Գառնու տաճարի մուտքի տոմսերը թանկանալո՞ւ են

Գառնու տաճարի մուտքի տոմսերը թանկանալո՞ւ են

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները բարկացած են։ Այստեղ ըմբոստություն է հասունանում։ Գառնեցիները պատմում են, որ մշակույթի նախարարությունը որոշել է թանկացնել տաճարի տարածք մուտք գործելու համար վաճառվող տոմսերը։ Նախկինում տարբերակված մոտեցում էր ցուցաբերվում տեղացիների եւ զբոսաշրջիկների հանդեպ: Վերջիններս Գառնու տաճարով զմայլվելու համար վճարում էին 1200 դրամ։ Հունիսի 1-ից տոմսը թանկացնելու են՝ բոլորի համար որպես միասնական գին սահմանելով 1000 դրամը։ Երեխաների համար կգործի զեղչ՝ 500 դրամով։ Նախկինում նրանք տաճարի տարածք էին մտնում՝ վճարելով 100 դրամ։ 



Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները հաստատեցին թանկացման մասին լուրերը։ «Մենք չենք թանկացնում, նախարարությունն է, մենք ի՞նչ գործ ունենք»,- ասացին նրանք՝ խնդրելով, որ իրենց անունները չհրապարակենք։ Գառնու բնակիչների հետ էլ զրուցեցինք։ «Մենք երբեք էլ փող չէինք տալիս մտնելիս ու հիմա էլ չենք տալու։ Թանկացնում են՝ թանկացնեն, եթե փորձեն փող վերցնել, սաղին կքշենք Գառնիից»,- ասաց մի կին։ Մշակույթի նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին թանկացման մասին լուրերը։ Մշակութային ժառանգության պահպանության վարչության պետ Արմենակ Սարգսյանը նախ ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում, ապա պահանջեց հարցը գրավոր ուղարկել, դրանից հետո էլ խոստացավ զանգել ու կորավ։ Նախարարության երկուշաբթի օրվա թռուցկաժողովին վերաբերող պաշտոնական նյութերից է երեւում, որ Գառնու վերաբերյալ ինչ-որ նոր նախագծեր են մտմտում։ Հրամայական կա արագացնելու դրանց իրականացման գործընթացը։ Չի բացառվում, որ թանկացումը նախագծի «մանրամասներից» է։ Բայց նախ պարզ չէ, թե ինչու է Գառնու մուտքը վճարովի, իսկ, ասենք, Գեղարդի համալիր մուտքը՝ անվճար։ Կամ՝ ինչո՞ւ պետք է Ազգային պատկերասրահի տոմսը նույն Գառնու արժեքն ունենա, այն դեպքում, երբ անհամեմատ մեծ աշխատակազմ ունի, ու ծավալուն աշխատանք է կատարվում։ Անունը կարող են դնել զբոսաշրջության խրախուսում, ասել, որ տուրիստները հիմա 200 դրամ քիչ կվճարեն եւ դրանից ավելի ոգեւորված կգնան Գառնի։



Կամ էլ հավասարության սկզբունքով են առաջնորդվել տեղացիների եւ հյուրերի նկատմամբ։ Փաստն այն է, որ տաճարի տարածքում ոչ մի նոր ծառայություն, ոչ մի աչքի ընկնող նորամուծություն չկա, որի համար արժե տոմս թանկացնել։ Մի գիդ վարձեին, որ տուրիստներին մի երկու տվյալ ներկայացներ, կամ գոնե մի քանի նոր ցուցատախտակ ավելացնեին տաճարի վերաբերյալ՝ պատմական տեղեկություններով, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով։ Ոչ մի նման բան։ Էլի նույն շուկան է մուտքի մոտ՝ թանկուկրակ «քյարթու» գաթաներով, նույն պահակները՝ տանջված, արեւահար դեմքերով, եւ լուսանկարվող տուրիստները՝ իրենք իրենց հույսին մնացած՝ ինչ հասկանան, չհասկանան։ Ի դեպ, իմանալով, որ Հայաստանում գիդ-էքսկուրսավար պահելու մշակույթ գոյություն չունի, նրանք նախօրոք են ծանոթանում մեր մշակութային հրաշալիքներին ու նոր գնում են տեղում տեսնելու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ