Ինչո՞ւ ենք կարևորում դավաճանին

Ինչո՞ւ ենք կարևորում դավաճանին

2015թ. սեպտեմբերին Հայաստանից Ադրբեջան փախած եւ Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրած տխրահռչակ Վահան Մարտիրոսյանը, որը շուրջ երկու տարի զբաղվում է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պլատֆորմ» շինծու նախաձեռնությամբ, իրականում Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն է առաջ մղում: Չհասկանալ սա եւ նրա ամեն բլթոց քննարկման առարկա դարձնել Հայաստանում, նշանակում է նպաստել Վահան Մարտիրոսյանի ճղճիմ գոյության երկարաձգմանը, կարեւորել նրան Բաքվի իշխանությունների աչքում, որ մի գեղեցիկ օր, որպես անպետք իր, նրան չտան գազազած ամբոխի ձեռքը:



Հայկական թերթուկայք խառնվել են իրար, բա գիտե՞ք, Վահան Մարտիրոսյանը տեսաուղերձ է հղել հայաստանցիներին, թե Բաքվի «խաղաղության պլատֆորմն» իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախագիծն է, որի միջոցով «պաշտոնական Բաքուն հերթական անգամ փորձում է թոզ փչել համաշխարհային հանրության, հայերի եւ Ադրբեջանի ժողովրդի աչքերին՝ կոծկելով ագրեսորի եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ատելություն սերմանողի էությունը»:



Բայց Վահան Մարտիրոսյանն ո՞վ է, որ նրա տեսաուղերձն այդպես հուզում է մեր լրատվամիջոցներին ու վերլուծաբաններին: Շատ ներողություն, արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը լուրջ կապեր ունի այստեղ, որոնց միջոցով անընդհատ ստիպում է, որ իրեն չմոռանան Հայաստանում:
Անձամբ իմ կարծիքով` ճիշտն այդ ճիվաղին մտահան անելն է: Չի եղել, չկա ու չի լինելու: Լարիսա Ալավերդյանն ասում է` մեկ բան է ինձ հուզում` նրա որդու հետագա ճակատագիրը: Լիովին կիսում եմ տիկին Ալավերդյանի մտահոգությունը: Կա՞ ճանապարհ այդ երեխային Հայաստան բերելու` եկեք դրանով զբաղվենք, իսկ այն ամենը, ինչ կապված է Վահան Մարտիրոսյանի հետ, համարենք անցանկալի միջադեպ եւ դրանով փակենք այս հարցը:



Ադրբեջանում պետք է հասկանան, որ «Վահան Մարտիրոսյան» ծրագիրը տապալված է, ինչպես Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի հետ կապված իրենց բոլոր ծրագրերը: Քանի դեռ մենք այսպես կսեւեռվենք վահանմարտիրոսյանների համացանցային գրառումների ու տեսաուղերձների վրա, կշարունակենք մնալ ադրբեջանական քարոզչության ճիրաններում, կեղծիքի ազդեցության տակ:
Վահան Մարտիրոսյանի այս վերջին «տեսաուղերձը» հանկարծ հայտնվում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջում, եւ հարգարժան քաղաքագետը սկզբնաղբյուր է դառնում հայաստանյան քննարկումների: Ինչպե՞ս է դա տեղի ունենում, ինչո՞ւ: Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ինչ է, Վահան Մարտիրոսյանի պաշտոնական ներկայացուցի՞չն է Հայաստանում, իսկ գուցե կամո՞ւրջ մեր ու Վահանի միջեւ:



Իմ կողմից շատ հարգված մեկ այլ քաղաքագետ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, հաշվել եմ, 22 գրառում է նվիրել Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձին եւ հանգել այս թեմայով իմ լսած թերեւս ամենաարտառոց եզրակացությանը, թե Վահան Մարտիրոսյանը Լավրովի պլանն է առաջ տանում: Պարոն Սաֆարյան, կարո՞ղ եք ասել, թե ում է պետք Ձեր այդ ջանքը, բացի Վահան Մարտիրոսյանից: Մենք, փաստորեն, ամեն ինչ անում ենք, որ Վահանի գործերը Բաքվում լավ գնան, ու նրա գլխից մազ չպակասի:
«Առաջին լրատվական» կայքը մի հսկայական վերլուծություն է հրապարակել Վահան Մարտիրոսյանի «դարձի գալու» մասին: Խմբագիրը եկել է այն եզրակացության, որ Վահանը, «բացահայտելով Ադրբեջանի իշխանությունների քարոզչական հերթական կեղծիքը», իբր, փորձել է «լափի հարց» լուծել եւ թանկացնել իր արժեքը: Ստացվում է, որ «մեր» Վահանը Բաքվում կարգին դեմք է դառել, հարց լուծող տղա: Այս տեսաուղերձն Ադրբեջանում ծայր առած կլանային պայքարների արդյունք է… Յաաաա… Երեւի կլաններից մեկի պարագլուխն էլ Վահան Մարտիրոսյանն է` վրաներս խաբար չկա:
Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե չկապվեր ամենաեղկելի երեւույթի` դավաճանության հետ: Վահան Մարտիրոսյանի քայլի գնահատականը մենք վաղուց ենք տվել, եւ այն փոփոխության ենթակա չէ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ