Ադրբեջա՞ն, թե՞ Սիրիա-2

Ադրբեջա՞ն, թե՞ Սիրիա-2

Մարդիկ, ովքեր մտածում են, թե մեր ռեգիոնում տեւական խաղաղություն կարող է հաստատվել ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելով եւ Արցախի համար ժամանակավոր կարգավիճակ սահմանելով, չարաչար սխալվում են: Այդ մարդիկ պարզապես անտեսում են մեր` հայերիս ու Հայաստանի գոյությունը: Կայուն խաղաղության համար պետք է, որ հակամարտության կողմերը բավարարված լինեն, իսկ ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու դեպքում, ակնհայտ է, կողմերից մեկը` Հայաստանը, այդ գործարքից դուրս է գալիս պարտված, հետեւաբար՝ չբավարարված: Իսկ ո՞վ ասաց, որ այդ դեպքում Հայաստանը չի շարունակի պայքարը եւ կմոռանա Արցախը: Այսօր դեռ փորձում են զսպել Ադրբեջանին, իսկ վաղն ստիպված կլինեն զսպել Հայաստանին: Ո՞ւր մնաց այդ դեպքում կայուն խաղաղությունը, որի մասին այդքան խոսում են:



ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Արցախի ներկա ստատուս-քվոյի պահպանումը եւ ապա այդ ստատուս-քվոյի դե յուրե ճանաչումն աշխարհի կողմից միակ ճանապարհն է Հարավային Կովկասի Հայաստան-Ադրբեջան շփման գծում կայուն խաղաղություն հաստատելու համար:



Համանախագահները շատ լավ են հասկանում, որ եթե Արցախի հարցը գերխնդիր է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի համար Արցախի, այսպես կոչված՝ վերադարձը զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, ինչպես նաեւ զենքի առեւտրով հսկայական քանակությամբ փող լվանալու եւ իշխանական կլանի գերհարստացման միջոց է: Համանախագահներն այսօր, սակայն, այլ բան չունեն ասելու, քան կողմերին իրավիճակը չլարելու կոչեր անելն է: Դա մյուս կողմից էլ նշանակում է, որ տակավին չի հասել ժամը խնդիրը` բուն խնդիրը, հանգուցալուծելու: Բուն խնդիրն Արցախը չէ: Արցախի հարցը լուծվել է 1994 թվականին: Սա բոլորը գիտեն: Տակավին լուծված չէ Ադրբեջանի հարցը` որպես նավթ ու գազ արտահանող երկրի: Արցախի խնդրի շուրջ այս ողջ վազվզոցով, Ռուսաստանն ու Արեւմուտքը նպատակ են հետապնդում տարածաշրջանում ապահովել իրենց ներկայությունը, մինչեւ հասնի Ադրբեջանով զբաղվելու պահը: Իսկ Ադրբեջանով զբաղվելու պահը հեռու չէ այլեւս, եւ դա նշանակում է, որ Ալիեւին քիչ է մնացել իշխելու: Վերարտադրվելու լծակները նրա ձեռքից աստիճանաբար վերցվում են:



Վաղուց Ադրբեջան չեն այցելում արեւմտյան լիդերները, չկա Բաքու-Ջեյհանի շուրջ նախկին ոգեւորությունը, Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգիծը վերածվում է դարի կիսակառույցի, քար լռություն է «Թուրքական հոսք»-ի շուրջ, փոխարենն ակտիվացել են Ռուսաստան-ԵՄ քննարկումները «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ, որը Եվրոպան դիտում է որպես փրկության դուռ, եթե ԱՄՆ-ն վերջնականապես ձախողի մերձավորարեւելյան իր «առաքելությունը» եւ չկարողանա կրկին վերահսկողության տակ վերցնել ածխաջրածնային հոսքերը: Իսկ դա ԱՄՆ-ին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի, որովհետեւ այս մեծ խաղին է ներգրավվում Չինաստանը` ԱՄՆ-ին զրկելով իր հիմնական զենքից` նավթի եւ գազի շուկայում դոլարի կեղեքիչ մենաշնորհից: Այսօր Բաշար Ասադը Վաշինգտոնում ամենահարգված ու սպասված հյուրը կլիներ, եթե իր երկրի հարստությունները չվաճառեր եվրոյով, ԱՄՆ-ն Իրանի համար ամեն ինչ կաներ, եթե Իրանը չփորձեր տնտեսական շրջափակումը ճեղքել` իր նավթը Չինաստանին այդ երկրի արժույթով վաճառելով, ԱՄՆ-ն պատրաստ է անգամ ներդրումներ կատարել ռուսական տնտեսության մեջ, եթե Ռուսաստանը գազ ու նավթ արտահանի ոչ թե եվրոյով եւ չինական յուանով, այլ դոլարով: Այս առնչությամբ հետաքրքիր դիտարկում է կատարել ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի հոդվածագիր Վաչե Բրուտյանը: Նա սկուտեղի վրա է մատուցել Քուվեյթի հետ կապված խնդիրը, իր խոսքով`քարոզչությունը զատելով հարցի էությունից: «Խնդիրը կու գայ բնական գազին, որուն հսկայական շտեմարաններուն վրայ նստեր են թէ՛ Իրանը եւ թէ Քաթարը: Իրանը վերջին քանի մը տարիներուն սկսեր է չինական դրամանիշով վաճառելու իր հեղուկ գազը (բնականաբար Չինաստանին): Նիճերիան եւս, վերջին քանի մը տարիներուն, 2 տոկոսէն 7ի բարձրացուց չինական եուանով իր քարիւղի վաճառքը: Ռուսիան արդէն իր վառելանիւթի վաճառքին մէկ մասը չինական դրամանիշով սկսած է կատարելու, դարձեա՛լ վերջին քանի մը տարիներուն: Իսկ երբ փաստօրէն ձախողեցաւ մինչեւ Սուրիա երկարելիք բնական գազի խողովակի քաթարեան ծրագիրը, Տոհայի իշխանութիւնները իրենց աչքը սեւեռեցին արեւելեան Ասիա: Այսինքն, հիմնականին մէջ՝ Չինաստան: Այսինքն, չինական դրամանիշով վառելանիւթի միջազգային առեւտուրի տոկոսային համեմատութիւնը կրնայ մեծ ոստում արձանագրել, ու այդ ձեւով ալ՝ վտանգել «քարիւղի դիմաց միայն տոլար»ի մենաշնորհը: Քարիւղի միջազգային առեւտուրը միայն տոլարով կատարելու ամերիկեան պարտադրանքը կու գայ 1973-74էն, Քիսինճըրի օրերէն. բան մը, որ Մ. Նահանգներուն կու տայ անսահման քանակութեամբ տոլար տպելու եւ ծախսելու չգրուած իրաւունքը (իսկ ասոր ծա՞խսը… միայն տոլարը տպող տպարանի աշխատողներու ամսականներն են…)»: Եվ, ուրեմն, պարզ է դառնում, թե ինչու հանկարծ ահաբեկիչներին հովանավորող Սաուդյան Արաբիան ու Քաթարը հայտնվեցին հակադիր կողմերում, եւ բոլոր հանցագործները հանկարծ սկսեցին մեղադրել իրենցից մեկին` Քաթարին`ահաբեկչությունը հովանավորելու մեջ:



Ալիեւի համար էական չէ, թե ինչ արտարժույթով կվաճառի իր երկրի հարստությունները: Կարեւորը նրա պարագայում այն է, թե ով կհաղթի ադրբեջանական ածխաջրերի համար պայքարում: Գերտերություններն ամենեւին էլ մտադիր չեն Ալիեւի նման թագավորիկներին թողնել խնդիրն իրենց հայեցողությամբ եւ շահի համեմատ լուծելու իրավունքը: Դա կանեն իրենք ու, եթե հարկ լինի, ավելի դաժան քաղաքացիական պատերազմներով, քան Սիրիայի պատերազմն է: Չմոռանանք նաեւ, որ Ադրբեջանն է կանգնած դեպի թուրքմենական գազահորերը տանող ճանապարհին: Իսկ թուրքմենական գազի պաշարներն ուղղակի դրանց տիրանալու անդիմադրելի ցանկություն են առաջացնում աշխարհի մեծերի մեջ:



Ո՞ւմ համար պարզ չէ, որ Արցախի հարցն այս ողջ իրարանցման մեջ թերեւս ամենավերջին տեղերից մեկում է: Արցախի լեռներով չէ, որ ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը կներխուժեն Ադրբեջան, ինչպես արեցին Սիրիայում, Արցախը եւ Հայաստանը չեն այն ամենահարմար տարածքը, որով կարելի է գազ տանել Արեւմուտք` շրջանցելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի շահերը: Դա մեզ ներշնչել են Թուրքիան եւ Ադրբեջանը` բա դուք մեղք չե՞ք, համաձայնեք մեզ հետ, տվեք Արցախը, եւ մենք ձեզ կներառենք մեր ծրագրերի մեջ:



Շնորհակալ ենք: Դուք ձեր հեքիաթները պահեք ուժային կենտրոնների համար, իսկ մենք, թերեւս, արդեն պատրաստվենք Ադրբեջանի սահմանի մոտ փախստականների մարդասիրական ճամբարներ հիմնելու: Բա էլ ո՞ր օրվա հարեւաններն ենք, որ ամենանեղ պահին չօգնենք ադրբեջանցի ժողովրդին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ