Խոհեր` Վրաստան ճանապարհվելուց առաջ

Խոհեր` Վրաստան ճանապարհվելուց առաջ

Ամառն սկսվեց, ամռան հետ էլ՝ զբոսաշրջության ամենաթեժ սեզոնը: Ոչ բիզնեսմեն հայաստանցիներիս համար Վրաստանն ամռանը բոլորովին այլ իմաստ է ստանում: Եթե ձմռանը Վրաստան ասելով մենք մանդարին ենք հասկանում, ապա ամռանն այդ երկիրը մեզ համար ծով է, շրջագայություն, մատչելի հանգիստ, ինչու ոչ` արեւմտյան առաջավոր նիստուկացի հետ ավելի մոտիկից շփվելու եւս մեկ առիթ:



Վրացիների համար Հայաստանը տարին 12 ամիս մեկ բանի հետ է միայն ասոցացվում` փողի: Ռուսական գազի տարանցում, ճանապարհ դեպի ծով, բեռնափոխադրումներ, տուրիզմ… Այս ամենը Վրաստանին փող է բերում, ուրիշ` ոչինչ: Այդ վաղուց էր, որ Հայաստանը վրացիների համար ասոցացվում էր նույնիսկ հավկիթի հետ: Հիմա նրանք սեփական հավկիթ էլ ունեն:



Մեզ` շարքային հանգստացողներիս համար Վրաստանն ասոցացվում է նաեւ մարդկային վերաբերմունքի, ներողամտության, պարզ կենցաղի հետ, որոնց կարիքը միշտ զգում ենք խնայած լումաներով հանգստանալու մեկնողներս: Աշխարհում ամեն ինչ վճարովի է, բայց այն, ինչ մենք` հայերս, համեստ վճարի դիմաց գտնում ենք Վրաստանում, չենք գտնի աշխարհի եւ ոչ մի երկրում: Սա մի համարեք անիմաստ գովք կամ պրոպագանդա: Դա իրոք այդպես է, իսկ եթե 5-աստղանի հյուրանոցների մատուցած խաբուսիկ ծառայություններն ավելի եք գնահատում, քան Քոբուլեթիում ապրող Օթարիի` միասին ձկնորսության գնալու կամ սեփական ձեռքերով պատրաստած ձուկը ճաշակելու առաջարկը, ապա նախընտրեք Անթալիան, Իսպանիան, Եգիպտոսը… Ուռեկիում կամ Քոբուլեթիում քեզ ուղտ չեն նստեցնի, ճիշտ է, բայց դրա փոխարեն հյուրանոցի տերը մեկ էլ ձայն կտա` «դառագոյ, պռաշու նա մինուտկու զայդի կամնե»: Կամ սառը ձմերուկ է կտրել, կամ բարեկամը Կախեթից գինի է ուղարկել, կամ կինն ազգային հետաքրքիր ճաշ է պատրաստել… Դե գնա ու Դուբայում այսպիսի բան գտիր:



Ամռան գալու հետ մեր տանը Վրաստանի թեման ակտուալ է դառնում: Արդեն կորցրել ենք հաշիվը, թե քանի անգամ ենք մեր արձակուրդի մի քանի օրն այնտեղ անցկացրել: Այս ամառ, սակայն, նույն անհամբերությամբ չեմ սպասում Վրաստան մեկնելուն: Վրաստանը փչանում է: Պատճառն իմ եւ Օթարիի մեջ չէ: Վրաստանը փչացնում են այդ երկրի իշխանությունները: Եվ սա նույնպես փաստ է:



Օրերս Թբիլիսիում կասկածելի հանգամանքներում ձերբակալել են մի ադրբեջանցի լրագրողի եւ հանձնել Բաքվի իշխանություններին: Ասում են` ընդդիմադիր լրագրող է, եւ լուրը հասել է միջազգային իրավապաշտպաններին: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի կառավարությանը` հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման մասին գործը եւ պարզել, թե արդյոք դրան ներգրավվա՞ծ են Վրաստանի ուժային գերատեսչությունները: Բնականաբար, դա տեղի է ունեցել Ադրբեջանի իշխանությունների «խնդրանքով», բայց Amnesty International-ի ուշադրությունն առաջին հերթին գրավել է Վրաստանի իշխանությունների դրսեւորած վարքը` ինչո՞ւ են ձերբակալել, ապա Ադրբեջանին հանձնել իր քաղաքական հայացքների համար հետապնդվող լրագրողին: Այսինքն, ի՞նչ է ստացվում` Վրաստանը հավասարվում է Բելառուսին, որ Բաքվին հանձնեց Արցախ մեկնած լրագրողին:



Մինչ այդ Վրաստանի իշխանությունները պետք է որ լսած լինեին, թե ինչպես են արձագանքում եվրոպական երկրները Թուրքիայի պահանջներին` վերադարձնել անցյալ ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցներին եւ կազմակերպիչներին, որոնք ապաստան են գտել այդ երկրներում: Նկատի ունենալով քաղաքական հետապնդման հանգամանքը, Գերմանիան, օրինակ, կտրուկ մերժում է Էրդողանի «խնդրանքը» եւ հասկացնում, որ Թուրքիան երբեք չի կարող իրեն ներքաշել նման խաղի մեջ: Զարգացման արեւմտյան ուղին բռնած Վրաստանը պարզապես իրավունք չուներ Իլհամ Ալիեւի դուդուկի տակ պարելու:



Ադրբեջան տարված լրագրողն ու նրա փաստաբանը չեն զլացել նշել, որ «առեւանգումը», ապա Ադրբեջանին հանձնումը կազմակերպել եւ իրականացրել են վրացական իրավապահ կառույցների աշխատակիցները, ինչը, սակայն, խիստ կասկածելի է, որովհետեւ Թբիլիսիում առեւանգիչների վրացերեն խոսելը դեռեւս բավարար պայման չէ կատարվածը վրացական իշխանություններին վերագրելու համար: Բայց եթե պարզվի, որ դա իրոք Վրաստանի իրավապահների ձեռքի գործը չէ, ապա բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, օրինակ՝ Վրաստանի մայրաքաղաքում կամ վրաց-ադրբեջանական սահմանին տիրող անիշխանության հետ կապված: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ Վրաստանում նույնկերպ չեն կարող վարվել ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ոչ միայն առանց Բաքվի թույլտվության են այցելում Արցախ, այլեւ ուղղակի թշնամական երկիր են համարում Ադրբեջանը:



ՀՀ ԱԳՆ-ին կամ Թբիլիսիում բազմած մեր ծանրամարտիկին պե՞տք է անհանգստացնի կատարվածը, թե՞ ոչ: Նրանք, ինչպես ասում են, խաղաղ են մեր լեռների պես եւ միտք էլ չունեն որեւէ կերպ արձագանքել Թբիլիսիում տեղի ունեցած խայտառակությանը: Երեւի սպասում են, որ հետո մի հայաստանցու տանեն Բաքու, որ ձայները գլուխները գցեն եւ եվրոպական ատյանները թնդացնեն: Իսկ գուցե մտածում են, որ այդ սադրանքը կնպաստի, որ ամռանը հայաստանցիները Վրաստան չգնա՞ն: Միամտություն: Հայերը նույնիսկ սեփական օրինակի վրա չեն սովորում, ուր մնաց` ուրիշի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ