Ի՞նչն են վաճառում` «Հայֆիլմի» տարա՞ծքը, պատմությո՞ւնը, թե՞ անունը

Ի՞նչն են վաճառում` «Հայֆիլմի» տարա՞ծքը, պատմությո՞ւնը, թե՞ անունը

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատել էր 2017-2020 թթ․ մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Դրանց թվում են՝ Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը եւ այլ կառույցներ: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ․ դրամ: Որոշ կարծիքների համաձայն, ակնկալվող գումարը չի լուծում անգամ բյուջեի դեֆիցիտի 1/3-ը:



ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, ի պատասխան մեր գրավոր հարցմանը, թե ինչ ձեւով պետք է կատարվի սեփականաշնորհման գործընթացը, պետությունն այդ քայլով ինչ նպատակ է հետապնդում, եւ ակնկալվող գումարով որքանով հնարավոր կլինի լուծել բյուջեում առկա խնդիրները, պատասխանել է. ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում եւ ուժի մեջ մտնելուց հետո Պետական գույքի կառավարման վարչության կողմից կիրականացվեն նշված ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ (գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի կազմում, շուկայական գնահատման աշխատանքների իրականացում, ՀՀ կառավարության որոշման նախագծի նախապատրաստում), ՀՀ կառավարության կողմից կընդունվեն համապատասխան որոշումներ, որն էլ կհամարվի վաճառքի մեկնարկը, մասնավորեցումը կիրականացվի հիմնականում հրապարակային սակարկությամբ (աճուրդ, մրցույթ)՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում»:



Ինչպես պարզաբանել են վարչությունից, մասնավորեցման ձեւի ընտրությունը պայմանավորված է ներդրումներ ներգրավելու եւ ՀՀ պետական բյուջեի մուտքերն ավելացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորեցվող ընկերությունների գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքային բյուջե: Համաձայն պետական գույքի կառավարման վարչության, մասնավորեցման նոր ծրագրում ընդգրկվել են այնպիսի ընկերություններ, որոնց մասնավորեցումը թույլ կտա ավելացնել պետական եւ համայնքային բյուջեների ֆինանսական հոսքերը։ Ինչ վերաբերում է այդ կառույցների պահպանման խնդիրներին, ապա, ելնելով նշված ընկերությունների առանձնահատկություններից, սահմանվելու են համապատասխան պարտավորություններ՝ ներդրումների ծավալի, ընկերությունների պրոֆիլների պահպանման, սոցիալական երաշխիքների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:



«Հայֆիլմը» սեփականաշնորհման ցանկում վաղուց կար



Հիշեցնենք, որ դեռ 2 տարի առաջ կառավարությունը մասնավորից հետ վերցրեց «Հայֆիլմ» կինոստուդիան, քանի որ սեփականատերեր Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը 10 տարիների ընթացքում չէին կատարել խոստացված ներդրումները, չէին կառուցել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չէր վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով չէին թվայնացվել հայկական ֆիլմերը։



Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նկատում է, որ «Հայֆիլմը» սեփականաշնորհման այս ցանկում վաղուց կար. «Դա մասնավորեցվելու է՝ պահպանելով իր առաքելությունը։ Եթե պետք է ծառայի կինոյին, ու մասնավորեցվելուց հետո ներդրումներ արվեն, որպեսզի կինոն լավանա, իհարկե, դա լավ է։ Եթե մասնավորեցվի այնպես, ինչպես առաջ էր արվել՝ խոստանան ու չանեն, իհարկե, վատ է։ Բայց չեմ կարծում, որ այս անգամ էլ նույնկերպ կլինի, որովհետեւ անցած անգամ մեծ հույսեր ունեինք, մասնավոր ներդրումներ պետք է արվեին, որը չարվեց, ու մենք այսպիսի վիճակի մեջ հայտնվեցինք։ Այստեղ շատ մեծ ներդրումների կարիք կա, պետք է ներդրումներ արվեն, մասնավորեցվի, բայց պայման դրվի, որ դա ծառայի կինոյին»։ 



Թե ինչ երաշխիքներ կարելի է ունենալ այս դեպքում, որ նոր սեփականատերը կցանկանա ներդրումներ անել հենց կինոյի ոլորտում, եւ «Հայֆիլմը» չվերածվի այլ բանի, Գեւորգյանը երաշխիքների մասին չի կարող ոչինչ ասել. «Այն ժամանակ պայմանագրով երաշխիքները կային, բայց չարվեց, կարծում եմ՝ դա դաս էր, որ այս անգամ նման բան էլ չլինի, եւ այս անգամ պետք է պայմաններն ավելի խիստ լինեն, որ նման երեւույթ չկրկնվի, եւ այս անգամ, մասնավորեցնելուց հետո, իսկապես լինեն ներդրումներ, որը կինոյի համար իսկապես բարենպաստ պայմաններ կստեղծի»։ Եթե պետությունը չունի ռեսուրսներ, չի՞ կարելի տալ կառավարման, եւ մասնաբաժինը մնա պետությանը։ «Եթե ռեալ ներդրող լինի, այդ պայմաններն անպայման կդրվեն, հատկապես առաջին փորձից հետո պետությունն էլ չի սխալվի եւ կունենա որոշակի լծակներ ճիշտ մասնավորեցնելու»,- ասաց Գեւորգյանն ու հավելեց, որ «Հայֆիլմում», որտեղ վերջերս տեղափոխվել է նաեւ Կինոկենտրոնը, շատ անմխիթար վիճակ է, նախորդ սեփականատերը միայն մի քանի աշխատասենյակ է կարգի բերել, ընդամենը։



Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը կարծում է, որ փոքր երկրներում հանքերի, ստրատեգիկ եւ մշակութային նշանակության կարեւոր օջախների տերը պետք է լինի պետությունը, հատկապես՝ եթե խոսում ենք ժողովրդավարական երկրի մասին. «Կամ եթե «Հայֆիլմը» մեկի սեփականությունն է դարձել, ապա այն շահագործելուց շահը պիտի այնպես կիսվի, որ ի օգուտ պետությանը լինի, այսինքն՝ ժողովրդին: Նյութական շահ թող ունենան, բայց անունը մնում է՝ ժողովրդին ու պետությանը։ Եթե սեփականատերը սեփականաշնորհում է «Հայֆիլմը», ապա պետությունը պետք է վերահսկողության տակ պահի, որ սեփականատերն իր պարտավորություններն ու խոստումները ժամանակին ի կատար ածի։ Կան ազգային արժեքներ, որոնց փնթիներն իրավունք չունեն ոնց ուզենան՝ վերաբերվեն։ Սա բարդակ չէ, որտեղ անհասկանալի է, թե ինչ է կատարվում՝ ում են վաճառում, ոնց։ Մի անգամ արդեն թե պետությունը, թե սեփականատերը սուտ են դուրս եկել, սեփականատերը չի կատարել իր պարտավորվածությունները, եւ պետությունն էլ չի հետեւել, որ սեփականատերը կատարի իր պարտավորվածությունները։ Այսինքն՝ մի անգամ արդեն արել են նույն բանը, հիմա ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն բանը չի կրկնվի։ «Հայֆիլմն» ազգային մշակույթի պատմություն է, որն այսօր չկա, այսինքն՝ «Հայֆիլմ» գոյություն չունի, մնացել են անունն ու պատմությունը։ Հիմա ի՞նչն են վաճառում՝ տարա՞ծքը, պատմությո՞ւնը, թե՞ անունը։ Անհասկանալի է, սեփականատերն ինչի՞ սեփականատերն է դառնալու։ Մի բան, որ պատկանում է ժողովրդին, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը լիակատար սեփականատեր դառնալ»։



Ինչ վերաբերում է հարցին, թե «Հայֆիլմը» պահպանելու համար պետությունն ինչքան մասնաբաժին պետք է ունենա, Վարդանյանն ասաց. «Նյութականը դնենք մի կողմ, պետությունը մասնաբաժին կունենա, թե ոչ, դրանք տեխնիկական հարցեր են, որոնք հեշտ լուծելի են, բայց արժեքային համակարգի գնահատողը եւ պարտադրողը պետք է պետությունը լինի, որ «Հայֆիլմը» վերականգնվի, եւ նրա «ունքից մազ» չպակասի։ Պետությունը (նկատի ունեմ ժողովրդի վասալներին, որոնց վարձում ենք, որոնք նստած են կառավարման ղեկին), նրանք պետք է շատ նուրբ գործեն եւ ժողովրդի, ազգի, մեր պատմության եւ աշխարհագրության հետ չխաղան, ինչպես որ հիմա են անում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ