Հերթական ողբերգությունը «Հարավկովկասյան երկաթուղում»

Հերթական ողբերգությունը «Հարավկովկասյան երկաթուղում»

Մեր տեղեկություններով ընդամենը մեկ ժամ առաջ «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղում դժբախտ դեպք է պատահել: 50-անց աշխատակիցը բարձրությունից վայր է ընկել եւ տեղում մահացել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Վարդան Ալոյանից: Վերջինս նշեց, թե աշխատավայրից քիչ առաջ դուրս է եկել եւ անգամ տեղյակ չէ, թե ինչ է պատահել, տեղեկություն կտրամադրի մի փոքր ուշ, երբ պարզի եղելությունը: Մամուլի խոսնակն, այնուամենայնիվ մեզ զանգահարեց՝ հաստատելով տեղեկությունը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Այրումում, այժմ տարվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:



Մեր աղբյուրի փոխանցմամբ մահացածը Գառնիկ Շ.-ն էր, Վանաձորի բնակիչ , ով երկար տարիների երկաթուղու աշխատակից էր, ներկայումս աշխատում էր որպես էլեկտրոմանտյոր, նախկինում զբաղեցրել էր նաև պետի պաշտոն: Երկաթուղու աշխատակիցների պնդմամբ դժբախտ դեպքը տեղի չէր ունենա, եթե աշխատակիցը միայնակ չլիներ, նա մենակ է սպասարկում երկաթուղուն պատկանող ողջ Վանաձորը եւ հարակից տարածքները սնուցող էլեկտրալարերն ու էլեկտրասյուները: Այս ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» հրաժարվում է ոչ միայն նոր աշխատողների աշխատանքի վերցնել, այլ անցել է կրճատումների:



Հիշեցնենք, որ վերջին ամիսներին սա «Հարավկովկասյան երկաթուղում» գրանցված երկրորդ դժբախտ պատահարն է: Ամիսներ առաջ գրեթե նույն սցենարով մահացավ Մասիս քաղաքի աշխատակիցը: Ոստիկանությունում հարուցվեց քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց գործը կարճվել է: