Դատական գործերի էլեկտրոնային մակագրումը՝ ձախողված

Դատական գործերի էլեկտրոնային մակագրումը՝ ձախողված

2014 թվականին դատարաններում ներդրված գործերի էլեկտրոնային մակագրումը պետք է նպաստեր դատավորների համաչափ զբաղվածությանը, գործերն այս կամ այն դատավորի վարույթ հանձնելիս բացառեր սուբյեկտիվ գործոնը, նվազեցներ կոռուպցիոն ռիսկերը, ի վերջո՝ դատական համակարգն ավելի անկախ դարձներ։ Բայց այն, ինչպես պարզվում է, մինչ օրս թերի է գործում կամ ընդհանրապես չի գործում։ 



Այս հետեւությանն ենք գալիս՝ ծանոթանալով ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Գեւորգ Պետրոսյանի՝ օգոստոսին առաջարկած օրենսդրական փոփոխությանը։ «Դատական օրենսգրքի մի քանի կարգավորումների համակցված կիրառման արդյունքում դատարանի նախագահն օգտվում է 75, 95 կամ 90 տոկոս արտոնությունից, եւ նրան հանձնվում են ընդամենը 25, 5 կամ 10 տոկոս գործեր»,- իր ՖԲ էջում գրում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ, առանց դատավորների անուններ նշելու, թվեր է ներկայացնում․ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատարանի նախագահն իր վարույթում ունի 35 գործ, իսկ նույն դատարանի մեկ այլ դատավորի հանձնվում է 1069 գործ կամ քաղաքացիական գործեր քննող դատավորին հանձնվում է 1029, իսկ քրեական գործեր քննող դատավորին՝ 85 գործ։ Փաստորեն, հանրության եւ եվրոպացիների աչքին թոզ փչելու համար հայտարարվում էր, որ բոլոր դատարաններում գործերը մակագրվում են էլեկտրոնային եղանակով, պատահական սկզբունքով, որ դատավորները հավասար չափով գործեր են ունենալու։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը պնդում էր, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է անխափան։ «Կա բանաձեւ, մեքենան ըստ այդ բանաձեւի հաշվում է եւ հավասար բաժանում գործերը։ Մարդկային գործոնն այս համակարգում հասցվել է զրոյի։ Յուրաքանչյուր օր, երեկոյան ժամը 20։00-ին ծրագիրը մակագրում է գործերը, եւ առավոտյան գրասենյակը բաժանում է այն դատավորներին, որոնց ծրագիրը դրանք բաշխել է։ Որեւէ դատավոր չի կարող միջամտել գործերի բաշխմանը, որովհետեւ Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսել յուրաքանչյուր անձի համար, որը կփորձի միջամտել էլեկտրոնային ծրագրի աշխատանքներին»։ Բայց բացառությունների մասին ոչինչ չէր ասվում։ Իսկ բացառությունն արվում էր դատարանների նախագահների, Արդարադատության խորհրդի կամ դատավորների ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամ-դատավորների համար։ Նրանք յուրաքանչյուր ամիս պետք է մինչեւ 25 տոկոսով պակաս գործեր ունենային տվյալ դատարանի նույն մասնագիտացումն ունեցող «դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից»: Բացի այդ, դատավորներին կարող էին ժամանակավորապես իրենց խնդրանքով դուրս հանել բաշխման կարգից։ Բարդ ու խճճված հաշվարկներն ու բազմաթիվ բացառությունները մանիպուլյացիաների մեծ հնարավորություն են տալիս։



Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի հանձնման տոկոսաչափեր, ինչի արդյունքում որոշ դատավորներ արտոնյալ կարգավիճակում էին հայտնվում, իսկ մյուսները գերծանրաբեռնվում էին։ Պատահական չէ, որ դատական գործերի մասնակիցներից հաճախ ենք բողոքներ լսում, որ նիստերն ուշ են նշանակվում, դատավորները ձգձգումներով են աշխատում, որոշ գործերով մեկ կամ նույնիսկ երկու ամիսը մեկ էին նիստ նշանակում։ Իրավիճակը շտկելու համար առաջարկվում է դատարանների նախագահների, Արդարադատության խորհրդի եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի եւ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորների համար նախատեսված մինչեւ 25 տոկոս արտոնությունը հասցնել 5-ի։ «Այս փոփոխության արդյունքում բոլոր դատարանների նախագահներին կհանձնվեն 5 տոկոս պակաս քանակի գործեր նույն դատարանի այլ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների համեմատ, իսկ Դատարանների նախագահների խորհուրդն այլեւս չի սահմանի գործերի հանձնման տոկոսաչափեր»,- գրում է Արփինե Հովհաննիսյանը։



Ստացվում է, որ էլեկտրոնային մակագրման համակարգը, որը տարիներ շարունակ ներդնում էին, այդպես էլ չգործե՞ց։ Մեր այս հարցին արդարադատության նախկին նախարարը պատասխանեց․ «Էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, սակայն դեռ զարգացման կարիք ունի։ Ոչ բոլոր գործերն են մուտք արվում, օրինակ՝ նախաքննության նկատմամբ վերահսկողության գործերը, դատական հանձնարարությունները դուրս են մնում համակարգից, եւ այդ իսկ պատճառով ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ են առաջանում։ Համակարգը ծրագրային ապահովման հետ կապված խնդիրներ ունի, հաշվի առնելով դատարանների նախագահների արտոնությունները, այլ հնարավորությունները, ըստ էության, համակարգը չի կարողանում հավասարաչափ բաշխում ապահովել»։ Դատական գործերի էլեկտրոնային մակագրմանը պետք է հաջորդեր դատավորների գնահատման էլեկտրոնային համակարգը, որի մշակումն սկսվել էր Արփինե Հովհաննիսյանի նախարարության օրոք։ Նա վստահեցնում է, որ այդ գործը կիսատ չի մնացել, «արվում է»։
ՀԳ․ Էլեկտրոնային մակագրման համակարգի ներդրումը բխում էր «Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիեւյան հանձնարարականների» պահանջներից։ Այն ներդնելու համար միջոցներ ծախսեցին, մարդկային ռեսուրս օգտագործեցին, գոռացին-աղմկեցին, մի քանի տարի PR-վեցին, հետո պարզվեց՝ փուչ էր, ինչը, պաշտոնյաների լեզվով՝ «կատարելագործման կարիք ունի»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ