Ո՞ւմ պահանջով է կառավարությունը թույլ տվել փոփոխությունների ենթարկել Դերասանների շենքը

Ո՞ւմ պահանջով է կառավարությունը թույլ տվել փոփոխությունների ենթարկել Դերասանների շենքը

Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գտնվող տուֆե չորս հարկանին, որը երևանցիներին հայտնի է որպես Դերասանների շենք, Երևանի պատմական միջավայրի մի մասն է և հանրապետական նշանակության հուշարձան է համարվում: Այստեղ ապրել են Ավետ Ավետյանը, Սիրանուշը, Դավիթ Մալյանը: Այն հինավուրց, բարդ շարվածք ունի, կլորավուն կառուցվածք և ենթակա չէր փոփոխությունների: Այս շենքը որոշել են վերափոխել, և համապատասխան որոշումը ներառել են կառավարության օրակարգի չզեկուցվող մասում: Ըստ դրա, շենքի բնակիչներին թույլ են տվել, որ իրենց հաշվին բնակելի ներքին տարածքները փոփոխության ենթարկեն և միջհարկային ծածկերը  ձևափոխեն: 



Դերասանների շենքը կառուցվել է 1941 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով: Նա մայրաքաղաքի բազմաթիվ գեղեցիկ շենքերի հեղինակն է, այդ թվում Բաղրամյան 26-ի ու Մատենադարանի, «Արմենիա» հյուրանոցի, Միությունների շենքի, նաև Քանաքեռ ՀԷԿ-ն է նախագծել: Այսօր էլ Մաշտոցի 48-ում դերասաններ են ապրում, կամ նրանց թոռներն ու երեխաները: Որոշման հիմնավորումներում գրված է, որ որոշ բնակարանների փայտե միջհարկային ծածկերը ժամանակին փոխարինվել են կամ ուժեղացվել են երկաթբետոնի ծածկերով, բայց կան բնակարաններ, որոնց ծածկերը փայտից են, դրանք ժամանակի ընթացքում դեֆորմացվել են և վատ վիճակում են: Այժմ բնակիչներին թույլ է տրվել փոխել բաղդատե հատակ-առաստաղներն ու ներքին տարածքները: Կատարման պատասխանատուները մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն են: Բայց թե ում պահանջով է կառավարությունն ընդունել այս որոշումը, հայտնի չէ: Բնակիչները վստահեցնում են, որ իրենց համար էլ է այս որոշումն անհասկանալի: «Մոսկովյան-8» համատիրության նախագահ Ռոզա Մաթևոսյանը, որը շենքի հին բնակիչներից է, ասում է, որ ապրողներն այնքան հարուստ չեն, որ կարողանան իրենց միջոցներով փոխել բաղդատե ծածկերը: «Շատ քչերն են բետոն քաշել, ամբողջ շենքը բաղդատ է, մեկը ես, ես փող ունեմ, որ սարքե՞մ։ Դերասանների երեխեքը ցրվել են աշխարհով մեկ: Ամենալավ բնակարաններից մեկը Ավետ Մարկիչինն է, հիմա դուստրն է միայն այստեղ՝ Ռուզաննան, բայց նա էլ նույն վիճակում է», - ասում է նա: Եթե կառավարությունն ու մշակույթի նախարարությունը իրոք մտահոգ են պատմամշակութային այս հուշարձանով, ապա ինչու են այն «փրկում» բնակչի հաշվի՞ն: Ակնհայտ է, որ փոփոխության թույլտվությունը բնակիչներից մեկի մասնավոր պահանջն է, որը այնքան զորեղ է, որ կարողացել է կառավարությունից որոշում ստանալ: Որոշումն այս կառավարություն է մտցրել քաղաքապետարանը: Առարկությունների մասում էլ գրել է, որ չի առարկում: Այսինքն, Տարոն Մարգարյանն վերաբերյալ առարկություն  չունի: 



Մաշտոցի 48 շենքի տակ գտնվում է Ամերիա բանկը, որը, պատկանում է Ռուբեն Վարդանյանին: Նա այս շենքի բնակտարածքների սեփականատերերից ամենահարուստն ու ազդեցիկն է և չի բացառվում, որ հենց նա լինի փոփոխությունների պատվիրատուն: Ռուբեն Վարդանյանից սա հեռու չէ: Նա արդեն բազմաթիվ տներ ու բնակարաններ է գնել Դիլիջան քաղաքում: Իսկ Երևանում՝ Վազգեն Սարգսյան, Իտալիայի և Դեղատան փողոցների հատման կետում, հին շենքում ահռելի բիզնես կենտրոն է կառուցում «Կամար» անունով: Շենքի հին ֆասադը պահպանվել է, բայց ֆասադից այն կողմ բազմաթիվ հարկեր են ավելացվում, որի արդյունքում այլանդակ մի հիբրիդ է ստացվելու: Ում պահանջով է փոփոխվելու Դերասանների շենքը, քաղաքապետարանում տեղյակ չեն: Հնարավո՞ր է, որ հետագայում հարկեր ավելացվեն շենքի վերևից: Քաղաքապետարանից պատասխանում են. «Ոչ, քանի որ որոշման մեջ արտաքին ձևավորումը փոփոխության ենթարկելու մասին ոչինչ չկա: Կրող պատերին ևս չեն կարող ձեռք տալ: Իսկ եթե որոշել են բաղդատե ծածկերը փոփոխել, դա միանշանակ ողջունելի է», - ասում է Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղարը: Ի դեպ, այս շենքի բնակիչերը մի քանի տարի առաջ լուրջ պայքարի մեջ են եղել քաղաքապետարանի դեմ: Քաղաքապետարանը բնակիչներից գաղտնի վաճառել էր «Մոսկովյան-8» համատիրության գրասենյակի տարածքը, որը նրանք դատական թեժ մարտերից հետո կրկին նվաճեցին: Պրոսպեկտի այս մասում բնակելի տարածքների քմ -ի գինը սկսվում է 2000 դոլարից: 



Սյուզան Սիմոնյան