Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու

Հիվանդին ուղարկել են բերդ՝ մահանալու

Քրեակատարողական վարչությունը «փայլուն պայմաններ» է ապահովում մարդկանց մահվան համար։ Հիվանդներին վերջին միջոցն է մնում՝ հացադուլ հայտարարել մահից առաջ՝ գոնե ուշադրություն հրավիրելու համար։ Երեկ այդ հուսահատ քայլին է դիմել «Նուբարաշենի» բերդում պահվող Լյուդվիգ Գրիգորի Հովհաննիսյանը։ Նրան օրեր առաջ ծանր վիճակում տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոց՝ բուժման նպատակով, բայց «բուժումից» հետո Հովհաննիսյանի վիճակն ավելի էր վատթարացել, եւ նրան կրկին հետ էին տարել «կլորներ», ինչպես անվանում են Նուբարաշենի բերդը։ Լյուդվիգ Հովհաննիսյանն անձի օրգանական խանգարում ունի, հոգեխախտ է եղել մոր մահից հետո։



Թոքում ջուր է հավաքված։ Երկու ամսում նա 50 կիլոգրամ քաշ է գցել։ «Արյուն է հետ տալիս, ամբողջ մարմինը դուրս է տվել, ՑեԲե-ում ավելի նիհարեց, առանց «կամիսիա» կանչելու, էլի տարան «Նուբարաշեն», մահամերձ վիճակում է։ Հացադուլի մեջ է, երկու-երեք օր որ մնա, կմեռնի»,- ահազանգում են Լյուդվիգ Գրիգորյանի դատապարտյալ ընկերները՝ հորդորելով, որ հանկարծ Գոռ Ղլեչյանին չզանգենք․ «Հեքիաթ է ասելու, լրիվ հակառակն է ձեզ ասում»։ Լյուդվիգի դատապարտյալ ընկերները խնդրում էին ընդամենը, որ տղային բուժեն, անեն այն, ինչ պարտավոր են օրենքով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ