Դատապարտյալը թուք է ներարկել, որ տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Դատապարտյալը թուք է ներարկել, որ տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքում անտանելի պայմաններ են կալանավորների համար։ Այն հիմնարկի ամենասարսափելի հատվածն է համարվում։ Դատապարտյալներն ամեն քայլի դիմում են, ընդհուպ ինքնավնասման, միայն թե իրենց այստեղից տեղափոխեն։ Մասնաշենքի պատասխանատուն հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հովանավորյալ, ըստ լուրերի, նրա ազգական Ռոման Հակոբյանն է։ Փետրվարին նա 4 օր խցում ծարավ էր պահել ցմահ դատապարտված Արսեն Գասպարյանին։ Սրան հետևեցին «ռազբորկաներ»  դատապարտյալի հետ, որին Հակոբյանը հայհոյել էր։ Վերջինս էլ պատասխանել էր, ինչի համար նրան անժամկետ նետեցին պատժախուց։ Ի նշան բողոքի նա կարեց բերանը։ Նամակները ՄԻՊ-ին և այլ պաշտոնյաներին դեր չխաղացին։ ՔԿՀ աշխատակցին էլ չպատժեցին կատարվածի համար։ Դատապարտյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, հավանաբար, խրախուսվում է։ Մյուս կողմից, դատապարտյալները չեն սիրում խիստ ղեկավարների, բայց խստությունը հայհոյելու ու սադրելու մեջ չպետք է դրսևորվի։



Մեկ այլ դեպք, որին մամուլում դեռ անդրադարձ չի եղել։ 1989 թվի ծնված Ասատուր Ասատրյանը պահվում է 613 խցում։ Նա իր ոտքի մեջ թուք է ներարկել՝ ինքնավնասման արտառոց ձև, որը անխուսափելիորեն բերում է բարդությունների։ Այս դեպքում տեղափոխումը հիվանդանոց պարտադիր է։ Եթե դատապարտյալներին երկար պահեն բորբոքված վերջույթներով, ապա չի բացառվում, որ անհրաժեշտ լինի անդամահատել դրանք։ Ի՞նչ վատ դաս անհնազանդների համար։ 



Երիտասարդի մայրը պնդում է, որ որդուն չեն բուժում, նա մնում է «Արմավիրի» 6-րդ մասնաշենքում, ուռած ոտքով։ «Ասատուր Ասատրյանը ինքն իրեն թուք ներարկելուց հետո տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Այնտեղ նա բուժումներ է ստացել, անտիբիոտիկներ, «սիստեմա» է ընդունելդեղորայքային բուժում է ստանում, ինտենսիվ։ Նա այս պահին բժիշկների հսկողության տակ է, դրական դի նամիկա կա։ Բայց եթե կարիք լինի, Ասատրյանին կտեղափոխեն հիվանդանոց», - պատասխանեց մեզ ՔԿՎ մամուլի  գծով պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Ասատուրի մայրը, սակայն պնդում է, որ որդուն ընդամենը մի երկու ժամով տարել են բուժմաս, կտրել-մաքրել են ոտքը ու էլի հետ են բերել խուց։ Նա համոզված է, որ Ռոման Հակոբյանը և Տիգրան Նավասարդյանը իր որդուն տառապանքների մեջ են թողնում, որ դաս տան, որ մյուս անգամ խելոք մնա։ Այս պահին ևս մեկ դատապարտյալ կա 6-րդ մասնաշենքում՝ Արմեն Մամիկոնյանը, որը թախանձագին խնդրում է, որ իրեն տեղափոխեն 4-րդ մասնաշենք։ Նա ևս կոնֆլիկտ ունի Ռոման Հակոբյանի հետ և ճնշումների է ենթարկվում։ Օրինակ, օրերս վերանորոգման նպատակով քանդել են նրա խցի զուգարանը, և 4 օր չեն վերանորոգել, անհարմարություններ պատճառելով Մամիկոնյանին։ Իսկ այն, ինչ դրսի կյանքում կենցաղային մանրուք է, փակ գոտիներում տևական դեպրեսիայի պատճառ է դառնում։ Հակոբյանը հաճախ բղավում է Արմեն Մամիկոնյանի վրա, կամ լարում է նրա դեմ այլ դատապարտյալների՝ կամակատարների, որոնք հաճույքով կատարում են «շեֆի» հրահանգները, աշխատում է վիրավորել նրա ինքնասիրությունը, որ հունից հանել և կամ պատժախուց տանել, կամ էլ, ավելի վատ՝ քրեական գործ հարուցելու առիթ ստեղծել։ Արմեն Մամիկոնյանը համոզված է, որ Ռոման Հակոբյանն իրեն ճնշում է, քանի որ ժամանակին իրեն առաջարկվել է հեռախոսներ վաճառել,  բայց ինքը հրաժարվել է։ Հեռախոսների բիզնեսը կալանավայրում բավականին եկամտաբեր է։ Պարբերաբար բերդի ղեկավարությունը <<շմոն>> է անում, հավաքում է հեռախոսները դատապարտյալներից, հետո ՔԿՀ աշխատողները վաճառում են դրանք նույն դատապարտյալների վրա։ Ընդամենը պետք է ուշադիր լինել, որ նույն հեռախոսը միևնույն մարդու մոտ չհայտնվի։ Սրա վերաբերյալ դատապարտյալների և բերդի նախկին աշխատակիցների բազմաթիվ վկայություններ կան։  Մենք չենք պնդում, որ դատապարտյալը վերջին ատյանի ճշմարտություն է հայտնում։ Օրինակ, <<Արմավիր>> քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքում հեռախոսով խոսելը ստացվում է, իսկ 6-ում հզոր խլացուցիչներ են տեղադրված։ Ահա ինչու դատապարտյալները «սիրում» են 4-րդ կոռպուսը։ 



Նշենք, որ  տեղեկությունները և լուսանկարները ստացել ենք դատապարտյալների հարազատներից։



 Սյուզան Սիմոնյան