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Աբրահամյան-Գրիգորյան հակասությունը նոր երանգներ է ստանում:



Ի դեպ, իրենց աշխատանքի մեջ ՍՊԸ-ները թերացել են, նրանք պետք է վերը նշված կառույցների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներն ավարտեին 2016-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամսիներին, սակայն «ծույլիկություն» են արել։ Ինչևէ, մարզպետարանը «մեծահոգաբար» նոր ժամկետներ է առաջադրել՝ մինչ 2017 թվականի հուլիսի 31-ը, սակայն այս անգամ ևս ընկերությունները սահմանված ժամկետում չեն ավարտել իրենց աշխատանքները։



Այդ մասին վկայեցին նաև գյուղապետերը։ Օրինակ՝ Դալարիկ համայնքում ընկերություններից մեկը պետք է վերանորոգեր մանկապարտեզը․ «Վերանորոգումը դեռ չի ավարտվել»․- մեզ հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Գագիկ Ալեքսանյանը, նա դեռևս տեղյակ չէր, որ այդ ընկերությունն այդպես էլ անավարտ է թողնելու աշխատանքը, ստիպված եղանք «գուժել», ինչին ի պատասխան գյուղապետն արձագանքեց․ «Էլի մեջտեղը մենք տուժեցինք, երեխաները տուժեցին»։ Մենք հետաքրքրվեցինք, արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ընկերությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանին, գյուղապետն ասաց, որ տեղյակ չէ։ Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանն էլ տեղեկացրեց, որ վերանորոգման աշխատանքներն իրենց մոտ դեռ շարունակվում են. «Աշխատանքները շարունակվում են, բայց շատ դանդաղ»․- ասաց անտեղյակ գյուղապետը։